Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնավոր մուլտիպլեքսորների համար կարեւոր է ունենալ գրավիչ եւ իրատեսական շուկա»

Մարտ 12,2016 18:40

ԵԱՀԿ Մամուլի ազատության ներկայացուցչի գրասենյակը ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի մասին իրավական վերլուծություն» անվանմամբ զեկույց է հրապարակել:

Զեկույցը անդրադառնում է 2015 թվականի դեկտեմբերին ընդունված «Հեռուստատեսության եվ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքին: Օրենքում մասնավոր մուլտիպլեքսորը սահմանվում է իբրեւ «Ազգային հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ, որն ապահովում է մուլտիպլեքսի տարածման կամ հեռարձակման ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը»: ԵԱՀԿ Մամուլի ազատության ներկայացուցչի գրասենյակը համարում է, որ սահմանումը հաջող չէ, քանի որ սուբյեկտը որպես այդպիսին կարող է գոյություն ունենալ եւ իրականում, մինչեւ լիցենզավորումը կարող է ունենալ իրավական պարտականություններ, իսկ այդ սահմանումով մինչեւ լիցենզիա ստանալը նա մասնավոր մուլտիպլեքսոր չէ:

55.1 հոդվածի 3-րդ մասում նշվում է՝ «Մասնավոր մուլտիպլեքսորի ցանցի բաղադրիչները (ներառյալ՝ ռադիոկայանները, մալուխները, հեռարձակող սարքավորումները) պետք է լինեն մասնավոր մուլտիպլեքսորի սեփականությունը»: ԵԱՀԿ Մամուլի ազատության ներկայացուցչի գրասենյակը համարում է, որ նման պահանջները պարզ չեն. «Եթե օրենսդիրին մտահոգում է պրովայդերների կայունությունը (ինչն իրավաչափ մտահոգություն է), խիստ պահանջները՝ բիզնես պլանը ցուցադրել տեխնիկայի վարձակալության մասին եւ նման այլ համաձայնագրերով, կարող է նույն ազդեցությունն ունենալ, ինչ այդ բաղադրիչների սեփականատեր լինելը»:

62-րդ հոդվածի 16-րդ մասում ասվում է՝ «Մինչեւ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության սկիզբը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է տեղական հեռուստառադիոընկերությունների գործունեությունը՝ գործող լիցենզիաների՝ առանց փոփոխությունների երկարաձգման միջոցով: Ազգային հանձնաժողովը սահմանում է տեղական հեռուստառադիոընկերությունների լիցենզիաների երկարաձգման կարգը եւ պայմանները, որոնք, սակայն, չեն կարող պարունակել հավելյալ պահանջներ, բացի ընկերության կողմից կիրառվող հեռարձակող սարքերի, ընկերության գործունեության (տեւողության) եւ ընկերության մասին հանձնաժողով տեղեկատվություն ներկայացնելուց: Լիցենզիան երկարաձգվում է յուրաքանչյուր տարածքում մինչեւ նշված տարածքը ներառող մարզում հեռարձակման նոր մրցույթի անցկացումը եւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը: Սույն մասում նշված ընկերություններից լիցենզիայի երկարաձգման եւ տարեկան պետական տուրքեր չեն գանձվում»:

Մամուլի ազատության ներկայացուցչի գրասենյակը համարում է, որ տուրքեր չգանձելը լավ գաղափար է, սակայն պարզ չէ, թե ինչու է հոդվածում նշված լիցենզիան երկարաձգվում է մինչեւ նոր մրցույթի անցկացումը. «Թվում է, թե անալոգային հեռարձակումը կարող է մասնակցել մրցույթին, ինչն այդպես չպետք է լինի: Երկարաձգումը պետք է երկարաձգել մինչեւ մասնավոր մուլտիպլեքսները սկսեն գործել իբրեւ անցումային միջոց»:

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցչի գրասենյակը առաջարկում է զարգացնել թվային հեռարձակման բազմազան միջավայր, մասնավոր մուլտիպլեքսորների համար կարեւոր է ունենալ գրավիչ եւ իրատեսական շուկա. «Սահմանափակումները, թե նրանք ինչպես պետք է գործեն, պետք է հասցնել նվազագույնի եւ համապատասխանեցնել հայկական իրականությանը»:

Մամուլի ազատության ներկայացուցչի գրասենյակի կարծիքով՝ մրցույթը հետաձգելու հնարավորություն չպետք է լինի: Իսկ եթե անցումային ժամանակը կարճ է, ինչպես, որ պետք է լինի, նոր մրցույթ չպետք է լինի, բայց տեղական հեռուստառադիո ալիքներին պետք է թույլատրվի շարունակել իրենց գործունեությունը, մինչեւ թվային մուլտիպլեքսները սկսեն գործել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031