ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը նախ շնորհավորել է աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերջինիս մաղթել արգասաբեր գործունեություն: Այնուհետև Լևոն Մկրտչյանն աշխատակազմին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես կրթություն և գիտության ոլորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ:
Նախարարի խոսքով` քանի որ նախատեսվում է անցնել ծրագրային բյուջեի, ապա պետք է հստակեցնել բոլոր միջնաժամկետ ծախսերը, վերանայել նախատեսվող ծրագրերի բաշխման համամասնությունը` դրանք կապելով Կրթության զարգացման պետական ծրագրի հետ: Լևոն Մկրտչյանը նաև առաջարկել է ստեղծել հանձնախումբ, որը կքննարկի և կհամեմատի հանրապետության ավագ դպրոցների զարգացման ծրագրերը: Նախարարի խոսքով` յուրաքանչյուր ավագ դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և առաջնորդվի դրանով:
Լևոն Մկրտչյանն առաջարկել է վերանայել նաև ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմը` այն ձևավորելով որոշակի սկզբունքների և չափանիշների հիման վրա : Ըստ նախարարի` կոլեգիայի կազմում պետք է ընդգրկված լինեն ոլորտում հեղինակություն վայելող մարդիկ, անվանի գիտնականներ, մտավորականներ: «Կոլեգիայի նիստում պետք է քննարկվեն բավականին լուրջ հարցեր: Առհասարակ, կոլեգիան պետք է լինի նախարարության դեմքը և ուժ տա նրան: Առկա է կոլեգիայի հեղինակության բարձրացման խնդիր»,-նշել է նախարարը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի, դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխման հնարավորության, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցության, տնօրենների հավաստագրման, ուսուցիչների տարակարգի, ոչ պետական բուհերի գործունեության վերաբերյալ այլ հարցեր:
Կարդացեք նաև
Կրթության եւ գիտության նախարարություն
Կարծում եմ անհրաժեշտ է վերանայել պետական քոլեջների դասախոսների աշխատավարձերի չափերը, այն կարգավորել վերևից, չթողնելով տեղերի հայեցողությանը, այլապես ստացվում է, որ պարապած նույն ժամաքանակների դեպքում քոլեջի դասախոսն անհամեմատ ավելի քիչ աշխատավարձ է ստանում քան դպրոցի ուսուցիչը։ Լրիվ անտրամաբանական է այսպիսի ապրիորի տարբերակումը։ Բացի դրանից դպրոցի ուսուցիչները օգտվում են սոցիալական փփաթեթից, իսկ քոլեջիդասախոսները՝ ոչ։ Բայց հիվանդությունները մարդուն մոտենում են առանց տարբերակման։ Կարծում եմ հիշյալ խնդիրները դյուրին լուծելի են, քանզի այդ հարցերին առնչվող պետական քոլեջների դասախոսների թիվը շատ սահմափակ է։