Լրահոս
Օրվա լրահոսը

Տորթ «Տղամարդու իդեալ»

Մարտ 13,2016 12:30

Մեղրով տորթերը թերեւս ամենահամեղ թխվածքներից են, սակայն հաճախ դրանց պատրաստման համար հավելյալ բարդություններ են լինում՝ խմորը եփել, պահել գոլորշու վրա եւ այլն, եւ այլն… «Տղամարդու իդեալը» թերեւս ամենահեշտ, սակայն շատ համեղ տարբերակ է, իսկ անունն էլ ստացել է հավանաբար բաղադրության մեջ զգալի քանակով ընկույզի եւ կոնյակի առկայության համար:

Անհրաժեշտ մթերքները

Խմորի համար
Ձու-6-7 հատ
Շաքարավազ- 1 բաժակ
Կարագ- 150 գրամ
Մեղր- 4 ճաշի գդալ
Կոնյակ- 4 ճաշի գդալ
Աղացած ընկույզ- 1,5 բաժակ
Ալյուր- 1 բաժակ
Սոդա-1,5 թեյի գդալ
Լիմոնի հյութ կամ քացախ-1 ճաշի գդալ

Կրեմի համար

Խտացրած կաթ-2 տուփ
Կարագ-300 գրամ
Կոնյակ- 2 ճաշի գդալ

Զարդարելու համար
Ընկույզ- կես բաժակ

Պատրաստման եղանակը

ideal1
Թույլ կարագը հարել շաքարավազի հետ, հատիկ-հատիկ ավելացնել ձվերը՝ յուրաքանչյուրից հետո լավ հարելով: Ապա ավելացնել կոնյակը եւ մեղրը, հարել, որից հետո ավելացնել չոր բաղադրիչները՝ ընկույզն ու ալյուրը, ինչպես նաեւ սոդան՝ վրան քացախ կամ կիտրոնի հյութ լցրած: Դառնում է բավականին թույլ խմոր՝ թթվասերի խտության:

ideal2Պատրաստեք մի քանի (4-5) հավասար կտոր յուղաթուղթ (պերգամենտի թուղթ)՝ ձեր ջեռոցի թավայի չափսով: Խմորը բաժանեք նույնքան մասի եւ լցրեք թղթի կտորի վրա, ապա հավասար տարածեք թղթով մեկ:

ideal3

Թխեք յուրաքանչյուր մասը 200 աստիճանով տաքացրած ջեռոցում՝ 7-8 րոպե՝ մինչեւ ոսկեգույն դառնա:

Թողեք շերտերը սառչեն: Այդ ընթացքում պատրաստեք կրեմը: Թույլ կարագը լավ հարեք եւ քիչ-քիչ ավելացրեք խտացրած կաթը: Վերջում ավելացրեք կոնյակը:
Երբ կրեմը պատրաստ լինի, իսկ խմորը՝ սառած, կարող եք հավաքել ձեր տորթը: Հարմար ափսեի կամ սկուտեղի վրա դրեք առաջին շերտը՝ հակառակ կողմով, հանեք յուղաթուղթը, քսեք կրեմը, վրան դրեք մյուս շերտը, լավ սեղմեք, նոր հանեք յուղաթուղթը, քսեք կրեմը, ապա հաջորդ շերտը, կրկին լավ սեղմեք, հանեք յուղաթուղթը, քսեք կրեմը եւ այդպես բոլոր շերտերը: Վերջին շերտին կրեմը քսելուց հետո վրան քերեք զարդարելու համար նախատեսված ընկույզը:

ideal4 ideal5 ideal6
Տորթը պետք է հանգստանա առնվազն 7-8 ժամ, ցանկալի է՝ մեկ օր, որից հետո կարող եք վայելել:

ideal7
Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

«Առավոտ»

12.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Տղամարդու իդեալ» տորթը՝ կինն է:

    (այսինքն՝ տղամարդու համար կեանքի վեհագոյն քաղցրութիւնը…)

    ես ինքզինքս յուզեցի…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031