Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ գետի դեմոգրաֆիական նշանակությունը

Մարտ 14,2016 13:00

Կամ՝ Ազատ գետի մոգական ուժը

Ինչպես հայտնի է, Ազատ գետը խողովակի մեջ առնելուն դեմ է Գառնիի, Գողթի ողջ բնակչությունը, որը շատ հաճախ արտահայտվում է ոչ բնապահպանական նկատառումներով: Եվ դա բնական է: Գետը մարդկանց սրտերում է, անչափ սեր կա դեպի գետը՝ բոլոր տարիքային խմբերում, կա գետը փրկելու պարտքի զգացում: Այս ամենը վեհ զգացողություններ են, որոնք ծնում են բնապահպանական գործողություններ:
Գետի նկատմամբ այդ նվիրական սերը գալիս է վաղ անցյալից: Մեր կյանքը լի է գետի հետ կապված պատմություններով: Գետի ամեն մի հատված անվանում ունի՝ մի մասը տեղանվանումներ են, մյուս մասը՝ մինչ օրս պատմություն դարձած անուններ (թագավորի աղջկա քարանձավ, Արտուշի անցուղի եւ այլն):

Բնակչության համար նույնքան հարազատ է թե՛ ակունքն ի վեր 20 կմ հատվածը, եւ թե՛ 15 կմ-անոց հատվածը: Գետն անմիջական մասնակցություն ունի գառնեցու նկարագրի ձեւավորմանը: Այն տալիս է մարդկանց հպարտության զգացում, օժտում է դիմադրողականությամբ, քաջությամբ, տալիս է սեր բնության հանդեպ, ձեւավորում է աշխարհընկալում: Նույնիսկ տարբերություն կա գետին ավելի մոտ եւ ավելի հեռու բնակվողների վարքագծում:

1604 թվականին միայն գառնեցիները դիմադրեցին պարսից Շահ Աբասի տեղահանող զորքին, գերադասեցին մեռնել հայրենի հողում, քան ապրել այլ երկրում:
1917թ. գառնեցիների զինված ջոկատներն էին զսպում թուրքական եւ քրդական հրոսակախմբերին: Քաջակորով խմբապետեր Մարտիրոսի, Խնկոյի, Մակեդոնի, քաչալ Ղազարի գլխավորությամբ գառնեցի զինվորները կռվում էին Վանում, Էրզրումում, Սարդարապատում եւ այլուր: Գարեգին Նժդեհն իր կռիվներում միակ եւ միանգամյա օգնություն ստացել է նրանցից: 1921թ. փետրվարի 18-ին գառնեցիների վճռորոշ մասնակցությամբ բոլշեւիկներից վերագրավվեց քաղաքամայր Երեւանը, ազատվեցին ողջ մնացած քաղբանտարկյալները:

Հեթանոսական տաճարը, գետը, հեքիաթային բնությունը մեծ խորհուրդ ունեն, առանց որի գառնեցին չի կարող գառնեցի լինել:

Արդեն մեզանից խլվել է հեթանոսական տաճարը, մուտքին ճաղավանդակներ են տեղադրվել, եւ մարդիկ չեն կարող առաջվա պես ուզած պահին այցելել: Մուտքը վճարովի է, իհարկե՝ ոչ գառնեցու համար, բայց, այնուամենայնիվ, օտարացում է գնում տաճարի եւ բնակչության միջեւ:

Մեզանից անդառնալիորեն խլվել է Ազատ գետի կիրճում գտնվող XI դարի կամարակամուրջը: Մշակույթի նախարարության «ջանքերով» այն երեսապատվել է գազարագույն տուֆով եւ դարձել է «Հյուսիսային պողոտա-կամուրջ»:

Երբեմնի այդ համեստ, արծվաթռիչք կամուրջը այնքան ներդաշնակ էր տեղանքին, որ նույնիսկ փորձված աչքը չէր նկատում այն:

Այժմ փորձ է արվում Ազատ գետն օտարել ժողովրդից:

Հայրենիքում ապրելով՝ հայրենազրկման ենք ենթարկվում:

Մեր անկշտում չինովնիկների ձեռքն ամեն ինչին է դիպչում: Ժողովրդին զրկում են իր վերջին ունեցվածքից՝ համաժողովրդական սեփականությունից:

Ո՞ւմ է ձեռնտու, որ ժողովուրդն իրեն իր երկրի տեր չզգա: Չեմ կարծում, թե սա միտումնավոր քաղաքականություն է, բայց այսպիսի խնդիրները լուծում են պահանջում՝ նաեւ օրենսդրորեն: Երեւի թե ժամանակն է, որ բնապահպանության նախարարությունը, որը աջուձախ թույլտվություններ է տալիս, վերանվանվի եւ դառնա արգելող բնապահպանական ոստիկանություն: Պետք է ամեն բան արվի, ստեղծվի այնպիսի միջավայր, որ ոչ ոքի մտքով չանցնի պատմամշակութային ժառանգությունը, բնական հարստությունները դիտարկել որպես անձնական եկամտի աղբյուր:

ԱՇՈՏ ԱԲԵԼՅԱՆ

Գառնիի բնակիչ

Հ.Գ. Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից պողպատե խողովակաշարով գետի ջուրը տանել Արարատի մարզի մի շարք համայնքներ՝ ոռոգման նպատակով, ինչին դեմ են թե բնապահպանական կազմակերպությունները եւ թե գառնեցիները՝ վստահեցնելով, որ այդ նախագիծը հակաբնապահպանական եւ հակասոցիալական ռիսկեր է պարունակում:

 

«Առավոտ» օրաթերթ
12.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. hovakim says:

    Hovakim Harutyunyan
    3 Հունվար ·
    3 Հունվար, 2014 ·
    ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ
    Մեր գյուղն ահա ամուր կանգնած լեռների կատարին
    Անխոս ու լուռ միշտ նայում է խոսրովի անտառին:
    Չնաշխարհիկ բնության գողտրիկ այս անկյունում
    Հազարավոր հրաշքներ են աչքիդ առաջ կատարվում:
    Աղվեսն ահա նապաստակին հալածում է հևիհև,
    Վարդի շրթից համբույր խլում թիթեռնիկը ոսկեթև:
    Արջը այնտեղ իր ձագերին դաս էր տալիս նորանոր
    Կյանքի դաժան ճանապարհին լինել խիստ զգուշավոր:
    Քիչ էլ այն կողմ, սարի գլխին սոված գայլերն են ոռնում
    Փարախներում գառ ու ոչխար հանկարծ իրար խառնվում:
    Արշալույսի ճաճանչները նոր են հեռվում երևում,
    Արծիվները լեռան լանջին իրենց որսն են վայելում:
    Հարյուրավոր աղբյուրները գետն են լցվում ամեն օր,
    Ազատ գետը նոր շունչ առնում ու դառնում է զորավոր:
    Իսկ անտառի խորքում,անուշ սոխակներն են դայլայլում
    Փայտփորիկը կտցահարում ու նրանց է ձայնակցում:
    Սկյուռիկը ահա այնտեղ ծառից ծառ է միշտ թռչում,
    Երբ վտանգ է զգում հանկարծ,զգուշանում ու փախչում:
    Գետից հեռու այն բարձունքին կա մի հրաշք սրբավայր,
    ՈՒխտավորներն ամեն աշուն վերցնում են մի-մի գառ
    ՈՒ բարձրանում հավուսթառ:
    Հավուսթառի հենց դեմ-դիմաց Գառնու բերդն է միշտ կանգնած
    Սուրբ Գեղարդն էլ հպարտ ու հեզ լեռների մեջ փաթաթված:
    Այդ լեռները դարեր ի վեր միշտ կոչվել են Գեղամա,
    Երբ նայում ես այդ լեռներին ապշահարվում ակամա:
    Շերտ-շերտ քարեր խմբեր կազմած,բերդի լեռան մեջքին բազմած,
    Անցորդներին թվում է թե երկնքից են դրանք կախված:
    Այդ լեռների սրտից անվերջ ջուր է բխում սառնորակ,
    Իսկ ջրերում լողում են միշտ կարմրախայտ,սիգ,կողակ:
    Սարեր ձորեր կանաչազարդ ծաղիկները քաղցրաբույր,
    ՈՒր զեփյուռն է շոյում դեմքդ ու պարգևում ջերմ համբույր:
    Այսպիսին է իմ հայրենի բնությունը ընդհանուր,
    Դուք էլ եկեք դարձեք մեզ հույր, մի մնացեք անհամբույր:
    Հովակիմ Հարությունյան
    Գողթ 05.05.2013

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031