Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գյուրջյան. Պաշտպան նշանակելու որոշումն ապօրինի է

Մարտ 12,2016 23:41

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 12-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանը Վարդգես Գասպարիի գործով նիստի ընթացքում որոշեց այլ պաշտպան նշանակել: 

Նա առաջարկել էր Գասպարիին ընտրել այլ պաշտպան, քանի որ պաշտպաններ Գյուրջյանը եւ Հակոբյանը անընդմեջ երեք անգամ չեն մասնակցել դատական նիստերին, իսկ Եգորյանը, ներկայանալով, առանց նախագահող դատավորի թույլտվության լքել է նիստերի դահլիճը:  Իսկ  իր որոշումը հիմնավորել էր այն հանգամանքով, որ ամբաստանյալը եւ իր պաշտպանները արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծում դատաքննությունը խոչընդոտելու համար, ինչը անթույլատրելի է:

Aravot.am-ը զրուցեց Գասպարիի պաշտպան Դավիթ Գյուրջյանի հետ: Վերջինս նշեց, որ այս դեպքում Քրեական դատավարության օրենսգիրքը նման հնարավորություն դատարանին չի տալիս. «Մենք դա գնահատում ենք որպես ակնհայտ ապօրինի որոշում: Ավելի հստակ՝ երեք դեպք է նախատեսում, որոնցից ոչ մեկը այս պարագայում առկա չէ, հետեւաբար՝ այդ որոշումն ապօրինի է: Հետո, պատճառաբանել է, որ մենք՝ երկու պաշտպաններս, 3 նիստի չենք ներկայացել, իսկ երրորդը վերջին նիստից հեռացել է: Քրեական օրենսգիրքը պաշտպաններին հեռացնելու այդպիսի հիմք չի նախատեսում: Դատարանի մաքսիմալ գործողությունը այն դեպքում, եթե նույնիսկ երեք պաշտպաններն էլ անընդմեջ երեք նիստ չներկայանայինք, կարող էր լինել առաջարկել Գասպարիին նոր պաշտպան ընտրել, ինչն էլ արել է: Գասպարին հրաժարվել է այդ հնարավորությունից եւ իրավունքից եւ պատասխանել է դատարանին, որ ունի պաշտպան եւ ցանկանում է, որ միայն իրենք պաշտպանեն իր իրավունքները»:

Խնդրեցինք Դավիթ Գյուրջյանին պարզաբանել՝ պաշտպան ասելով դատարանը նկատի է ունեցե՞լ հանրային պաշտպանին, ո՞րն է ընթացակարգը. «Դա նշանակում է, եթե Գասպարին նոր պաշտպան չի ներկայացնում, այդ պարագայում դատարանն է դիմում Հանրային պաշտպանի գրասենյակ՝ անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու պահանջով, եւ խնդրում է մեկ պաշտպան գործուղել այս գործին մասնակցելու համար, սա է ընթացակարգը: Բայց նորից եմ ասում, այս դեպքում որեւէ նման հնարավորություն դատարանը չունի: Եթե նույնիսկ պայմանականորեն հաշվենք, որ մենք՝ երեք պաշտպաններս, չենք մասնակցում դատավարությանը եւ Գասպարին միայնակ է մասնակցում, նույնիսկ այդ դեպքում դատարանը իրավական հնարավորություն չունի դիմելու, իրեն ինչ-որ պաշտպաններ հրամցնելու քայլին: Արդեն երրորդ անգամն է սա: Այս դեպքում՝ ամբաստանյալը իրավունք ունի միայնակ պաշտպանել իր շահերը՝ առանց փաստաբանի»:

Դավիթ Գյուրջյանը նշեց, որ կողմը համարում է, որ ոչ թե իրենք են արհեստականորեն խոչընդոտներ ստեղծում դատաքննությունը խոչընդոտելու համար, այլ դատարանի ոչ իրավաչափ գործողությունների պատճառով է ձգձգվում դատաքննությունը. «Պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվում օգտվել իրավական պաշտպանություն արդյունավետ միջոցներից, շատ հաճախ մեզ հնարավորություն չի ընձեռնվում առարկություններ ներկայացնել, միջնորդություններ եւ հայտարարություններ: Ավելի շատ մենք հակառակ գնահատականն ենք տալիս, որ նախագահող դատավորի գործողությունների հետեւանքով է ձգձգվում դատաքննությունը»:

Անդրադառնալով պաշտպանական կողմի անելիքներին՝ Դավիթ Գյուրջյանն ասաց, որ իրենք պատրաստվում են մասնակցել դատական նիստերին եւ իրենց մարտավարությունն առաջ տանել. «Իհարկե՛, վերջին իրադարձությունների լույսի ներքո՝ վերջին նիստերի, ինչպես էր վարում նիստը նախագահող դատավորը, արդեն անհնարին է դառնում նիստերի մասնակցությունը նախագահող դատավորի որդեգրած մարտավարությունը հաշվի առնելով: Բայց իհարկե՛, շարունակելու ենք մասնակցել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031