2016թ. մարտի 13-ին Կոտ դ’Իվուարի ծովափնյա Գրան-Բասսամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 14 քաղաքացիական և 2 զինվորական անձ։ Այս մասին տեղեկացնում է Africanews լրատվական կայքը։
Վեց հոգուց բաղկացած ահաբեկիչների խումբը նավակներով հասել է քաղաքի ափի մոտ և անկանոն կրակ բացել լողափին հանգստացողների և սրճարաններում նստած մարդկանց ուղղությամբ։
Տեղեկությունների համաձայն՝ զոհվածներից 4-ը եվրոպացիներ են, որոնք հանգստանում էին Կոտ դ’Իվուարում։
Կատարված ահաբեկչության կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել երկրի նախագահ Ալասան Ուատարան, ասելով, որ իրավապահ կառույցների ձեռնարկած գործողությունների արդյունքում ոչնչացվել է 6 ահաբեկիչ։
Աֆրիկյան այս երկրում ահաբեկչական գործողություն իրականացնելու պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական Մաղրիբում Ալ-Քաիդա» ծայրահեղական խմբավորումը։
Տեղեկացնենք, որ Գրան-Բասսամ քաղաքը Կոտ դ’Իվուարի մշակութային, տնտեսական կենտրոն ու միաժամանակ երկրի ամենամեծ՝ Աբիջան քաղաքից 40 կմ. հեռավորության վրա է։