Լրահոս
Օրվա լրահոսը

«Կգան նորերը, ամեն մեկն իր ձեռագիրը կբերի, բայց Չարենցն իր տեսակի մեջ կմնա միակը». Գրետա Թունյան

Մարտ 13,2016 17:54

Այսօր հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Բանաստեղծի 119 ամյակը նրա հուշարձանի մոտ հավաքվել էին նշելու Չարենցի թոռը՝Գոհար Չարենցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն իր աշակերտների հետ,  Երևանի թիվ 136 միջն. դպրոցի տնօրեն Գրետա Թունյանն իր ուսուցիչների և աշակերտների հետ, բանաստեղծներ, չարենցագետներ: Ներկաները ծաղիկներ դրեցին հուշարձանի դիմաց և կարդացին, ասմունքեցին նրա ստեղծագործություններից:

Aravot.am-ի հետ զրույցում՝ պարոն Բլեյանը նշեց, որ բանաստեղծին նվիրված միջոցառումներ անցկացվել են նաև դպրոցում. «Ամեն տարի մարտի 13-ի առավոտյան մենք արթնանում ենք Չարենցով : Հուշարձանի մոտ ծաղիկներ դնելուց հետո կքայլենք քաղաքով, կկարդանք Չարենց, կխոսենք Չարենցի մասին, կարտասանենք Չարենց, հետո կտանենք Չարենցին մեզ հետ տուն»:    12825459_1070064429718919_1496951989_n

Նա կարծում է, որ այսօրվա պետական կրթական համակարգը ամեն տարի հիշում է մեծերին՝ չհասկանալով, որ հիշում են, երբ մոռանում են. «Մերօրյա հանրակրթական դպրոցը անգիրի դպրոց է: Աշակերտը պետք է կրկնի, որ չմոռանա, պետք է անգիր սովորի, որ չմոռանա:Թումանյանն ասում էր ՝դպրոցն ու գրականությունը հոմանիշներ են: Կրթությունը չի կարող հոգևոր չլինել: Գրողին, բանաստեղծին պետք է մտցնել աշակերտի առօրյա: Չարենցը պետք է լինի աշակերտի ուսուցիչը»:

Տիկին Թունյանը հավելեց, որ արդեն երկար տարիներ է, ինչ ինքն ընտանիքի և դպրոցականների հետ գալիս է հուշարձանի մոտ, այնուհետև՝ Չարենցի տուն-թանգարան. «Այսօր թոռնիկիս ծնունդն էլ է, բայց չգալ այստեղ չեմ կարող: Չարենցն ինձ համար ավելին է քան պոետ. նա իսկական քաղաքացի է: Ես նրա ոգին եմ փոխանցում աշակերտներիս. ուզում եմ Չարենցով դաստիարակվեն: Ռեգինա Ղազարյանն իմ ընտանիքին նվիրել էր մի նկար՝ Չարենցը և թիկունքում Վերգիլիոսն ու Դանթեն. որոշեցինք նվիրել նկարը թանգարանին:  Եվ հիմա կարծես այնտեղ՝ թանգարանում, մեծ գանձ ունենք պահ տված. մեր տան ամենահոգևոր մասունքն այնտեղ է»:12825239_1070064289718933_724984471_n

Նրա կարծիքով՝ մենք անպայման կունենանք ապագա չարենցներ, վկան այս սերունդն է. «Կգան նորերը, ամեն մեկն իր ձեռագիրը կբերի, բայց Չարենցն իր տեսակի մեջ կմնա միակը: Այսօր չեմ բերել բոլոր աշակերտներիս, բայց դպրոցում այս օրերին  շատ միջոցառումներ ենք կազմակերպել, և մասնակցել են բոլորը»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031