Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախությունը կերտողները. Վազգեն Մանուկյան. «Երազում էինք, որ ժողովուրդը երկրի ներսում ապրի ազատ` վստահելով իր պետությանը»       

Մարտ 14,2016 11:52

Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության հռչակումից ի վեր քառորդ դար է անցել: Այս տարի լրանում է մեր անկախ հանրապետության 25-ամյակը, ինչն էլ առիթ է հետադարձ հայացք ձգելու մեր անցած ուղուն և հասկանալու` ինչից սկսեցինք, ինչ էինք ուզում ու ինչի ենք հասել: Անկախը» մեկնարկում է «Անկախությունը կերտողները» շարքը, որի շրջանակներում հարցազրույցներ կունենանք անկախության համար պայքարի ակունքներում կանգնած գործիչների հետ` ներկայացնելով վերոնշյալ հարցերի պատասխանները: Շարքը սկսում ենք պետական և քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի համակարգող, ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ նախագահ, 1992-1993թթ Պաշտպանության նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցով:

– Պարոն Մանուկյան, այս տարի նշում ենք Հայաստանի երրորդ Հանրապետության 25-ամյակը: Եթե հետադարձ հայացք ձգեք մեր պետության անցած 25 տարիներին, ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ կարձանագրեք:

– Ամենաակնհայտ ձեռքբերումն անկախությունն է: Աշխարհում 5 հազար էթնոս կա, որոնք ձգտում են անկախության, բայց միայն 200 պետություն կա: Այսինքն՝ մենք մեծ ընդմիջումից հետո նորից ունեցանք անկախություն, որն ինքնըստինքյան արդեն արժեք է: Երկրորդ՝ անկախությունը վաստակելիս մեզ պարտադրվեց պատերազմ, որում հաղթեցինք: Բացի այդ, մենք համարում էինք, որ զարգացման ճիշտ ուղին ժողովրդավարական պետությունն է, մասնավոր սեփականությունը, ազատությունները: Գոնե ֆորմալ տեսանկյունից դա ունենք, և Խորհրդային Միության համեմատությամբ մեծ քայլ առաջ ենք արել: Անհաջողություններից կխոսեմ միայն այն երևույթների մասին, որոնք մեզանից էին կախված: Տնտեսական առումով. համարում եմ, որ շատ ճիշտ էր հողի սեփականաշնորհումը, գյուղացին այդպիսով դարձավ իր հողի տերը: Երբ սեփականաշնորհում էինք հողը, ես վարչապետ էի ու հողի սեփականաշնորհման հանձնաժողովի նախագահը: Հենց սկզբից հասկանում էինք, որ դա երկարատև չէ, պետք է նոր ծրագիր առաջարկել, որպեսզի աստիճանաբար խոշորացում տեղի ունենա կամավոր հիմունքով, քանի որ մանր հողակտորների մշակումն արդյունավետ չէ: Սեփականաշնորհումից 1-2 տարի հետո պետք էր դա սկսել: Ցավոք սրտի, ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ չկատարվեց: 1995-ին Ազգային ժողովի ընտրություններում մեր կուսակցությունն առաջարկեց հողերի խոշորացման կոոպերացիայի ճանապարհը, որով զարգացել է գյուղատնտեսությունը Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, միաժամանակ չի կորել գյուղը: 20 տարի է անցել, և նույն ծրագիրը հիմա էլ կարելի է առաջարկել:

Մեծ բացթողում էր արդյունաբերության սեփականաշնորհման ընտրված ձևը: Այն ժամանակ կտրականապես դեմ էի վաուչերային սկզբունքին, դեմ էի, որ 20 տոկոսը վաուչերներով տրվի աշխատողներին: Դրանք վերցված էին Ռուսաստանից և Հայաստանին, վնասից բացի, օգուտ չբերեցին: Սեփականաշնորհման ժամանակ նոր սեփականատերը ծրագիր պետք է ներկայացներ, թե ինչպիսին է տեսնում գործարանի ապագան, ինչ է պլանավորում իրականացնել: Բայց նման բան չեղավ: Ուստի սեփականաշնորհումից հետո շատ ավելի ձեռնտու էր հաստոցները տանել արտասահմանում վաճառել, փող աշխատել, ոչ թե գործարանն աշխատացնել: Թվարկածս խնդիրները կապ չունեն արտաքին պայմանների հետ, սրանք մեր սխալներն են: Բայց ամենամեծ սխալը, որից շատ բան է հետևում, ընտրությունների կեղծումն էր 1995-96 թվականներին: Այսինքն՝ ամենակարևոր մեխանիզմը, որով ապահովվելու էր անընդհատ զարգացում, նոր կադրային փոփոխություններ, վստահություն երկրի նկատմամբ, կործանվեց 95-96 թվականներին, և մինչև հիմա դա չենք կարողացել վերականգնել: Այսպիսին եմ տեսնում մեր առաջխաղացումներն ու վրիպումները: – Անկախությունը կերտելիս ինչպիսի՞ն էր անկախ Հայաստանի Ձեր տեսլականը: – Երբ դեռ Խորհրդային Միության խորքերում էինք, բացարձակապես չէր երևում Միության փլուզումը, դեռ այն ժամանակ ես այն մարդկանցից էի, որոնք երազում էին անկախության մասին: Համարում էի, որ հայ ժողովուրդն ազատ ապրելու իրավունք ունի: Երկրորդ՝ կարծում էի, որ մեր ժողովուրդը կապանքների մեջ է Խորհրդային Միությունում, երբ այդ կապանքները վերանան, ոտքի կկանգնենք ու կդառնանք տարածաշրջանի ամենակարևոր պետությունը, առանց թշնամանալու հարևանների հետ՝ կկարողանանք նրանց խորհուրդ տվողի, օգնողի դիրքերից հանդես գալ, որպես աշխարհով մեկ սփռված և մեծ արժեքներ տված ազգ՝ կկարողանանք վերականգնել մեր համաշխարհային դերը: Երազում էինք, որ ժողովուրդը երկրի ներսում ապրի ազատ` վստահելով իր պետությանը: Ցավոք սրտի, ֆորմալ հարցերը լուծվեցին. անկախություն, հաղթանակ պատերազմում, բայց ներքին բովանդակությունը, որը ոգևորություն էր առաջացնում իմ ու իմ նմանների մեջ, և հերոսաբար պայքարի էինք գնում դրա համար, չիրականացավ: Դրանում օբյեկտիվ մաս կար. երբ երազում ես, ավելի մեծ բան ես տեսնում, քան հնարավոր է անել:

Բայց շատ բաներ մեր սխալների պատճառով չեղան:

– Անկախությունից ի վեր երկրի ընթացքը գնահատելիս երբեմն ասվում է, որ 1991-ին հայությունը պատրաստ չէր անկախությանը:

– Ի՞նչ է նշանակում` մենք պատրաստ չէինք անկախության: Ցանկացած պետություն անկախ չի լինում, հետո լինում է անկախ: Բայց եթե այդ տեսանկյունից նայենք, մենք հոգեբանորեն բավականին պատրաստ էինք: Մինչև 60-ական թվականները հոգեբանական ծանր վիճակում էինք. տեսել էինք Ցեղասպանություն, հողերի ու անկախության կորուստ, ազգային հարցերի մասին քիչ էինք մտածում, տրվել էինք կյանքին, առաջ գնալուն, զարգանալուն: 60-ականներին արդյունքն արդեն զգալի էր. մենք բավականին ուժեղ դերակատար էինք Խորհրդային Միությունում: Օրինակ՝ շախմատում, ֆուտբոլում հաջողությունները մեր մեջ լիցք էին ստեղծել, որ մենք հզոր ժողովուրդ ենք, որ կարող ենք հասնել մեծ նպատակների, մանավանդ որ այդ ժամանակ առաջին շփումները սկսվեցին սփյուռքի հետ: Հոգեբանորեն այդ տեսանկյունից պատրաստ էինք ազատ ապրելու: Երբ շարժումը սկսվեց, Խորհրդային Միության գոյության պայմաններում միայն մենք և մերձբալթյան երկրներն էինք, որ բարձրացրել էինք ազատության դրոշը: Բայց միայն անկախություն չէ, որ ստացանք: Անկախության հետ ստացանք պատերազմ: Միաժամանակ սկսեցինք փոխել մեր հասարակարգը, կոմունիստական հասարակարգից անցնել մասնավոր սեփականության, որն աշխարհում որևէ մեկը չէր արել ու ծրագրեր էլ չկային, թե ինչպես դա կարելի է անել: Փոխվեց կառավարման համակարգը, տոտալիտար պետությունից անցանք դեմոկրատական համակարգի: Այսինքն՝ մեր անկախությունը զուգորդվում էր մի քանի հեղափոխություններով. հասարակարգի, կառավարման և տնտեսական համակարգի փոփոխություն, որին դժվար էր դիմանալ: Ոչ միայն մեզ համար էր դժվար, այլև մյուս ժողովուրդների:

Այն ժամանակ անընդհատ խորհրդակցություններ էին լինում: Գորբաչովի կողքին խմբեր էին ձևավորվել, որոնք խորհուրդ էին տալիս, թե ինչպես կարելի է պետականից անցնել մասնավորի: Անընդհատ նամակներ էի ստանում, բայց ոչ մի առաջարկությանը համաձայն չէի: Ցավոք սրտի, վարչապետի պաշտոնից իմ դուրս գալուց հետո պետությունը գնաց դրսի ծրագրերով, որոնք Հայաստանի համար օգտակար չէին:

– Ո՞րն եք համարում մեր պետականաշինության ճանապարհին թույլ տրված ամենամեծ սխալը:

– Եթե մի սխալ մատնանշեմ, որը հանգեցրել է այն վիճակին, որ շատերիս համար ընդունելի չէ, ընտրությունները փչացնելն էր: Ընտրությունների մեխանիզմը դեմոկրատական պետության տնտեսական, քաղաքական, մշակութային և բոլոր տեսակի զարգացումների հիմքում է ընկած: Եթե ընտրությունների մեխանիզմը հանում ես՝ տակը բան չի մնում: Եվ այդ մեխանիզմը 1995-96-ին հանվեց: Դրանից ավելի մեծ հանցագործություն Հայաստանում տեղի չի ունեցել:

– Պարոն Մանուկյան, որո՞նք եք համարում ներկայում մեր առջև ծառացած կարևորագույն մարտահրավերները:

– Հայաստանը հիմա աշխարհի ամենավտանգավոր տեղում է` այն կաթսայում, որտեղ մի կողմից արաբական աշխարհի հեղափոխություններն են, արաբական աշխարհ-Իսրայել հարաբերությունները, Իրանի հարցը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սկսվող նոր առճակատումը, Կովկասի ժողովուրդների խլրտումները: Այդ տեսանկյունից մենք գտնվում ենք ամենավտանգավոր վիճակում, դրանից բացի, ունենք նաև չավարտված պատերազմ: Կարևորագույն մարտահրավեր է այս պայմաններում կարողանալ ճիշտ կողմնորոշվել և հարվածների տակ չընկնել, որովհետև մեծ պետություններն այստեղ հարվածում են իրար և պահանջում, որ իրենց կողքին լինենք: Այս պայմաններում պիտի կարողանաս լինել բոլորի հետ և միաժամանակ չլինել որևէ մեկի հետ: Երկրորդ մարտահրավերն այն է, որ հայերի մեջ աստիճանաբար կորչում է վստահությունը երկրի ապագայի նկատմամբ. թողնում հեռանում են:

Այլ հարց է, թե ինչքանով է դա ներքին ու արտաքին քարոզչության հետ կապված և ինչքանով է օբյեկտիվ: Եթե այդ վստահությունը չլինի, չենք դիմանա այս պայմաններում. ո՛չ երկիրը կկարողանանք զարգացնել, ո՛չ արտագաղթը կկարողանանք կանգնեցնել, ո՛չ էլ մեր առջև դրած խնդիրները կլուծենք: Պետք է լինի վստահություն իշխանությունների նկատմամբ: Աշխարհի որևէ երկրում այնպես չէ, որ ողջ ժողովուրդը վստահում է իշխանություններին: Կողմ ու դեմ մարդիկ կան, բայց բոլորն էլ գիտեն, որ իշխանությունն անում է այն, ինչ իր կարծիքով պետք է երկրին: Մեզ մոտ մարդկանց մի հատվածի մոտ տպավորություն է ստեղծվել, որ իշխանությունը երկրի մասին չի մտածում: Ամենավատ բանն այն է, որ մարդիկ չեն տեսել ու չեն հավատում, որ ընտրություններով Հայաստանում փոփոխություններ են կատարվում: Ամեն մեկի տպավորությունն այն է, որ իշխանությունը մշտապես բռնազավթված է: Այդպիսի իշխանությունների նկատմամբ վստահությունը շատ չի լինում, մանավանդ որ հիմա գնում ենք ծանր ճանապարհով, որտեղ բազմաթիվ օբյեկտիվ դժվարություններ կան: Երրորդը՝ ձեռք բերված վստահության վրա կարելի կլիներ կառուցել համաշխարհային հայկական կառույցները, որպեսզի դժվարություններին դիմակայենք ոչ թե 3, այլ 10 մլն-ով:

Այս երեք հանգամանքներն եմ կարևորում: – Իսկ երկրի ապագան ինչպիսի՞ն եք տեսնում, ու ի՞նչ քայլեր են պետք դրան հասնելու համար: – Չեմ կարծում, որ կորցրել ենք մեր սկզբնական երազանքն իրականացնելու հնարավորությունը` ունենալ տարածաշրջանային վճռական դեր կատարող երկիր: Պետք է համբերատար աշխատել, պետական կառույցներ ստեղծել, այնպես անել, որ ընտրությունները մտնեն հունի մեջ, հասարակությունը պետք է ոչ թե բաժանվի իշխանությունից օգտվողների և իշխանությանն արյան գնով ոչնչացնել ցանկացողների, այլ լինեն տարբեր քաղաքական հոսանքներ, ամեն մեկն իր լուծումներն առաջարկի: Կտրուկ քայլեր չեմ տեսնում, պետք է համբերատար լինենք: Այս գործում աշխատանքի մեծ պատառն ընկնում է իշխանությունների վրա, բայց ընկնում է նաև Հանրային խորհրդի, կուսակցությունների վրա: Եթե բոլորս միասին չկարողանանք հաղթահարել՝ ոչ մեկը մեր փոխարեն չի անի:

Հայկուհի Բարսեղյան

Ankakh.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031