Լրահոս
Օրվա լրահոսը

«Սայաթ-Նովան»՝ առաջին անգամ Լիբանանում

Մարտ 14,2016 11:30

Աշուղական երգի վաստակավոր անսամբլի ծրագրերի կենտրոնում են
Ջիվանու 170 եւ Հավասու 120-ամյա հոբելյանները

Աշուղական արվեստը, որ ծագել է արաբ-պարսկական միջավայրում, ապա մուտք գործել հայ, վրաց եւ այլ ժողովուրդների կենցաղ, հայ իրականության մեջ տարածվեց 16-17-րդ դարերում: Մեր ժամանակներում զուտ աշուղական երգի լավագույն մեկնաբանն է ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Վերջինս հիմնվել է 1927թ.՝ մեծանուն երգիչ Շարա Տալյանի կողմից, 1942-72թթ. այն ղեկավարել է ՀՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանը, իսկ 20 տարվա լռությունից հետո՝ 1992թ. անսամբլը վերականգնեց եւ գեղարվեստական ղեկավարությունը ստանձնեց սիրված երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, որի ղեկավարման տարիներին միայն սկսվեցին կոլեկտիվի համերգային շրջագայությունները Սփյուռքում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Սիրիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ այլուր:

Վերջերս «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը առաջին անգամ հանդես եկավ Լիբանանում: Ընդ որում, բազում գաղթօջախներում իր արվեստը ներկայացրած երգիչ Թովմաս Պողոսյանի համար նույնպես այդ երկրում առաջին շրջագայությունն էր դա:

«Առավոտի» հետ զրույցում Թովմաս Պողոսյանը հայտնեց, որ անսամբլը հրավերը ստացել է Համազգային կրթական եւ մշակութային միության Լիբանանի շրջանային վարչության կողմից: «Դեռ օդանավում «Ազդակ» թերթի թարմ համարից տեղեկացանք, որ մեր անսամբլի բոլոր համերգների տոմսերը սպառված են: Չեմ թաքցնում, հաճելի անակնկալ էր: Համերգներ ունեցանք Բեյրութի «Իմիլ Լահուտ» 1000 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճում, ապա «Հակոբ Տեր-Մելքոնյան», Այնճարի «Գալուստ Գյուլբենկյան» եւ Հայ առաքելական եկեղեցու տեղի առաջնորդարանին կից «Եռագույն» սրահներում»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ անսամբլի արտիստներին ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Տ.Տ. Արամ Առաջինը: Մանրամասնելով էլ նշեց, որ կաթողիկոսին մի քանի աշուղական երգեր ներկայացնելուց հետո անսամբլի արտիստներին ելույթներով ողջունել են Դպրեվանքի սաները, այնուհետեւ կաթողիկոսի բարիգալստյան ու գնահատանքի խոսքից հետո վանական սեղանատանը արտիստներին պատվել են ճաշով:

ashuxakan_erg_1

Թովմաս Պողոսյանը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Տ.Տ. Արամ Առաջինի հետ:

Թովմաս Պողոսյանը շեշտեց, որ համերգների ժամանակ ներկայացրել է հայերիս երախտագիտությունը՝ 1915թ. եղեռնից փրկվածներին արաբ ժողովրդի կողմից գրկաբաց ընդունելու փաստի առիթով: Անսամբլը դասական եւ մերօրյա աշուղական, ինչպես նաեւ ազգային, հայրենասիրական երգերի կողքին հնչեցրել է արաբական աշխարհում տարածված, հայրենիքը գովերգող «Նասամ ալեյ» երգը, որը հանդիսականի կողմից արժանացել է ջերմ ընդունելության:

«Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը իր հիմնական առաքելությունից բացի, այն է՝ հարստացնել ռադիոյի ֆոնդը նոր ձայնագրություններով, համերգներով հանդես է գալիս Երեւանում, մարզերում, տարբեր զորամասերում, Արցախում: Խոսելով առաջիկայում սպասվելիք համերգներից՝ մեր զրուցակիցն ասաց, որ հերթական անգամ կայցելեն Ջավախք, Ախալցխա, աշնանն էլ պատրաստվում են մեկամսյա համերգային շրջագայության Ռուսաստանի Կրասնոդարի, Ռոստովի եւ Ստավրոպոլի մարզեր՝ անփոփոխ ծրագրով, դասական ու նորօրյա աշուղների երգերով: «Պատրաստվում ենք նաեւ աշուղներ Ջիվանու 170 եւ Հավասու 120-ամյա հոբելյաններին»,- առանձնահատուկ նշեց Թովմաս Պողոսյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
12.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031