Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ անցած տարվա սեպտեմբերին դանակի 30 հարվածով սպանված 38-ամյա Հեղինե Դարբազյանի գործով այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց չորս վկա: Նրանցից երկուսը սպանված կնոջ հարեւանությամբ աշխատող տոնավաճառի աշխատակիցներն էին, մյուսը՝ տարածքը հսկող ոստիկանը եւ սպանվածի իրավահաջորդը՝ քույրը՝ Քրիստինե Դարբազյանը:
Տոնավաճառի աշխատակիցները դեպքի մասին գրեթե ոչինչ չպատմեցին, ասացին՝ առանձնապես ոչինչ չեն տեսել, չեն լսել: Նրանք նաեւ չընդունեցին խանդի հողի վրա կատարված սպանության վարկածը: Վկաներից մեկն ասաց, որ հեռուստատեսությամբ այդ վարկածը լսելուց հետո տաղավարների գրեթե բոլոր աշխատակիցներն ասում էին՝ «ղալաթ է անում, գլուխը քարին է տալիս, որ կնոջ բարոյականության վրա է ուզում կառուցել իր պաշտպանությունը»:
Վկաները հարցաքննության ժամանակ պատմեցին, որ մեղադրյալին, որպես սպանվածի ամուսին, երբեք չեն տեսել տոնավաճառում կնոջն այցելելիս կամ օգնելիս: Վկաները պատմում էին, որ սպանվածին հաճախակի այցելում էին երեխաները, օգնում մորը:
Տուժողի իրավահաջորդն էլ՝ Քրիստինե Դարբազյանը, ըստ փաստաբանի, որպես սպանության դրդապատճառ նշեց, թե իր քույրը պարզապես «իրավունք չուներ» ամուսնալուծվել ամուսնուց՝ մեղադրյալ Արտակ Առաքելյանից: Երբ վճռական որոշել է բաժանվել, Արտակի մոտ առաջացել է կնոջը հավերժ կորցնելու հոգեվիճակ, արդյունքում դիմել է սպանության:
Կարդացեք նաև
«Ամուսնու զբաղեցրած դիրքը ընտանիքում բռնապետական ու ակնհայտ անհավասարության առումով խոսում է այն մասին, որ տարիներ շարունակ նրա մոտ ձեւավորվել է ներքին ձեռագիր, որ կինն իրավունք չունի ընդդիմանալ իրեն, իրենից հեռվանալ»,- դատական նիստից հետո մեզ հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի պաշտպան՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Նա պատմեց, որ սպանվածը մշտապես ենթարկվել է ընտանեկան բռնությունների. «Ամեն մի փոքր առիթ հանդիսացել է ծեծկռտուք սարքելու առիթ, տատիկն է մահացել, չի թողել գա, եղբոր հարսանիքն է եղել, չի թողել մասնակցի: Չի ցանկացել, որ Հեղինեն դուրս գա ներանձնական մեկուսացումից: Իմը լինելն ու բոլորից կնոջը պահելն անբնական վիճակ է»:
Փաստաբանը նաեւ ասաց, որ իր համար զարմանալի էր հատկապես այսօր հարցաքննված ոստիկանի պատասխանները. «Փաստորեն ոստիկանին միայն դեպքի վայրը պահպանելն էր հետաքրքրում: Նա հետաքրքիր կեցվածք ուներ, ցանկալի կլինի, որ հարցաքննվող ոստիկանին ուշադիր նայենք՝ հասկանալու, թե իրենց այդ զոմբիացած կերպարով նրանք ում են պետք: Ոստիկանը, որը պատմում էր, թե գնաց դեպքի վայր, ներս մտավ, տեսավ մի կին արյունոտ վայր ընկած, հարցնում ենք՝ կենդանի՞ էր այդ կինն, ասում է՝ չգիտեմ: Հետո այդպես թողել է կնոջն ու դուրս եկել, հարց ենք ուղղում՝ գուցե ջուր տայիր, օգնություն ցուցաբերեիր, ասում է չէ ես դեպքի վայրը պետք է պահպանեի, այնպես, ինչպես կար: Կյանքը ցույց է տալիս, որ մեր ոստիկանը չի կարողանում դառնալ այն ոստիկանը, որին ժողովուրդն ուզում է տեսնել»:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի երեսունին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱն