Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության համակարգող Գոհար Մանուշակյանը, անդրադառնալով փողոցային կենդանիների վնասազերծման խնդիրներին, հիշեցրեց իրենց վերջին ժամանակների արված գործերը. «Արդեն քանի տարի է՝ կատարում ենք «Յունիգրաֆ իքս» կազմակերպության աշխատանքների այսպես ասած՝ շտկումով»:
Գոհար Մանուշակյանը եւս մեկ անգամ նշեց այն փաստը, որ վերջին օրերին գունավոր ժապավեներով շներ են բաց թողնվել, որոնց, ըստ «Յունիգրաֆ իքս» կազմակերպության՝ պետք է ստերջացրած եւ ամորձահատած լինեին, բայց ինչպես «Դինգո թիմ»-ի աշխատողներն են պնդում՝ աշխատանքը ոչ միայն հավուր պատշաճի չի արվել, այլեւ՝ դրանից հետո այդ կենդանիները ունեցել են լուրջ հիվանդություններ եւ վարակներ:
«Գիշերով բռնեցինք 7 շուն, որոնք գտնվում էին ծայրահեղ վատ վիճակում: Շներից մեկին ամորձահատել էին, բայց հեռացրել էին միայն մեկը, որը հետագայում լուրջ առողջական խնդիր էր առաջացնելու կենդանու մոտ: Մի քանի էգ շների ընդհանրապես ոչինչ չէին արել, այն էլ այն դեպքում, երբ հայտարարել էին, որ վիրահատել են. 3 էգի ընդամենը պատռվածք էին տվել վերին շերտի, «բլանդել» էին բառիս բուն իմաստով եւ կենդանիների վերքերը գտնվում էր ամբողջովին թարախակալած վիճակում: Էգերից մեկին, լրատվամիջոցների ներկայությամբ բացեցինք այդ կտրվածքը, որը ի դեպ շատ սխալ տեղից էի արված, այսինքն` հետագայում միզուղիների եւ այլ օրգանների խնդիր է ունենալու: Բացեցինք այնտեղից, որտեղից որ պետք էր եւ ինչ՝ անգամ մկանը բացվածք չուներ, այսինքն` կենդանին ստերիլիզացված չէր, պարզապես առանց ցավազրկելու փորը կտրել են եւ կարել են անհայտ ծագում ունեցող թելով, այն դեպքում, երբ անասնաբույժները կարում են հատուկ թելով, որը 6 ամսվա ընթացքում ներծծվում են եւ ոչ մի խնդիր չեն առաջացնում: Անասնաբույժներին խնդրեցինք, որ ստերջացումը շարունակեն, որի ընթացքում պարզ դարձավ, որ «Յունիգրաֆ իքս» ընկերության կողմից ստերջացված շունը նաեւ հղի է»:
Կենդանին, ըստ Գոհար Մանուշակյանի, ստացել է բոլոր բուժումները եւ հիմա գտնվում է իրենց խնամքի ներքո: Ավելացրեց նաեւ, որ հայտնվել են շան տերերը, որոնք մի քանի ամիս առաջ կենդանուն կորցրել էին եւ միայն «Դինգո թիմ» կազմակերպության կողմից բացահայտումների միջոցով գտել են եւ այսօր, բուժման վերջին կուրսը ստանալուց հետո շանը կհանձնեն տերերին:
Կարդացեք նաև
Գոհար Մանուշակյանը նշեց, որ երեկ նաեւ ահազանգ ենք ստացել, որ «Յունիգրաֆ Իքս» ընկերության աշխատողները հետ են վերադարձել եւ ժապավենով շներին հետ է հավաքում, որը, ըստ նրա, կոծկելու համար ցանկանում են վերացնել շներին. «110 միլիոն դրամը պետությունից «Յունիգրաֆ իքս» ընկերությանը հատկացրած գումարը մեր բոլորի վճարած հարկերն են: Ուզում ենք հասկանալ ո՞ր են գնում այդ գումարները, եթե անգամ չեն ցավազրկել կենդանուն»:
Ըստ Գոհար Մանուշակյանի՝ «Դինգո թիմ» կազմակերպության ցանկացած գործ թափանցիկ է բոլորի համար. «3-4 ամիս առաջ 120 շուն ենք վիրահատել, ստերջացրել ծրագրով, նաեւ մեկ ամիս առաջ 10 օրվա մեջ WVS- կողմից եւս 100 շուն պատրաստվեցինք, ամորձահատեցինք, ստերիլիզացրեցինք եւ բաց թողնվեց, բայց այսօրվա դրությամբ ահազանգ ունենք, որ այդ շներից 5-ին ոչնչացրել են»:
Գոհար Մանուշակյանը նշեց, որ ուզում են հասկանալ «Յունիգրաֆ իքս» ընկերությունը ի՞նչ է անում եւ ինչի՞ համար է ստանում ահռելի գումար, ինչի համար է տանջում կենդանիներին, այսօրվա դրությամբ վտանգի տակ դնում եւ քաղաքացիներին եւ ընտանի կենդանիներին: «Մեր կարեւոր հարցը այն է, որ «Յունիգրաֆ իքս» ընկերությունը լուծարվի, որպեսզի վերջապես ընդունվի օրենք՝ կենդանիների պաշտպանության, քանի որ չկա օրենք ու նրանք անում են այն ինչ ուզում են»:
Aravot.am-ը այս առիթով «Յունիգրաֆ իքս» ընկերության լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե որն է թերի գործի պատճառը, որ նման բան են հայտարարում, Լիլիթ Գրիգորյանը պատասխանեց. «Ժապավենը բոլորովին էլ ապացույց չէ: ի՞նչ եք պատկերացնում՝ «Յունիգրաֆ իքս»-ը այդքան խելք չունի, որ խայտառակ ձեւի վիրահատություն անի ու այդպես կենդանիներին բաց թողնի՝ իր վրա մեղադրանքներ ընդունելով, դա տրամաբանակա՞ն է: Մեր աշխատողները շատ բարեխիղճ աշխատում են, իրենց գործը շատ լավ անում են ու հեչ տրամաբանական չէ, որ մի ընկերություն, որ ինքը իր պատվի հետ խաղա, այն էլ այն դեպքում, որ ամեն մի արարքը, ամեն մի գործը ուշադրության կենտրոնում է: Ու ես շատ խիստ կասկածում եմ, որ այն ինչ տեղի է ունենում՝ իրականություն է:
Ցանկացած լրատվամիջոց, երբ որ ցանկացել է գալ մեր կլինիկա եւ ծանոթանալ մեր գործունեությանը՝ եկել է, ոչ մեկին ոչ մի արգելք չի դրվել»:
Մեր այն հարցին, որ «Դինգո թիմ» ընկերությունը այդ շներից մեկին վիրահատել էր եւ պարզել, որ ամենեւին էլ ստերջացում տեղի չի ունեցել, անգամ շունը հղի է՝ Լիլիթ Գրիգորյանը ասաց, որ մենք չենք կարող վատ գործ անել ու մեր ժապավենը կապել ու բաց թողնել. «Ես վստահ չեմ, որ դրանք մեր արածն են»:
Այն հարցին էլ, թե Ձեր ընկերությանը հրավիրել էին ինչո՞ւ չեք ներկա գտնվել, Լիլիթ Գրիգորյանը ասաց, որ իրենք չեն գնալու նրանց սադրանքներին դեմ. «Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, որը ուղղված է մարդկանց բարեկեցման, անվտանգության ապահովմանը, Երեւան քաղաքի թափառող կենդանիների թվի նվազմանը: Մենք մեր գործը բարեխղճորեն կատարում ենք եւ մեր հաշվետվությունը ներկայացնում ենք քաղաքապետարանին: Այլ մարդու, այլ քաղաքացու՝ հաշվետու չենք՝ մենք հաշվետու ենք միայն նրան ով որ պատվիրում է մեր աշխատանքը»:
Ես կարող եմ ուղարկել վիրահատման ընթացքում արված ռեպորտաժներ, որոնք արվել են «Կենտրոն», «Արմենիա», «Շանթ» հեռուստաընկերությունների կողմից: Մենք թաքցնելու բան չունենք, նույնիսկ մարդիկ, որ գալիս են՝ զարմանում են, որ մեր կլինիկան այդքան մաքուր, սիրուն է:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ