«Մեր ստեղծած բիոէներգիայով և արևի էներգիայով աշխատող, արևից «առավել էներգիա քամող» ֆերմերային բազմաֆունկցիոնալ նորարար սարքավորումները կօգնեն զարգացնել գյուղատնտեսությունն ու շահավետ են պետության համար»,- այս մասին այսօր « Նոյյան Տապան» մամուլի ակումբում խոսեցին Տեխնիկական գիտությունների թեկնածուներ Ստյոպա Խոյեցյանը և Գուրգեն Մարտիրոսյանը:
Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ սարքն աշխատում է արևի էներգիայով և ունի երկու տարբերակ. « Սա արևի էներգիայի օգնությամբ մթերք չորացնող, ջրազրկող սարք է: Պտուղը տեղադրվում է սարքի մեջ: Առաջին տարբերակը պտտվում է արեգակի պտտման հետ միասին, իսկ երկրորդը՝ չի պտտվում. 1 մ քկ-ն տալիս է 10 կգ թարմ պտուղ բանջարեղեն: Սրանով կարող ենք անասնակեր, պարարտանյութ, միրգ, բանջարեղեն չորացնել.նույնիսկ կարելի է սածիլ աճեցնել»:
Պարոն Խոյեցյանը պնդեց, որ առանց պետության օգնության՝ գյուղացուն համոզել, որ սարքն օգուտ կտա իրեն, բարդ է. « Այսօր գիտնականին չեն տալիս հնարավորություն իր գործն ավարտելու: Գիտնականը ստեղծեց , արեց գյուտը,վերջ, այստեղ ամեն ինչ ավարտվում է: Չկա հաջորդ փուլի հնարավորություն, որի շնորհիվ գյուտը կիրառելի կդառնա: Վերջիվերջո այս աշխատանքները նրա համար են, որ օգուտ տան գյուղացուն: Նախարարությունը պիտի վերցնի գիտնականի ստեղծածը և փորձի գյուղացուն վաճառել, բայց չես կարող գյուղացուն թղթի վրա, նկարներով ցույց տալ, ասել՝ ինչ է սարքն իրենից ներկայացնում: Պետք է մի տեղ հատկացվի, որ գիտնականն անընդհատ աշխատի դրա վրա , ցույց տա արդյունքը, նորամուծությունները, կատարելագործումները: Գյուղացին պետք է տեսնի և օրինակով համոզվի, որ հնարավոր է այս սարքավորման միջոցով կրկնակի արդյունք ստանալ»:
Պարոն Խորեցյանը հավելեց, որ պաշտոնապես Հայաստանում 200 000 հա վարելահող չի օգտագործվում. « Մենք մոտավորապես 30 տեսակ արտադրանքի նմուշ ունենք: Ես կառանձնացնեի 2-ը, որ շատ կարևոր են այսօր գյուղատնտեսության համար: Կա այստեղ խոտալյուր աճեցնելու հնարավորություն, որը մեզ մոտ հիմա ընդհանրապես չի աճում, և ներկրելու համար ստիպված վճարում ենք հազարավոր դոլարներ: Ունենք նաև խաղողի չանչը, խաղողի կորիզը, կեղևը .սրանք հիանալի անասնակերեր են: Մենք արևի էներգիայի օգտագործմամբ կարողացել ենք դրանք ջրազրկել , դրանով անասուններ ենք կերակրել և ստացել հիանալի արդյունքներ: Ունենք նաև օրգանական պարարտանյութի նմուշներ, որոնք ապահովում են 20-30տոկոս մթերքի որակական աճ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին, թե կառավարությունն ինչու որևէ արձագանք չի տալիս այս նախագծին պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մեր սարքավորումն այդքան էլ թանկ չէ, այն արժե մոտավորապես 1000 դոլար: Մենք բազմիցս դիմել ենք Գյուղատնտեսության նախարարությանը, այն ամեն տարի գումար է հատկացնում նոր տեխնոլոգիաների ստեղծման համար: Այդ ծրագրին էլ ենք դիմել, բայց ոչ մի պատասխան մինչ այսօր չենք ստացել: Ես կարծում եմ՝ այստեղ հարցը շահերի բախումն է: Եթե սա սկսեն արտադրել, գյուղացու պահանջները բավարարել, ապա ինչ են անելու ազոտ, կալիում ներկրողները»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ