Այսօր գիշերը ժամը 4-ի սահմաններում 1952 թվականին ծնված Վարդգես Երեմյանը, «Օպել» մակնիշի մեքենայով բախվելով Գյումրու կենտրոնական զբոսայգու՝ «Գորկու սադի» դիմաց գտնվող քանդակագործ Արտուշ Պապոյանի հեղինակած արձաններին, ջարդուխուրդ է արել: Որպես հանցագործություն այս դեպքը գրանցված է ոստիկանությունում: Ոստիկանությունից առայժմ չեն կարող հստակ ասել՝ վարորդը խմա՞ծ է եղել, թե՞ աչքն է կպել:
Քանդակագործը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արձաններն արդեն իսկ իր մոտ են՝ վերականգման: «Ահագին աշխատանքներ կան կատարելու արձանների վրա, մեքենան այնպես է խփել, որ պատվանդանը փլվել է, արձաններն էլ ջարդուխուրդ են եղել: Գումարային տեսակետով հիմա հաշվարկներ պետք է արվեն, խոշոր մասշտաբի ֆինանսական ծախսեր են . վերջը պատվանդանն է ջարդվել, եւ՛ երկու ֆիգուր տապալվել են, սաղ կոտրվել են: Քաղաքապետարանը շահագրգռված է, որ վերականգնվեն, հիմա իրավական հարցեր են ճշտվում, ԱՊՊԱ, չգիտես ինչ… Ճիշտ է՝ տխուր է, բայց լավ է, որ մարդկային զոհեր չեն եղել», -ասաց քանդակագործը: Մեր հարցին, թե ի՞նչ արժողություն ունեցող արձաններն են, քանդակագործն ասաց, որ կատարման արժեքն այլ է, գեղարվեստական արժեքն այլ է, ժամանակին համընթաց էլ արվեստի գործը, քննության բռնելով, թանկանում է: «Ես հեղինակն եմ, չեմ կարող արձանը արժեքավորել, արվեստի գործը միշտ թանկ է, ես ձեզ մի օրինակ բերեմ. Մինաս Ավետիսյանի որմնանկարները վերականգնելու համար ավելի շատ փող տվեցին, քան հեղինակին էին տվել, որ նկարեր»:
Լուսանկարները՝ Մանվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջից
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Բալասանյանը Շերամի ու Ջիվանու հացին էլ վայիս եղավ