Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Ո՞րն է 25 տարվա չարիքի հիմքը

Մարտ 14,2016 14:00

Բուժվելու համար պետք է ճշմարտության
«հերձադանակով» բացել վերքը, իսկ հետո ներել եւ սիրել

Մեքսիկացի գրող Դոն Միգել Ռուիսը իր «Սիրո արվեստը» գրքում առաջարկում է էմոցիոնալ վերքերից բուժվելու իր դեղատոմսը: Կրթությամբ բժիշկ լինելով՝ նա զուգահեռ է անցկացնում ֆիզիկական վերքերի հետ: Սկզբում դուք վերցնում եք հերձադանակը եւ բացում եք վերքը, որպեսզի այնտեղից դուրս գա ամբողջ թարախը, դա ամենացավալի գործողությունն է: Այնուհետեւ վերքը լվանում եք, իսկ վերջում՝ բուժիչ քսուք եք դնում ու վիրակապում եք՝ մինչեւ որ վերքը սպիանա:

Էմոցիոնալ վերքի պարագայում հերձադանակի դերը կատարում է ճշմարտությունը: Ամենադժվար բանն է ինքդ քո մասին ճշմարտությունն ընդունելը՝ դրան խոչընդոտում են մեր կյանքի ընթացքում ձեռք բերված նախապաշարումները, կարծրատիպերը, կեղծ գաղափարները, որոնցով ծնված օրից լվանում են մեր ուղեղները: Իսկ դրանցից ամենակեղծերից մեկն այն է, որ մեր մտավոր եւ ֆիզիկական հնարավորությունները սահմանափակ են, եւ ինչ-որ բաներ մեր ուժերից վեր են. իրականում այն, ինչ կարող է անել որեւէ մահկանացու, կարող եմ անել նաեւ ես:

Վերքը բացելուց հետո դուք պետք է այն լվանաք, որպեսզի ձեր մաշկի, հյուսվածքների վրա, արյան մեջ չմնա թարախի, թույնի ոչ մի նշույլ: Ի՞նչն է լվանում էմոցիոնալ վերքը: Այդ հարցի պատասխանը 2000 տարի առաջ արդեն տրվել է՝ «լվանալու» միակ միջոցը ներելն է: Ներել ինքդ քեզ, ներել բոլորին, ներել նույնիսկ այն բաները, որոնք թվում է, թե հնարավոր չէ ներել: Դա հմտություն է, որը պետք է սովորել, որովհետեւ մեր դաստիարակությունը, որպես կանոն, մեզ թելադրում է «աբիժնիկական» վարքը՝ տես ես ինչ հիմարությունների եւ ստորությունների եմ գնում, որովհետեւ դո՛ւ, իմ կին, իմ ընկեր, իմ կառավարություն, իմ Աստված, ինձ նեղացրել ես:

Վերքը լվանալուց հետո պետք է դեղ քսել եւ վիրակապել: Ո՞րն է այդ դեղը: Պատասխանը տվել է նույն Ուսուցիչը: Դեղը Սերն է: Եվ այն սկսում է, իհարկե, քո նկատմամբ սիրուց: Եթե հոգիդ լցված է այդ սիրով, ապա ոչ ոք չի կարող քեզ ասել՝ ես քեզ սիրելու եմ, եթե… Դու ինքդ այդ «ապրանքից» լիքը ունես՝ այնքան շատ, որ կարողանում ես ուրիշների հետ կիսվել, եւ ոչ ոք քեզ չի կարող շանտաժել «եթե»-ներով եւ պայմաններով: Եթե դու սերը ստանում եւ նվիրում ես անսահմանափակ, ապա բոլոր էմոցիոնալ վերքերդ շատ արագ սպիանում են:

Եվ ահա ես մտածում եմ՝ իսկ հնարավո՞ր է արդյոք նմանատիպ դեղատոմսով բուժել մեր հասարակությունը: Ասել եւ ընդունել ճշմարտությունը-ներել-սիրել: Ինձ թվում է, որ, ցավոք, մենք դեռ չենք մոտեցել նույնիսկ առաջին փուլին: Այն «ճշմարտությունները», որոնք պտտվում են լրատվամիջոցներում, փողոցներում եւ համացանցում, դրանք հատվածական, թայֆայական, բնազդային, էմոցիոնալ պնդումներ են, որոնք չեն կարող կոչվել ճշմարտություն: Իրականում այդպիսի հավակնություն էլ չկա: Երբ փողոցում մարդիկ ինձ հարցնում են՝ հույս ունենա՞նք, որ լավ կլինի, նրանք, ի՞նչ է, ճշմարտությո՞ւնն են ուզում ինձնից լսել: Ոչ, նրանց պետք է պատասխանների երկու տարբերակներից մեկը. 1/ հա, հույսներդ մի՛ կորցրեք (պակաս գերադասելի), 2/ չէ, հույս չկա, ես սրանց… (ավելի գերադասելի): Իմ անկեղծ պատասխանը՝ «ես ինձ լավ եմ զգում, դուք էլ այնպես արեք, որ դուք ձեզ լավ զգաք» մարդկանց թյուրիմացության մեջ է գցում: Իմ ասածը հասկանում են «եղունգ ունես, գլուխդ քորի» ասացվածքի ոգով, եւ այդ դեպքում պարզ չէ՝ բա էս երկի՞րը, բա էս ա՞զգը: Ենթադրվում է, հետեւաբար, որ այն ավազակը, որն իր համար 5 միլիոն դոլարանոց ապարանք է սարքել, իրեն լավ է զգում: Բայց դա հեռու է ճշմարտություն լինելուց:

Դաժան ճշմարտության «հերձադանակը» գործելու է այն ժամանակ, երբ փորձ արվի ազնվորեն ասել, թե որն է 25 տարվա չարիքի հիմքը՝ չարիք, որին մենք այսպես թե այնպես նպաստել ենք: Հիմա որ ասեմ իմ կարծիքը, ինձ «հում-հում կուտեն», բայց դա «հերձադանակ» է, այն պիտի ցավ պատճառի: Չարիքի հիմքն այն է, որ 25 տարի առաջ մենք, թեեւ ինչ-ինչ «ռոմանտիկ վերելքի» ազդեցության տակ, «այո» ենք քվեարկել անկախությանը. մենք՝ չնչին բացառություններով, ՉԷԻՆՔ ՈՒԶՈՒՄ պետություն ունենալ, եւ նման հարց լրջորեն դրված չէր 1988 թվականի Շարժման հիմքում: Մենք ուզում էինք մեր պատմական հողերը հետ բերել, թուրքերի հերն անիծել, Ցեղասպանության վրեժը լուծել, եւ դա մեզ մասամբ հաջողվել է: Մեր ենթագիտակցության մեջ չկար «պետություն» հասկացությունը:

Եթե լիներ, մենք գնահատական կտայինք դրան նախորդող 70 տարուն, այդ շրջանի գլխավոր դերակատարներին եւ հետո կներեինք նրանց: Ես վախենում եմ «լյուստրացիա» բառից, որը մեր պայմաններում կարող է բերել մանր-մունր հաշիվներ մաքրելուն, բայց նախորդ չարիքներին պետք էր գնահատական տալ՝ ներելու համար: Նրանք, ովքեր այսօր 25 տարեկան են, իրենց ենթագիտակցության մեջ մեծ մասամբ պետք է որ ունենան «պետություն» եզրը: Եթե ունեն, նրանք կհասկանան, թե որն էր 25 տարվա չարիքը: Երբ հասկանան, կներեն մեզ: Հուսով եմ՝ կներեն:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
12.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ախտաճանաչումը տպաւորիչ է: Ինչպէս նաեւ հոգեւորական բնոյթի թելադրանքը:

    Անկախութիւնը ինքնին սխալ չէր սակայն: Սխալը այն էր որ ան շատ արագ, հապճեպ ու կարկտան կերպով տեղի ունեցաւ: Նոյնն է խնդիրը՝ Խորհրդային Միութեան փլուզման:

    Սիրոյ պակաս չկայ: Միայն թէ, մեր կացութեան մէջ գտնվող ժողովուրդի մը համար, Հայրենիքի սէրն է գերադասը, եւ ոչ թէ այս կամ այն անհատին նկատմամբ նոյնանուն զգացումը:

    Նաեւ, ներումի ամենահիմնական նախապայմանը՝ մեղքը ընդունիլն է, եւ զղջալն է: Դուք այդպիսի բան տեսնո՞ւմ էք, նիւթի կապակցութեամբ… Ոչ միայն չկայ, այլ ներումի կարիքը ունեցողը շարունակում է տեւաբար կրկնել նոյն յանցանքը: Մեծ խանդով:

    25 տարեկանները շատ բաներ հասկնալու են… 25 տարի յետոյ: Բոլոր «տարեցներս» անցել ենք այդ ճանապարհից:

  2. eeh says:

    Կեցցես, Արամ։ Ճիշտ ես՝ նվեր ստացած պետականությունը ըստ արժանառյվույն չի գնահատված դեռ։ Գուցե մի օր դա էլ հասունանա։
    Հուսով եմ, «դու» դիմելաձևիս պատճառով այս գրառումս չի մերժվի։

  3. Աբո says:

    Հայաստանը անկախություն չի պահանջել, պարզապես քանդվեց մանկատունը (ԽՍՀՄ-ը), որոշ երկրների վերձրեցին իրենց հովանու տակ՝ հեռու բարեկամները, իսկ Հայաստանը մնաց անտեր և վազեց մտավ իր դայակի փեշի տակ:Դայակն էլ նրան շահագործոմ է ինչպես բազազ Արտեմը Գիքորին: Աստված չանի հանկարծ վերջում Գիքորի բախտին արժանանանք:

  4. Լավատես says:

    ՝՝Ասել եւ ընդունել ճշմարտությունը-ներել-սիրել:՝՝

    Ուժն առանց սիրո կոչվում է բռնություն, իսկ սերն առանց ուժի կոչվում է հայտնի մայրաքաղաքի ախտանշան, երբ գերին սիրահարվում է իր դահիճին: Նմանապես, հարստությունն առանց սիրո կոչվում է ագահություն, իսկ սերն առանց հարստության կոչվում է էլի մի ինչ որ բան: Սիրո միակ նպատակը ընտանիք, գերդաստան, ցեղ, ազգ ստեղծելու ու զարգացնելու մեջ է, եթե ուժ չլինի, որ պաշտպանի ու հարստություն չլինի որ կերակրի հագցնի, էդ տկլոր սիրո համար դժվար կլինի: Դրա համար երբ ուզում են վերացնել պետությունը առաջին հերթին վարկաբեկում են ազգայնականությունը, ցեղակրոնությունն ու ընտանիքի արժեքները, հրամցնելով ինչ որ գեղեցիկ փաթեթավորված ՝՝բարձր համամարդկային՝՝ գաղափարներ, որոնք նախատեսված են անչափահասների ու ուժեղ ու հարուստ ու միամիտ լուսանցքայինների համար:

    • Լավատես says:

      “Մեր ենթագիտակցության մեջ չկար «պետություն» հասկացությունը: Եթե լիներ, մենք գնահատական կտայինք դրան նախորդող 70 տարուն, այդ շրջանի գլխավոր դերակատարներին եւ հետո կներեինք նրանց:“

      Եթե այդ գլխավոր դերակատարները իրենց ժամանակի ու իրենց երկրի Օրենքը չեն խախտել, մենք ի՞նչ բարոյական կամ օրինական իրավունք ունենք նրանց դատելու: Իսկ եթե խախտել են իրենց իսկ օրենքը, ապա եթե վաղեմության ժամկետը չի անցել, պետք է գործ հարուցել ու Օրինական ճանապարհով ներում շնորհել կամ չշնորհել կամ էլ նոր օրենքով դատել, որն ավելի մեղմ պետք է լինի, քան էն ժամանակներում էր: Էդ ՝՝բարձր գաղափարների՝՝ ինքնադատաստանը պետության վարկաբեկում է նշանակում:

  5. Հրանտ Պապիկյան says:

    Հերձադանակը, կամ անատոմիական դանակը պաթոլոգոանատոմի գործիքն է: Իսկ վիրաբուժական դանակը կոչվում է ՆՇՏԱՐ
    Թե ինչ է ասել Ռուիսը, կամ Ջոն Լոքը, կամ մեկ ուրիշ հայտնի անձնավորություն, իհարկե օգտակար է իմանալ, բայց ԿԱՅԱՆԱԼՈՒ արվեստը նրանում չէ, որ լսենք այսինչը այսպես է ասել կամ արել, ու կրկնօրինակենք նրա անցած ճանապարհը: Ինֆորմացիան շատ օգտակար է կայանալու ճանապարհին, բայց չի կարող լինել կայանալու դասագիրք կամ ուղեցույց: Ուրիշի մտքերով չեն կայանում, այլ ընդամենը վերլուծելով, ընդունելով կամ մերժելով այս կամ այն միտքը: Բոլոր այդ Կոուչերներին, էզոտերիկ գուրուներին, բիզնես-մարզիչներին անվերապահորեն հավատացող և ընդհանրապես՝ մեթոդագրքերով կայանալ փորձողներն խորհուրդ կտամ խմանալ նաև այս փաստերը՝
    – ՛՛Ինչպես ձեռք բերել ընկերներ և ունենալ ազդեցություն մարդկանց վրա՛՛ հանրահայտ գրքի հեղինակ Դեյլ Կարնեգին իր կյանքը ավարտել է կատարյալ միայնության և լքվածության մեջ…
    – ՛՛Ինչպես պահպանել ամուսնությունը՛՛ ընտանեկան հարմոնիայի մասին գրքի հեղինակ Դերեկ Մեդինան գնդակահարել է իր կնոջը և լուսանկարները գցել ֆեյսբուք…
    – ՛՛Երեխան և նրա խնամքը՛՛ գրքի հեղինակ Բենջամին Սպոքին իր սեփական զավակները ցանկացել են ծերանոց հանձնել, իսկ նրա գրքի որոշ դրույթներ հետագայում համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից ճանաչվել են խիստ վնասակար երեխայի առողջության համար….
    – Հանրահայտ մանկավարժ Մարիա Մոնթեսորին հրաժարվել է իր երեխայից և հանձնել որդեգրման այլ ընտանիք, պատճառաբանելով, որ իր դերը կյանքում ՈՒՐԻՇԻ երեխաներին նվիրվելն է…
    – ՛՛Ինչպես երջանիկ լինել՛՛ գրքի և նույնանուն հեռուստահաղորդման հեղինակ և վարող Կորեացի հայտնի կին գրող Չխվե Յուն Խին դեպրեսիայից կախվել է մոթելի համարում…

    ստեղ են ասել , մեկը լիներ իրանց սովորացներ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031