Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հրապարակման կապակցությամբ քննություն կատարեցին եւ գործը փակեցին

Մարտ 12,2016 17:53

Մարտի  10-ին  փոստով Նոյեմբերյանի քննչական բաժնի ավագ քննիչ, արդարադատության լեյտենանտ Ա. Մամյանից  նամակ ստացանք: Նամակում նշված է, որ 2015թ.  նոյեմբերի 11-ին aravot.am կայքում մեր կողմից հրապարակված «100-150 հազար դոլար են ծախսել, սակայն նորոգման համար բավարար չի եղել»հոդվածի առթիվ ՀՀ Տավուշի մարզի դատախազության կողմից, ոստիկանության  Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների ներգրավմամբ, Տավուշի մարզի դատախազի 2015թ.  նոյեմբերի 19-ի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են կազմակերպվել: Դրա  վերաբերյալ 2015թ.  դեկտեմբերի 1-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նախապատրաստված նյութերը եզրակացությամբ թողնվել են անհետեւանք եւ կցվել ոստիկանության բաժնի քարտուղարության գործին:  Նշված նյութերը  Տավուշի մարզի դատախազի 2016թ.  փետրվարի 19-ի ուղեկցական գրությամբ ուղարկվել են  Տավուշի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ցուցումով:

monitorner

Նյութերը Նոյեմբերյանի  քննչական բաժնում  ստացվել են 2016թ. փետրվարի 23-ին: Նամակում  գրված է. «Նախապատրաստված նյութերով պարզվել եւ հիմնավորվել է, որ Նոյեմբերյանի համալիր սոցիալական ծառայությունների  տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները կատարվել է «Գոկո-շին» ՍՊԸ-ի կողմից:  Աշխատանքի սկիզբ է համարվել 2012թ.  օգոստոսի 16-ը,  իսկ ավարտը՝ 2013թ. փետրվարի 28-ը:

Կատարված աշխատանքների արժեքը ըստ պայմանագրի եւ կատարողական  ակտերի, կազմել է 39.509.019.6  ՀՀ դրամ, աշխատանքները կատարվել են նախագծային առաջադրանքներին համապատասխան եւ սահմանված ժամկետում, նախագծային փաստաթղթերին ու նորմատիվ պահանջներին բավարարող որակով: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի լրացուցիչ ֆինանսական միջոցներից, ՀՀ  ֆինանսների նախարարության  Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի կողմից, եւ նախատեսված գումարը կատարված աշխատանքների դիմաց փոխանցվել է ամբողջությամբ: Աշխատանքների ավարտի վերաբերյալ 2013թ. փետրվարի 28-ին կազմվել է համապատասխան «Շինարարական ավարտական ակտ»»:

Ավագ քննիչի գրության մեջ ասվում  է, որ սոցիալական ապահովության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի, Նոյեմբերյանի  զբաղվածության տարածքային կենտրոնի, սոցիալական աջակցության  Նոյեմբերյանի տարածքային գործակալության  ղեկավարները եւ Նոյեմբերյանի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի հավաքարարն իրենց բացատրություններում  հայտնել են, որ նշված կենտրոնում իրենց աշխատանքի անցնելու պահից որեւէ թերություններ, կենտրոն այցելող քաղաքացիների կողմից բողոքներ եւ դիտողություններ չեն եղել: Տվյալ ժամանակաշրջանում Նոյեմբերյան քաղաքում մշտական ջրամատակարարում չի եղել, այդ  պատճառով ջրի բաք է տեղադրվել, սակայն հետագայում կենտրոնն ապահովվել է նաեւ մշտական ջրամատակարարմամբ:

Ա. Մամյանի  գրության մեջ այնուհետեւ  ասվում  է. « Նոյեմբերյանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում զննությամբ պարզվել է, որ առկա  է մշտական  ջրամատակարարում, սան. հանգույցը գործում է, ընդունարանում տեղադրված են թվով 2 մոնիտորներ, որոնք սարքին են  եւ աշխատում են»:

Նամակում նշված է, որ մեր  հրապարակած հոդվածում հիշյալ  հանգամանքները պարզելու համար 2015թ. նոյեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունից համապատասխան գրություն է ուղարկվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Այդ նախարարության կողմից  ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրություններ է  կատարել,որոնց  արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն: Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության տեղեկանքի համաձայն խախտումներ, թերություններ չեն հայտնաբերվել:

Ելնելով վերոհիշյալից՝  Նոյեմբերյանի քննչական բաժնի ավագ քննիչ, արդարադատության լեյտենանտ Ա. Մամյանը  2016թ. մարտի 4-ին որոշել է  aravot.am կայքում  հրապարակված «100-150 հազար դոլար են ծախսել, սակայն նորոգման համար բավարար չի եղել» վերնագրով հրապարակման վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Նշված հրապարակման վերաբերյալ՝ մի քանի  պարզաբանում: Այն, որ Նոյեմբերյանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի նորոգման եւ  տեխնիկապես հագեցման  համար 100-150 հազար դոլար է ծախսվել, մենք տեղեկացրել ենք  2013թ. սեպտեմբերի 24-ին, կենտրոնի հանդիսավոր  բացման ժամանակ, այդ մասին մեզ  հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Վերոհիշյալ հոդվածում նշված  փաստերը իրականությանը համապատասխանում են, ամիսներ  շարունակ կենտրոնի սանիտարական հանգույցներում խնդիրներ են  եղել:

Կենտրոնի բացումից հետո  երկհարկանի շենքը ջրհորդաններ չուներ, անձրեւաջրերը քանդում էին շենքի հիմքերը, մեր  հրապարակումներից հետո  ջրհորդաններ տեղադրվեցին, շենքի հիմքերը քանդող, հիմքում  աճած  ծառերը հատվեցին:

Ավագ քննիչ Ա. Մամյանի նամակը ստանալուց  հետո, մարտի 10-ին եղանք համալիր սոցիալական ծառայությունների Նոյեմբերյանի տարածքային կենտրոնում եւ տեսանք. որ ընդունարանում գտնվող 2 մոնիտորները միացված չեն, դրանք չեն  աշխատում, «մեկ պատուհանի» սկզբունքով կենտրոնի այցելուներին տրված  հերթագրման համարները  գրիչով էին գրված:  Համալիր կենտրոնում  առկա է   նաեւ 3-րդ մոնիտոր:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031