2016թ. մարտի 13-ի երեկոյան Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները խիստ քննադատության են արժանացել համաշխարհային հանրության և մի շարք պետությունների ղեկավարների կողմից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 34, վիրավորվել՝ 125 մարդ։ Տեղի ունեցածի կապակցությամբ Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին իրենց ցավակցական ուղերձներն են հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը, ԱՄՆ Անվտանգության խորհրդի խոսնակը, Հունաստանի ԱԳ նախարարը, Ադրբեջանի նախագահ Ալիևը, Վրաստանի նախագահը, Իսրայելի Վարչապետն ու այլ երկրների պաշտոնատար անձինք։
Ցավակցողների շարքերում են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Վլադիմիր Պուտինը։ Վերջինի ցավակցությունները փոխանցել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ասելով. «Ռուսաստանի նախագահը սգում է ամբողջ թուրք ժողովրդի հետ, որը ենթարկվեց ահաբեկչական հերթական հարձակման, ինչի հետևանքով մեծաթիվ զոհեր գրանցվեցին։ Վլադիմիր Պուտինը վճռականորեն քննադատում է Անկարայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչությունը»։