Լրահոս
Օրվա լրահոսը

Երջանկության առեղծվածը

Մարտ 14,2016 00:09

     Նախ շեշտենք, որ ինչպես ամեն մի երևույթ, երջանկությունը ևս հարաբերական հասկացություն է: Ամեն մեկը երջանկությունը յուրովի է պատկերացնում և իրեն երջանիկ է համարում յուրովի: Երջանկությունը չափելի չէ և մեկը կարող է իրեն երջանիկ համարել փոքրիկ հաջողությունից, իսկ մյուսին աշխարհն էլ տաս, կհամարի, որ էլի բան կա տալու և ինքը դեռ չի հասել իր ուզած երջանկությանը: Հիմնականում երջանիկ լինում են հոգով և դա հոգու թրթիռ է, իսկ մարմնական երջանկությունը ընդամենը կարճ ժամանակյա բռնկում է: Հոգու թրթիռը ևս տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ և տարբեր բաներից է առաջանում: Երջանկությունն առաջին հերթին բավարարվածության զգացում է և կախված է նրանից, թե ինչ է ուզում տվյալ մարդը:

Եթե ցանկությունը հասանելի երևույթի մասին է և մարդը հասնում է դրան, ապա նա երջանիկ է: Ագահ մարդը չի կարող երջանիկ լինել, քանզի նրա ձգտումը անհասանելին է: Միայն չափավոր մարդը կարող է երջանիկ լինել, քանզի նրա ցանկությունները հիմնականում իրականանալի են: Գաղտնիք չէ, որ մարդու ներքին պահանջմունքն է ձևավորում ցանկությունները, որոնք կախված՝  դրանց հնարավոր և անհնարին լինելուց, կարող են մարդուն երջանկացնել կամ դժբախտացնել: Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ ժամանակի առանցքի վրա մարդու կյանքը ակնթարթի տևողություն ունի և այդ ընթացքում նա իր առջև դնելով գործնականում անիրագործելի նպատակներ, դրանով կարծես միանգամից փակում է երջանկության դուռը և ինքնաբերաբար բացում դժբախտության դուռը: Օրինակ, մարդը մեկանգամյա սեղան նստելիս պետք է ուտի մեկ, առավելագույնը՝ երկու աման ճաշ: Իսկ ուտելու մարմաջով տառապող մարդն անպայման կփորձի ուտել մի քանի աման, որի հետևանքով նա կունենա առողջական լուրջ խնդիրներ՝ ընդհուպ մինչև մահ և նրա փափագած՝ ուտել կոչվող երջանկությունը (պետք չէ զարմանալ, քանզի որոշ մարդկանց համար ուտելն է երջանկությունը) կվերածվի դժբախտության: Սա մի պարզորոշ օրինակ է, որից ակնհայտորեն երևում է, որ միայն չափավոր՝ իրագործելի ցանկությունները կարող են մարդուն պարգևել բաղձալի երջանկություն:

Առաջին մարդու ծննդյան պահից սկսած, ագահությունը որևէ ժամանակ, որևէ մեկին երջանկություն չի պարգևել: Ավելին, այդ մարդիկ բոլորն էլ դժբախտ վերջաբան են ունեցել: Ասել, թե  երջանկությունը դժբախտության հականիշն է, ոչ միշտ է ճիշտ, քանզի այդպիսի մոտեցումը լիարժեք չի բնութագրում երջանկություն-դժբախտություն փոխհարաբերակցության ամբողջ դաշտը և այս պարագայում շատ ու շատ այլ վիճակներ էլ են հնարավոր: Լինում են բացառիկ դեպքեր, երբ մարդու մոտ արձանագրվում է այդ երկու վիճակների՝ երջանկության և դժբախտության միաժամանակյա համադրություն:

Մարդը կարող է դժբախտ չլինել, սակայն կարող է նաև իրեն երջանիկ չհամարել և ճիշտ հակառակը: Կա նաև այդ համադրությունից դուրս այլ վիճակ. քիչ չեն նաև այն մարդիկ, ովքեր դժբախտ չեն և իրենց համարում են երջանիկ և կան նաև շատ մարդիկ, ովքեր իրենց երջանիկ չեն համարում, սակայն դժբախտ էլ չեն համարում: Ասվածը նաև մարդու տեսակի խնդիր է: Երջանկությունից մինչև դժբախտություն ընկած տիրույթը այդ երկու վիճակներից՝ մեկից մյուսին անցման տարածությունն է: Այդ տիրույթի չափը ևս տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Ավելին, մեկը սկսվում է հիմնականում մյուսի ավարտից ոչ անմիջապես հետո, այլ նրա սահմաններից որոշակի հեռավորության վրա: Իհարկե, այս ամենը կախված է նաև նրանից, թե սահմանումների ինչպիսի  աքսիոմատիկա է ընտրված: Եվ երջանկությունը և դժբախտությունը  հիմնականում վիճակներ են, որում ապրում է մարդը: Բնական է, որ այդ վիճակների վրա էական ազդեցություն կարող են ունենալ մինչև այդ վիճակներն ընկած ժամանակահատվածում նրա ապրած կյանքը կամ առանձին որոշիչ իրավիճակներ:

Այժմ տեսնենք, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի սովորական վիճակում գտնվող մարդու համար ստեղծվի երջանիկ վիճակ: Անկեղծ ասած, այդ անհրաժեշտ երևույթների ցանկը շատ մեծ է և կփորձենք խոսել դրանցից առաջնայինների մասին: Երևի բոլորը կհամաձայնեն, որ դրանցից առաջին հորիզոնականում նստած է առողջությունը: Եթե չկա առողջություն, ապա ընդհանրապես խոսք չի կարող լինել երջանկության մասին, բացառությամբ որոշ դեպքերի: Նման բացառություններ կարող են համարվել, ասենք, երբ մարդն իր առողջությունը կորցրել է հայրենիքի, երեխայի, ծնողի կամ այլ հարազատների համար, քանզի նման կորստով փորձում ես հասնել կարևոր նպատակի. փրկել հայրենիքը, երեխայիդ, ծնողիդ և այլն: Իհարկե, սրանք բացառիկ դեպքեր են, երբ մարդ իր առողջությունը լիովին կամ մասնակիորեն զոհաբերում է հանուն մեծ նպատակների, ասենք հայրենիքի, մտերիմների համար: Եթե չկա զոհաբերության պահանջ, ապա մարդու՝ նորմալ առողջություն ունենալու իրողությունը մեծ երջանկություն է և նրա հետագա բոլոր քայլերը խարսխված կլինեն այդ ամուր հիմքի վրա, որն էլ իր հերթին՝ ճիշտ քայլերի պարագայում կմատուցի բաղձալի երջանկությունը: Այլ խոսքով, եթե դժբախտ չես, ուրեմն երջանիկ ես կամ եթե երջանիկ չես, ուրեմն դժբախտ ես, այս դարձվածքները ոչ միշտ են համարվում ճշմարիտ ասույթներ: Ինչպես նշվեց, սովորաբար այս երկու երևույթները հատման տիրույթ չեն ունենում, չհաշված այն դեպքերը, երբ մարդը որոշակի ժամանակահատվածում միաժամանակ հայտնվում է երկակի վիճակում՝ ոչ դժբախտ, ոչ էլ երջանիկ: Շարունակելով վերլուծությունը և դարձյալ հիմքում դնելով վերը նշված տիրույթի չափի գաղափարը, կարող ենք նշել, որ իրեն երջանիկ համարող մարդու համար,  երջանկության ավարտի եզրագծից մինչև դժբախտության սահմանի սկիզբն ընկած տիրույթը բավականաչափ մեծ է և այդ անցումային վիճակն ինչ-որ տեղ կարելի է հաստատուն համարել, եթե մինչ դա կամ դրանից անմիջապես  հետո, տվյալ մարդու կյանքում տեղի չեն ունենում արտառոց պատահարներ:

Այլ խոսքով, երջանիկ մարդու համար այդ անցումը՝ այսպես ասած երջանիկ վիճակից դժբախտ վիճակին, կատարվում է բավականին դանդաղ՝ երկարատև ժամանակահատվածում: Իսկ ագահ մարդկանց մոտ, որոնց պիտակեցինք նաև դժբախտ, այդ անցման տիրույթի չափը էականորեն փոքր է, այսինքն նրանք շատ արագ երջանկության դաշտից կարող են ընկնել դժբախտության դաշտ, եթե նույնիսկ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Նման մարդկանց կյանքում ինչ էլ որ տեղի ունենա, նրանց համար դժբախտ վիճակից անցում դեպի երջանիկ վիճակի, համարյա երբեք չի լինում: Եթե ընդհանրացնենք, ապա ասվածից կարծես որոշակիորեն հետևում է, որ երջանկության բանալին ցանկությունների չափավորության մեջ է և չհաշված արտառոց վիճակները, երջանկությունն ուղիղ համեմատական փոխհարաբերության մեջ է գտնվում մարդկային ցանկությունների չափերի հետ: Քանի որ մարդու կյանքը հիմնականում պայմանավորված չէ միայն իր անձով և այն բազմաթիվ թելերով շաղկապված է շրջապատի հետ, հետևաբար վերը ասվածը հիմնականում վերաբերվում է  մարդու անձնական երջանկությանը, այլ ոչ թե նրա երջանկությանն ընդհանրապես: Մարդը կարող է առանձին վերցրած ունենալ չնաշխարհիկ երջանիկ վիճակ, սակայն նրա շրջապատում կարող են տեղի ունենալ այնպիսի արտառոց բաներ, որոնք լիովին կմթագնեն և կխաթարեն նրա երջանիկ վիճակը և մեծ հաշվով՝ արդյունքում մարդը կարող է հայտնվել չափազանց դժբախտ վիճակում: Նման հանգամանքների հավանականությունը ցանկացած մարդու կյանքում շատ մեծ է, դրանք հիմնականում անկանխատեսելի են և կախված չեն տվյալ մարդու կամքից:

Եթե ամփոփենք ասվածը, ապա չհաշված մարդու կամքից դուրս ընթացող իրադարձությունները, չափավորության դեպքում երջանկությունը հիմնականում հասանելի է մարդուն: Երջանկության առեղծվածի բացահայտման բանալին մարդու չափավորության մեջ է…

 

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031