Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկելուց առաջ արժե կարդալ

Մարտ 12,2016 22:43

Ուրբաթ օրը «Առավոտում» հրապարակվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը: Բովանդակության մասին կարող եմ ասել, որ հոդվածում նախանշածն իրականացնելու համար ՀՀԿ-ն ա/ պետք է գիտակցի իր իրական վարկանիշը հասարակության մեջ, բ/ անկեղծ գնահատական տա իր գործունեությանը՝ առնվազն 2000 թվականի  մայիսից առ այսօր:

Բայց հիմա կցանկանայի ուրիշ բանի մասին խոսել: Որեւէ հոդված մեկնաբանելու համար այն պետք է նախեւառաջ… կարդալ: Այս հարցում վերջին շրջանում, կարծես թե, կոնսենսուս չկա, եւ կոնկրետ այս հոդվածի համացանցային տարբերակի առումով կարող եմ վստահաբար ասել, որ գնահատողների ու մեկնաբանողների 90 տոկոսը նյութը չի կարդացել:   Դա համընդհանուր օրինաչափություն է. մարդիկ համացանցում տեսնում են վերնագիրը, հեղինակի անունը կամ, լավագույն դեպքում, բացում են հոդվածն ու այնտեղ գտնում են որեւէ բառակապակցություն, կես նախադասություն, որից հետո իրենց մեկնաբանությունները կառուցում են այդ պատահաբար ընտրված դրվագից ելնելով: Նման մեկնաբանությունը սովորաբար որեւէ կապ չի ունենում հոդվածի բովանդակության հետ եւ արտահայտում է մեկնաբանության հեղինակի հույզերը, որպես կանոն՝ դժգոհությունը, բողոքը: Եվ դրան սովորաբար հետեւում է ոչ թե բուն հոդվածի, այլ մեկնաբանությունների քննարկումը:

Դա, իմ կարծիքով, զուտ համացանցային երևույթ է. մեր հայացքը առանց ուշադրության պատշաճ կենտրոնացման սահում է համակարգչի էկրանով եւ հաճախ քաղում է պատահական մտքեր եւ գիտելիքներ: Դրա «հակաթույնը» պարզ է. այնուամենայնիվ շարունակել կարդալ թերթեր, ամսագրեր, գրքեր: Ես, օրինակ, եթե երկար նյութ է եւ տպագիր տարբերակով չկա, գործի եմ դնում տպիչ սարքը: Իդեալական լուծում չէ, իհարկե, բայց ինձ օգնում է հասկանալ նյութի բովանդակությունը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Իսկ ընդհանրապես արժե՞ կարդալ…
    Ես, օրինակ՝ նման ՛՛հեղինակների՛՛ հոդվածներ այլևս չեմ կարդում: Ախր կարդամ, որ ի՞նչ անեմ. ափսոս չի՞ ժամանակը, երբ դրա փոխարեն կարելի է օնլայն ռեժիմով հետևել Ռեյկյավիկում և Մոսկվայում տեղի ունեցող շախմատային մրցաշարերում մեր շախմատիստների խաղին
    Ի դեպ՝ ՀՀԿ-ի իրական վարկանիշին անդրադառնալիս արժեր նաև խոսել՛՛հոդվածագրի՛՛ անձնական վարկանիշի մասին: Եթե ես որևէ մարդաշատ վայրում համարձակվեմ բարձրաձայնել, թե Աշոտյանը բարձր վարկանիշ ունի, ամենայն հավանականությամբ ինձ կառաջարկեն ՛՛աշոտյան լինել՛՛ այդտեղից…
    Լավ, քանի որ դա շատ ծեծված և այլևս հետքրքրություն չառացնող թեմա է, ավելի լավ կլինի խոսենք վերջաբանում արծարծված՝ ծավալուն հոդվածներն ընթերցելու տեխնիկան խնդրին:
    Անկեղծորեն ասեմ՝ զարմացած եմ, որ համակարգչի և մոնիտորի հնարավորությունները թողած, որևէ մեծ տեքստ կարդալու համար այն անհրաժեշտ է տպել:
    Նախ՝ համակարգիչը հնարավորություն է տալիս փոխել տեքստի շրիֆտի չափը՝ ըստ տեսողության կամ ճաշակի, բացի այդ, կարելի է տվյալ տեքստը տեղադրել word-ի որևէ ֆայլում՝ տառատեսակի և ֆոնի հետագա փոփոխության բազմաթիվ հնարավորություններով: Չէ՞…

  2. Հ.Շ. says:

    Հետաքրքրական դիտողութիւն է: Սակայն նիւթը ունի նաեւ այլ երեսներ:

    Օրինակի համար, այս արդի ժամանակներին, այսպէս կոչված՝ mainstream հրապարակագրութեան մէջ կը գտնենք շատ մը յօդվածներ, որոնց մէջ երբ որ հանդիպինք մի մտքի, երկու տող ետք՝ արդէն հեղինակը կ’արտայայտէ անոր հակառակ միտքը: Գաղափար մը, եւ հո՛փ, քիչ անդին՝ զայն հակակշռող, չեզոքացնող ակնարկութիւն մը: Կը կարդանք կարծիք մը, ապա… անոր հակառակ կարծիքը:

    Այս մօտեցման պատճառները կամ մղումները բազմաթիւ են եւ բազմատեսակ, ոմանք դրականօրէն գնահատելի, ոմանք՝… նուազ հիանալի: Հաւասարակշռութիւն, անկողմնակալութիւն, առարկայականութիւն, ճկունութիւն, նրբութիւններ ըմբռնելու հմտութիւն, իմաստութիւն, լայնամտութիւն, եւայլն.: Կամ ել՝ պէտք եղածից թերեւս մի քիչ աւելի շատ «վարպետութիւն», ոչ ոք երբեք չնեղացնելու եւ բոլորին հետ օգտակար յարաբերութիւն պահպանելու մնայուն մարմաջ, բոլոր այլընտրանքները – եւ մտաւորական փախուստի ճամբաները – միշտ բաց ու տրամադրելի պահելու ճարպիկութիւն, հնարամիտ ինքնահակասութիւն, հանճարեղ որձեւէգութիւն, եւայլ. Իսկ երբեմն շատ բարակ է թելը՝ այդ բոլորին միջեւ…

    Երբ որ կը կարդանք մի այդպիսի յօդված – եւ լման, լաւապէ՜ս կը կարդանք զայն -, պարզապէս անկարելի է անոր մասին որեւէ քննարկում կատարել, եթէ զայն առնենք իր ամբողջութեան մէջ: Հետեւաբար, եթէ ուզում ենք մի բան ասել, միակ ճարը՝ վերցնել է այդտեղ ներկայացված մտածումներից/կարծիքներից մին կամ մի քանի հատը, եւ անոնց հակազդել: Եթէ ոչ, անհնար է որեւէ մեկնաբանութիւն արտայայտել, ու կը մնայ միայն կարդալ, եւ լռել:

    Թերեւս արդէն այդ է այդպիսի յօդվածներ շարադրողների նպատակը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031