Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲՃ. Անտառների հասարակական մոնիտորինգի արդյունքների մի մասն արձանագրել է նաև բնապահպանության նախարարությունը

Մարտ 14,2016 11:12

2015 թվականի ընթացքում «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացված դաշտային աշխատանքների արդյունքում Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների խումբը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի, Եղեգնուտի, Դսեղի և Ստեփանավանի անտառտնտեսությունների տարածքներում հայտնաբերել է ավելի քան 2000 անօրինական հատված ծառ։ Գրեթե բոլոր ահազանգերի արդյունքում հարուցվել են քրեական գործեր և մի մասն էլ արդեն քննվում է դատական ատյաններում։

Այս փաստերին վերաբերող մեր պաշտոնական հարցման պատասխանից տեղեկանում ենք, որ այդ ծառահատումների մի մասը հետագայում արձանագրել է նաև բնապահպանության նախարարությունը։ Նախարարության բնապահպանական պետական տեսչության ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալներն իհարկե իրականության միայն փոքր մասն են արտացոլում, բայց սա էլ կարելի է որոշակի առաջընթաց և ձեռքբերում համարել։

Ներկայացնում ենք ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Խաժակ Աղաբեկյանի պատասխանն իրենց կողմից արձանագրած ծառահատումների վերաբերյալ․

«1. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի» անտառտնտեսություն մասնաճյուղում ապօրինի հատված 142 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 2 662 500 դրամ: Նյութերը ներկայացվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին:

2. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 27 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 655 500 դրամ: Նյութերը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնին:

3. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 96 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 7 077 000 դրամ: Նյութերը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնին:

4. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 22 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 841 500 դրամ: Նյութերը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությանը:

5. Հայտնաբերվել նաև ՀՀ Սյունիքի մարզի Ծավ գետի հարակից տարածքներում՝ 208 ծառի կոճղ, բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 5 803 750 դրամ: Ներկայումս իրականացվում են տարածքի պատկանելիությունը պարզելու և տեղադիրքի ճշգրտման աշխատանքներ: Նյութերը ներկայացվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնին»:

Ուզում ենք հատկապես նշել, որ շատ հեռու են իրականությունից Դսեղի և Եղեգնուտի անտառտնտեսությունների մասին ներկայացված նախարարության տեղեկությունները, որտեղ մենք հայտնաբերել էինք մոտ 1000 ծառի կոճղ, որոնց վրա չկային օրինականությունը հաստատող և ոչ մի նշում, ինչը հստակ իրավունք է տալիս մեզ պնդելու, որ դրանք բոլորն էլ եղել են ապօրինի հատումներ (մանրամասները այստեղ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը նույնպես պատասխանել է մեր հարցմանը, որին առանձին կանդրադառնանք մոտ օրերս։

Հ․Գ․ Որպեսզի լավ պատկերացում կազմեք, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանի անտառներում, դիտեք նաև ՀԲՃ-ի «Ոչնչացվող անտառի հետքերով» տեսաշարքի թվով տաս տեսանյութերը։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031