Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի քննիչն անհիմն մեղադրվել է ծանր հանցագործության կատարման մեջ.  սուտ մատնություն կատարելու դեպքերով հարուցվել են քրեական գործեր

Մարտ 12,2016 19:05

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակիցներ Մհեր Ս.-ն և Հայկ Վ.-ն ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանին:

Մասնավորապես՝  Մհեր Ս.-ն  հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչ Վ. Հովհաննիսյանը 2015 թ. փետրվարի 13-ին հարցաքննելու ժամանակ բռնություն է կիրառել իր նկատմամբ, այնուհետև սպառնալով ձերբակալել՝ պահանջել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ, ինչից վախենալով ինքը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, թե, իբր, Գ. Ա.-ի ձեռքին դանակ է տեսել:

Հայկ Վ.-ն էլ հայտնել է, որ  քննիչի կանչով ներկայացել է հարցաքննության, պահվել է շուրջ 9 ժամ, սակայն քննիչն իրեն հարցաքննել է 1 ժամ, իսկ 8 ժամ շարունակ ապօրինի ազատությունից զրկվել է` պահվելով հիշյալ քննչական վարչությունում:

Դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են քրեական դատավարության մասնակիցներ Մհեր Ս.-ի և Հայկ Վ.-ի հաղորդումներում մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Քրեական գործով ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Մհեր Ս.-ին հարցաքննել է ոչ թե Վ. Հովհաննիսյանը, այլ քննչական խմբում ընդգրկված Հ. Համբարյանը: Հենց վերջինիս կողմից է կազմված և ստորագրված Մհեր Ս.-ի՝ 2015թ. փետրվարի 13-ին կատարված  հարցաքննության արձանագրությունը: Ընդ որում, հարցաքննությունից առաջ Մհեր Ս.-ին բացատրվել են վկայի իրավունքներն ու պարտականությունները, իսկ նա այդ հանգամանքը հաստատել է՝ արձանագրությունում իր ձեռքով գրելով, որ ծանոթացել է իր իրավունքներին, փաստաբանի և թարգմանչի կարիք չունի:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Մհեր Ս.-ի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:

Նախաքննությամբ հերքվել են նաև Հայկ Վ.-ի կողմից մատնանշված՝ իրեն տևական ժամանակ՝ շուրջ 9 ժամ ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ տվյալները: Քննությամբ հիմնավորվել է, որ վերջինս հարցաքննվել է ժամը 17:20-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում:

Այս կերպ` քրեական դատավարության մասնակիցներ Մհեր Ս.-ն և Հայկ Վ.-ն, գիտակցելով, որ իրենց կողմից մատնանշված տվյալները կեղծ են, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել քննիչ Վ. Հովհաննիսյանի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Միաժամանակ հաշվի առնելով, որ քրեական դատավարության մասնակիցներ Մհեր Ս.-ի և Հայկ Վ.-ի արարքներում առերևույթ կան սուտ մատնություն կատարելու հանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նրանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ի գիտություն քաղաքացիների

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում կտրուկ ավելացել են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից, իբր, կատարված հանցագործությունների վերաբերյալ դիմումբողոքները, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ գործող քրեական օրենսդրության համաձայն` հանցագործության մասին ակնհայտ սուտ մատնությունը քրեորեն պատժելի արարք է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով:

Համեմատության համար նշենք, որ 2014 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության փաստով հարուցվել և քննվել է 8, իսկ 2015թ.-ին` 17 քրեական գործ: 2014-2015թթ. քննված քրեական գործերով սուտ մատնություն կատարած մեղավոր անձինք դատապարտվել են:

2016 թվականի մարտի 12-ի դրությամբ` սուտ մատնության փաստով հարուցվել և քննվում են արդեն 12 քրեական գործեր, որոնցից 2-ի նախաքննությունն ավարտվել է և քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ մնացած քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031