Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարների հետեւից թեկուզ զուգարան

Մարտ 13,2016 14:32

Կամ ինչպես պետք չէ լուսաբանել բողոքի ակցիան

Բողոքի ակցիաներ լուսաբանելիս շատ անգամ ցուցարարները փողոցի տարբեր հատվածներում են բաժանվում: Լրագրողը ստիպված է ընտրություն կատարել, թե որ հատվածն է ավելի խնդրահարույց եւ փորձել հասնել այդտեղ՝ հասկանալով, որ ոստիկանությունը դժվար թե թույլ կտա իրեն անցնել մյուս հատվածը: Այդ ընտրությունից էլ կախված է նյութի հաջողությունը: Ստացված նյութերի մասին երեւի թե գիտեք, իսկ չստացվածները այդպես էլ մնում են կուլիսներում:

Եվ այսպես՝ մի չստացված նյութի պատմություն:

2015 թվականին Ազգային ժողովի դիմաց քաղաքացիական նախաձեռնություններից մեկը բողոքի ակցիա էր անցկացնում: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ մթնոլորտը ո՛չ թեժ էր, ո՛չ հանգիստ. լրագրողներս, ձեռքերս տեսախցիկներին, սպասում էինք ցուցարարների գործողություններին:

Այդ ընթացքում նկատեցինք, որ նախաձեռնության երկու առաջնորդները Բաղրամյան պողոտայով վերեւ են քայլում: Առաջին միտքը, որ կարող էր գալ՝ գնում են նախագահական: Այդպես 2 լրագրողներով հետեւեցինք ցուցարարներին՝ վստահ լինելով, որ հիմա բացառիկ կադրեր կունենանք, մինչդեռ այլ լրատվամիջոցներ շարունակում էին Ազգային ժողովի դիմաց մնալ:

Պետք է խոստովանեմ`  այդ երկու ցուցարարներից մեկը մեզ խորհուրդ տվեց հետ գնալ, սակայն մենք վճռական էինք, ճիշտ է՝ չէինք հասկանում, թե ինչու է նման բան ասում: Գրավիչ էր նաեւ ոստիկանների ուշադրությունը, այդ պատճառով որոշեցինք խորհրդին չհետեւել:  Բայց ցուցարարները մեզ հիասթափեցրին՝ նախագահական գնալու փոխարեն վերջիններս մտան Սիրահարների այգի: Դա մեզ մի պահ մտածելու տեղ տվեց, բայց ինչպես ասում են՝ հույսը վերջինն է մահանում:

Եվ այսպես երկու լրագրողներս եւ մոտ տասը ոստիկան ցուցարարների հետեւից մտանք Սիրահարների այգի՝ հասկանալու՝ իրենց մտքինն ի՞նչ է: Մեր հարցի պատասխանը այդքան էլ բարդ չէր՝ պարզապես ցուցարարները որոշել էին գնալ զուգարան:

Դուրս գալուց հետո նրանցից մեկը, իհարկե՛, մեզ վրա մի լավ ծիծաղելուց հետո, զգուշացրեց, որ մինչ մենք զուգարան էինք ուղեկցում երկու ցուցարարի, Ազգային ժողովի դիմաց հավաքված ցուցարարները պետք է փորձեին դուրս գալ Բաղրամյան պողոտա եւ փակել այն:

Որոշեցինք ինչքան հնարավոր է արագ հասնել դեպքի վայր, բայց մի տեսարան մեզ կանգնեցրեց. Սիրահարների այգու դիմաց մեզ սպասում էին եւս 3 լրագրող: Արդեն չեմ հիշում, թե ինչ եղավ հետո, ինչ ասացինք գործընկերներին, միայն հիշում եմ, որ արագ հասանք Ազգային ժողով, բայց արդեն ամեն ինչ ավարտված էր՝ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում էր տեղի ունեցել , արդյունքում՝ բերման էին ենթարկվել ցուցարարներ:

Բախման եւ ձերբակալությունների կադրերը այդպես էլ մեր (եւ ոչ միայն մեր) ընթերցողը հնարավորություն չունեցավ տեսնել: Ինչի համար ներողություն եմ խնդրում ընթերցողից:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031