Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ասել Պեսկովը. Դավիթ Շահնազարյանը` ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունների մասին

Մարտ 12,2016 22:40

Մարտի 10-ին Սարգսյան-Պուտին բանակցությունների հաջորդ օրը Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ԼՂ խնդրի կարգավորման թեմայի վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց ՏԱՍՍ-ին` ասելով. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կարող են գտնել միայն դրա մասնակիցները, այլ ոչ թե միջազգային միջնորդները: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը հետեւողականորեն աշխատում է միջազգային ձեւաչափերում նման լուծմանը աջակցելու համար: Իրոք, գոյություն ունեցող միջազգային ձեւաչափերում, լինելով այդ ձեւաչափերի պատասխանատու մասնակից, Ռուսաստանը շարունակում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ հետեւողական աշխատանքը: Սակայն ինչ-որ վերջնական լուծումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են բխել միայն հենց հակամարտության մասնակիցներից: Ո՛չ միջազգային միջնորդները, ո՛չ Ռուսաստանը չեն կարող կարգավորել հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարեն»:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը

Կրեմլի խոսնակի նշյալ մեկնաբանություններին անդրադառնալով Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, Դավիթ Շահնազարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Ասվում է, որ կարգավորումը կողմերի ձեռքին է, այլ ոչ թե միջնորդների: Սովորաբար նման հայտարարություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կողմից արվում էին այն շրջանում, երբ բանակցային գործընթացում ընդգծված պասիվություն էր, բանակցային գործընթացը գրեթե փակուղային իրավիճակում էր: Մինչդեռ հիմա ԵԱՀԿ ՄԽ-ն ունի կոնկրետ ծրագիր, հետեւաբար, Կրեմլը նման հայտարարությամբ հերթական անգամ ցույց է տալիս, որ դեմ է միջնորդների առաջարկած միջոցառումներին` զինադադարի խախտումների քննությունների մեխանիզմ կիրառելու գաղափարի կյանքի կոչմանը: Պեսկովի հաջորդ դիտարկումն առավել քան տարօրինակ է, երբ նա նշում է` ԼՂ հակամարտության կարգավորման «գոյություն ունեցող միջազգային ձեւաչափերի» մասին:

Ողջ հայտարարության մեջ ընդհանրապես չի հիշատակվում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության մասին: Ի՞նչ «միջազգային ձեւաչափերի» մասին է խոսքը, երբ պաշտոնական Բաքվի հետեւողական ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու ուղղությամբ, հակադարձել են Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն, Գերմանիան` նաեւ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, վերջերս էլ` Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Ֆեդերիկա Մոգերինին, երբ հստակ ընդգծեցին, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է եւ որին նրանք բոլորն ամբողջությամբ սատարում են եւ իրականում ԼՂ հակամարտության կարգավորման որեւէ այլ միջազգային մարմին գոյություն չունի: Պեսկովի հայտարարությունը հաստատում է, որ Ռուսաստանը սատարում է Ադրբեջանի ջանքերին` ուղղված ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների ձեւաչափը կազմալուծելուն կամ առնվազն այն ընդլայնելուն»:

Ըստ Դավիթ Շահնազարյանի` Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի հայտարարության հաջորդ ուշագրավ պահն այն է, որ նա նշում է` Ռուսաստանը հետեւողականորեն աշխատում է միջազգային ձեւաչափերում նման լուծմանն աջակցելու համար: «Ակնհայտ է, որ այժմ բուն կարգավորման մասին խոսելն իրատեսական չէ: Աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումների կարեւորագույն այն խնդիրը, որն իրենց առջեւ հիմա դրել են ԵԱՀԿ Մինսկի խումբն ու, մասնավորապես, Միացյալ Նահանգները` դա հակամարտության վերահսկողությունն է, որպեսզի նոր լարվածություն չբռնկվի: Այսինքն, ՌԴ-ն այս հայտարարությամբ նպատակ է հետապնդում արձանագրել, որ շարունակելու է այն քաղաքականությունը, ինչը մինչ այժմ էր որդեգրել, այսինքն` անընդհատ փորձել դիմադրել ԵԱՀԿ Մինսկի եռանախագահողների կողմից ներկայումս իրականացվող քայլերին: Ռուսաստանի կողմից այս քաղաքականությունն ուղղակիորեն բխում է Ադրբեջանի շահերից», նկատում է Շահնազարյանը:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարության «վերջակետը» Դ. Շահնազարյանը համարում է հետեւյալ ձեւակերպումը` «վերջնական լուծումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են բխել միայն հենց հակամարտության կողմերից»: «Սա ուղղակի հայտարարություն է, որ Ռուսաստանը դեմ է Միացյալ Նահանգների ջանքերին` շփման գծում քննությունների մեխանիզմ կիրառելուն, որի իրագործումը բխում է հայկական կողմի շահերից: Այսքանից կարելի է եզրակացնել հետեւյալը` Ադրբեջանի նկատմամբ որոշակի ճնշումներ են կիրառվում, որպեսզի Բաքուն համաձայնվի զինադադարի ռեժիմի պահպանման արդյունավետությանն ուղղված ԱՄՆ-ի կողմից իրականցվող քայլերին: Այս պայմաններում, երբ Ռուսաստանն էլ իր հերթին է գտնվում միջազգային ծանր ճնշումների ներքո, Մոսկվան փորձում է Ադրբեջանի համար փրկօղակի դեր ստանձնել: Ռուսաստանի ներկայիս կեցվածքը, կարծում եմ, ուղղված է առաջիկայում ԱՄՆ` Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի այցերին, որոնք մասնակցելու են միջուկային անվտանգության հարցերով չորրորդ գագաթաժողովին, որի շրջանակներում, ըստ որոշ տեղեկությունների, ամերիկյան կողմը ձգտում է կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում», ասաց մեր զրուցակիցը:

Դավիթ Շահնազարյանի հետ զրույցի այլ մանրամասները կարդացեք մարտի 15-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Гаяане says:

    Стиранием комментарий, вы реальность не меняйте!

    • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

      Հարգելի Կարեն, Ալինե, Մարինե եւ Գայանե: Մենք հրապարակում ենք միայն այն մեկնաբանությունները, որոնք վիրավորանքներ չեն պարունակում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031