2016թ. մարտի 13-ին՝ տեղական ժամանակով 18:45, Անկարայի կենտրոնում ահաբեկչական պայթյուն է որոտացել, որին, նախնական տվյալներով, զոհ էր գնացել 34 հոգի։
Թուրքիայի Առողջապահության նախարարության տարածած տվյալների համաձայն, զոհերի թիվը աճել է՝ հասնելով 37-ի։ Վիրավորվածներից 15-ի վիճակը ծանր է, 71 հոգի էլ ստանում է ընդհանուր բուժում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը։
Կատարված ահաբեկչությունը խստորեն դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Վերջին տարիներին տարածաշրջանի անկայունության հետևանքով Թուրքիան վերածվել է ահաբեկչության թիրախի։ Ահաբեկչական խմբավորումները և նրանց որպես գործիք ծառայեցնողները զինված ուժերի դեմ պայքարում անհաջողության մատնվելով՝ դիմում են ամենաանբարոյական, ամենաանխիղճ մեթոդներին՝ թիրախ առնելով մեր անմեղ քաղաքացիներին»։
Ահաբեկչության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ Դատապարտելով Անկարայում կատարվածը՝ Դավութօղլուն ասել է. «Առաջիկայում հետաքննությունը կավարտվի և հասարակությանը կտեղեկացվի դրա արդյունքների մասին։ Այդ ստոր հանցագործությունն ուղղված էր մեր խաղաղ բնակչության դեմ։ Խստորեն դատապարտում ենք մեր ժողովրդի դեմ իրականացված ահաբեկչությունը, ինչը չի կարող վախեցնել մեր ժողովրդին և չի շեղի կառավարությանը՝ ահաբեկչության դեմ պայքարի ուղուց»։
Կարդացեք նաև