Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ այսօրվանից Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նոր օգնականներ ունի, նրանցից մեկը Գյումրու թիվ 20 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Արմեն Պետրոսյանն է՝ ՀՅԴ կուսակցությունից, մյուսը՝ Ռոմիկ Մանուկյանի 25-ամյա որդին է՝ Սարատակի ավագանու անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանուկյանը: Ի դեպ, Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքէջից հանված է մարզպետի մամլո գծով օգնական Արաքսյա Կիրակոսյանի անունը:
Արդյո՞ք Հովսեփ Սիմոնյանը աշխատանքից ազատել է Արաքսյա Կիրակոսյանին, մենք չկարողացանք ճշտել Արաքսյա Կիրակոսյանից, նա տեւական ժամանակ է՝ հեռախոսազանգերի չի պատասխանում: Այս հարցը կփորձենք ճշտել նաեւ Հովսեփ Սիմոնյանից: Նկատենք, որ օգնականի պաշտոնը հայեցողական է. ըստ էության մարզպետը իրավունք ունի իր նախընտրած մարդկանց աշխատանքի նշանակելու:
Տվյալ դեպքում հասկանալի է՝ նա որոշակի պարտավորվածություններ ունի իր կուսակիցների առջեւ, բայց միեւնույն ժամանակ շեշտենք, որ մամուլի հետ աշխատելու համար պրոֆեսիոնալ կադր է անհրաժեշտ: Շիրակի մարզպետարանի լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը հազիվ հասցնում է ընդունել ու արձանագրել Շիրակի մարզի բնակիչների բողոքները: Այս մարզն այնքան հոգսաշատ է ու այնքան շատ են խախտվում մարդկանց իրավունքները, հատկապես Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած ու իրավական խնդիրների առաջ կանգնած անձանց, որ լրատվության բաժնի դիմաց մշտապես հերթեր են գոյանում:
Լրատվության հետ աշխատանքը վերջին 5-6 տարիներին համակարգում էր Արաքսյա Կիրակոսյանը: Նշենք, որ նա «Ցայգ» հեռուստաընկերության ամենահետաքրքիր ձեռագիր ունեցող լրագրողներից մեկն էր: Նա մարզպետարան աշխատանքի հրավիրվեց Աշոտ Գիզիրյանի կողմից, աշխատեց որպես մարզպետի օգնական մամլո գծով ու շարունակեց աշխատել նաեւ Ֆելիքս Ցոլակյանի կառավարման ժամանակահատվածում:
Կարդացեք նաև
Արաքսյա Կիրակոսյանը ինչպես տեղի լրատվամիջոցների, այնպես էլ տարբեր գերատեսչությունների կողմից ընդունված, սիրված անձ է: Ունենալով համապատասխան կրթություն ու փորձ՝ նա կարողանում է պրոֆեսիոնալ մակարդակով համակարգել մարզպետարանի պաշտոնյաների ու լրատվամիջոցների կապը, լեզու գտնել ու շփվել անգամ ամենաքմահաճ լրագրողների հետ: Նրա շնորհիվ վերջին մի քանի տարվա ընթացքում հեշտացնել էր լրատվամիջոցների աշխատանքը, հազիվ սկսվել էր նորմալ համագործակցություն պետական այս կառույցի հետ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Սերի կարդինալը: