ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզպետ նշանակվելուն պես առանձին հանդիպում է ունեցել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ՝ նշելով, որ պատրաստակամ է համատեղ աշխատել հանուն Գյումրու զարգացման: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեցին հենց Սամվել Բալասանյանի թիմակիցները՝ մանրամասնելով, որ հանդիպումը եղել է սեղանի շուրջ: Իսկ առանձին հանդիպելու պատճառն այն էր, որ 2012 թվականից սկսած, երբ Սամվել Բալասանյանն ու Հովսեփ Սիմոնյանը մրցակցում էին Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար, մեծ լարվածություն էր առաջացել այս երկու անձանց միջեւ: Նշենք, որ քաղաքապետի ընտրությունների ժամանակ ոչ պաշտոնապես Հովսեփ Սիմոնյանին աջակցում էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Հովսեփ Սիմոնյանի՝ Սամվել Բալասանյանի հետ հաշտվելու, համագործակցելու քայլը, բնականաբար, բխում է տարբեր կլանների բաժանված ու միմյանց հետ թշնամական հարաբերություններ ունեցող Գյումրու շահերից: Հովսեփ Սիմոնյանն այս ժեստով, ի գիտություն բոլոր կլանների, ցուցադրել է, որ ինքը հավասար վերաբերմունք ունի բոլորի հանդեպ:
Ի տարբերություն դիվանագիտական այս քայլի, պարզվում է՝ մարզպետ Սիմոնյանն այնքան էլ դիվանագետ չէ ամենակարեւոր գործընկերների՝ լրատվամիջոցների հետ շփվելիս: Նա մարզպետ նշանակվելուն պես սկսել է զարմացնել լրատվամիջոցների մասին իր պատկերացումներով ու խտրական, անհավասար վերաբերմունքով: Դեռեւս նախորդ շաբաթ օրը Գյումրու բոլոր գազալցակայանների սեփականատերերը գործադուլ էին հայտարարել՝ դժգոհելով, որ գազալցակայաններից մեկը գազի արժեքը ցածր է սահմանել՝ մրցակցային անհավասար պայմաններ ստեղծելով: Բողոքը բնականաբար հասել էր Շիրակի մարզային իշխանություններին, սակայն նորանշանակ մարզպետը, չգիտես ինչու, որոշել էր իր առանձնասենյակ պարզաբանման հրավիրել միայն տեղի հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին՝ ամենայն հավանականությամբ չպատկերացնելով, որ ինքը պաշտոնավարման հենց առաջին օրվանից խախտում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը ու կրկնում նախորդ մարզպետների՝ լրատվամիջոցների հետ աշխատելու չհաջողված, ինքնավարկաբեկող մեթոդները:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանի ժամանակ դռները փակ էին լրագրողների առջեւ, մարզպետը սարսափում էր լրագրող տեսնելիս, իսկ Լիդա Նանյանի ժամանակ իրադարձությունների էին հրավիրում այն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնց հարկ էին համարում, ու սա այնքան ժամանակ, մինչեւ որ լրագրողները խայտառակ չարեցին ու չբոյկոտեցին նրանց այս աշխատաոճը:
Ինչեւէ, նշենք նաեւ, որ նորանշանակ դաշնակցական մարզպետը մեկ շաբաթվա ընթացքում հասցրել է հանդիպել նաեւ «մարզում գործող ԶԼՄ-ների տնօրենների հետ»: Այս մասին ընթերցում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքէջում: Այս հարցում եւս մարզպետը խտրական ու անհավասար վերաբերմունք է ցուցաբերել՝ ընտրողաբար հանդիպելով առանձին ԶԼՄ-ների տնօրենների հետ: Ակնհայտ է, որ Հովսեփ Սիմոնյանի շրջապատից ինչ-որ «իմաստուն» նրան համոզել է, որ լրատվամիջոց համարվում են միայն հեռուստաընկերությունները, իսկ մնացածի հետ կարող է վարվել այնպես, ինչպես ուզում է:
Կարդացեք նաև
Մինչդեռ Գյումրիում մեկ –երկու ժամով հյուրընկալվող բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում երկրի նախագահը ու վարչապետը լավ գիտեն, որ այս քաղաքն ունի հրահանգների չենթարկվող, համարձակ լրատվական դաշտ, որի ներկայացուցիչների հետ շփվելն ամենեւին էլ խաղ ու պար չէ: Օրինակ՝ գեներալ Աշոտ Գիզիրյանը, որն իր պաշտոնավարման առաջին օրը փորձել էր հրահանգներ տալ լրատվամիջոցներին ու ոչ ավել, ոչ պակաս հեգնանքի էր արժանացել, իր պաշտոնավարման երկրորդ օրվանից մինչեւ վերջին վայրկյանը ցուցադրեց, որ առանց լրատվամիջոցների օգնության ինքը մարզպետ չէր կարող աշխատել: Գյումրիում աշխատող լրատվամիջոցների դերը բարձր էր գնահատում նաեւ ընթերցասիրությամբ մրցակիցը չունեցող գեներալ Ֆելիքս Ցոլակյանը՝ չխուսափելով հանդիպել ու հարցազրույցներ տալ անգամ իր անձի հանդեպ ոչ բարյացակամ տրամադրված ու ամենապրովոկացիոն հարցեր տվող լրագրողներին: Այնպես որ լրատվամիջոցների հետ աշխատելը հատուկ հմտություն, դիվանագիտություն ու ինչու չէ, նաեւ խորամանկություն է պահանջում, իսկ այս հարցում, ինչպես զգում ենք, Հովսեփ Սիմոնյանը սովորելու շատ բան ունի թե՛ իր նախորդներից եւ թե՛ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից. երբ որեւէ լրատվամիջոց չի ուզում լուսաբանել քաղաքապետարանում կատարվող իրադարձությունները ու ասենք հարկ չի համարում գնալ, Գյումրու քաղաքապետն անհանգստացած հարցնում է՝ ինչո՞ւ այսինչ լրատվամիջոցը չի եկել, հո՞ բան չի պատահել, հո մեզանից չե՞ն նեղացել…
Պատահական չէ նաեւ, որ Գյումրու ամենակոլորիտով քաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանը, պաշտոնից հեռանալիս, լրագրողներին ասաց. «Աշխատելն ինձ համար հեշտ է, ուղղակի ձեր կառույցները, լրատվության դավը, խարդավանքները ինձ ավելի էսպես հիասթափեցրեց, այ էս ձեր 4-րդ իշխանությունը…»: Քաղաքապետն իր այս խոսքերով շեշտեց, թե ինչեր կարող են անել լրատվամիջոցները…
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ