Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Պետրոսյանի կարծիքով՝ պետք չէ հույս ունենալ, որ Եվրոպա էժան թռիչք իրականացվի «Արմենիա»-ի կողմից

Մարտ 12,2016 19:48

«Ամեն ինչ սկսվեց 1998 թվականից, երբ մեր երկրում կարգվեց Ռոբերտ Քոչարյանը որպես նախագահ: Ուղղակի արհեստական սնանկացվեց Հայկական ավիաուղինները, որից հետո տարբեր արկածախնդրային ձեւերով ստեղծվեցին փոխադրողներ»,- այսօր այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց  ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:

Պարոն Պետրոսյանը նշեց, որ այս նոր վրացահայկական «Արմենիա» ավիաընկերության մուտքն իր համար շատ զարմանալի է եղել եւ նրան թվացել է, թե գովազդային հնարք է. «Էժան գներով  փորձում են հրապուրել իշխանություններին, ժողովրդին, բոլորին»:

Շահեն Պետրոսյանը նախ ընդգծեց, որ փոխադրողի անունը չպետք է լինի «Արմենիա». «Սա հատուկ անվանում է, որը չի կարող ինչ-որ մասնավոր ընկերություն այդ անունը կրի, քանի որ սնանկանալու ժամանակ պետությանն է խայտառակելու»:

Նա նշեց, որ սեփական փոխադրող անհրաժեշտ է, եւ այդ «բեռը», ըստ նրա, պետք իր վրա վերցնի պետությունը. «Քանի որ ոչ մի մասնավոր նման ռիսկային բիզնեսի մեջ չի մտնի, ով էլ փորձ է արել՝ արագ սնանկացվել է: Կայանալուց հետո նոր կարելի է մասնավորեցնել»:

Շահեն Պետրոսյանը առաջարկում է Վրաստանի հետ, կամ մի գուցե Ուկրաինայի, կամ Իրանին հետ մի ալյանս ստեղծել եւ «բաց երկնքի» քաղաքականությունը փոխադարձ կարողանալ հիմնել: «Մենք էլ, ճիշտ է, ԵՏՄ ենք մտել, բայց ես ԵՏՄ-ի հակառակորդն եմ: ԵՏՄ-ն արհեստական կառույց է, ինչպես ԱՊՀ-ն»:

Խոսելով «Արմենիա» ավիաընկերության կողմից հայտարարած գնային քաղաքականության մասին՝ պարոն Պետրոսյանը նշեց, որ նրանք սկզբնական շրջանում չէին նախատեսել օդանավակայանի սպասարկման գները, օդի հարկը եւ ընդամենը մեկ ուղղությամբ հաշվել էին, որ ընդամենը հարյուր եվրո կլինի: «Եթե այդ ուղղությունը Մոսկվա կամ Թեհրան լինի՝ խելքին մոտ գին է: Այն վառելիքի գինը, որ կա «Զվարթնոց» օդանավակայանում եւ այն մենաշնորհը, որ կա վառելիքի ոլորտում, եթե դա չազատականացվի, իրենք իրենց սեփական վառելիքը բերեն, քանի որ Վրաստանում վառելիքը երկու անգամ Հայաստանից էժան է: Իսկ մեր օլիգարխները նույն այդ վառելիքի մեջ են մտած՝ նրանք ռուսական վառելիքի դիստրիբյուտորներն են կամ եթե կարողանան հասնեն նրան, որ Վրաստանից էժան վառելիք բերեն, գուցե հնարավոր է էժան թռիչքը»:

Բաժնետերերի մասին խոսելիս՝ Շահեն Պետրոսյանը եւս անվստահության մասին խոսեց. «Միակ մասնագետը Վրաստանից Թամազ Գաիաշվիլին է՝ ավիացիոն մասնագետ, եւ ինքը ունի 24% բաժնեմաս, իսկ երկու հայերը միասին` 76%: Ինձ թվում է, որ չի հասնի այն փուլին, որ բաժնեմասեր վաճառվեն, կամ մասնավորեցնեն, սեփականաշնորհեն: 50 միլիոն դոլար արժե, էս  մարդկանց կարողությունները չգիտեմ՝ ունեն այդ 50 միլիոնը, հետո սեփական ավիապարկ էլ չունեն, օդանավ չունեն՝ բոլորը վարձակալած օդանավեր են»:

Այս պայմաններում դեպի Եվրոպա թռիչքը՝ հետադարձով, ըստ պարոն Պետրոսյանի 400 դոլարից կամ 400 եվրոյից պակաս չի կարող լինել. «Այնպես որ հույսներդ կտրեք, ժողովուրդ ջան»:

Aravot.am-ի այն հարցին, որ «Արմենիա» ընկերությունը հայտարել է 3 «Բոինգ» ինքնաթիռի առկայության մասին եւ մինչ տարեվերջ էլ թվաքանակը կհասցնեն 8-ի, պարոն Պողոսյանն ասաց. «Հայաստանը այդքան շուկա չունի, եթե օդանավերը պետք է գան ուղղակիորեն այստեղ կայանեն դա անիմաստ բան է՝ իրենց հայտարարած չվերթների համար 3 օդանավը լրիվ բավարար է: Փոքրիկ սուտը ծնում է մեծ անվստահություն, կամ իրենց պարծենկոտությունը մի քիչ կասկածներ է առաջացնում: Մենք առանց որեւիցե բանի սուս ու փուս անում էինք, վերջում երբ որ սաղ սարքեցինք, նույնիսկ մի հատ չենք էլ պարծեցել, որովհետեւ դա մեր աշխատանքն էր՝ դու քո աշխատանքը անելու համար պիտի պարծենա՞ս»:

Մեր այն հարցին էլ, թե ինչ կարծիք ունեք «Էյր Արմենիա» ավիաընկերության շուկայում մնալ-չմնալու առիթով, ասաց՝  շուկայից դուրս են եկել եւ չեն կարող վերականգնվել:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Էլի Շահենը՞: Հայկական ավիացիան քանդելու ակունքներին շատ մոտ կանգնած էս անձնավորությանը ինչքան շատ եք տեղ տալիս: ՀՀՇ-ն իր կարկառուն անդամին յուղոտ թիքա տվեց հայկական ավիացիան ուտելու համար, ոչ թե, որ Շահենը ավիացիայի ուժեղ մասնագետ էր: Արդյունքն էլ, տեսանք, թե ինչ եղավ:
    Արմենիա ավիաընկերության ներկայացուցիչները իրենց գնային քաղաքականությունը շատ խուճուճ ձեւով են ներկայացվում եւ ոչ մասնագետի համար ոչինչ պարզ չի: Բայց Շահենի ասածները սիրողականության մակարդակի էլ չեն: Աշխարհում կան շատ էժան գներ, օրինակ Ա320 օդանավով 2 ժամանոց թռիչքը Իտալիայից Ռումինիա շատ հաճախ արժե 15եւրո: Զուտ մաթեմատիկական հաշվարկով այդ գինը չի կարող բացատրվել: Բայց փաստ է այդ գինը, ես ինքս բազմիցս թռել եմ հենց գնով: Ու ինձ՝ որպես ուղեւորի, բացարձակ հետաքրքիր չէ, թե ինչպես է ձեւավորվում այդ գինը, թե ավիաընկերությունը ինչպես է դրա տակից դուրս գալիս, ինչ գնով է վառելիք գնում ու ինչ ծախսեր է անում: Կոպիտ ասած, դա իմ խելքի բանը չի: Բայց Շահենի դատողությունները չեն տարբերվում ինքնաթիռը միայն սավառնելիս տեսած մարդու դատողություններից:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031