Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի ամենափորձառու անդամը՝ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, Լատվիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում պարզապես փայլում է:
33-ամյա մարզիկը, որ վերջին տարիներին վնասվածքների ու կողմնակալ մրցավարների պատճառով ոչ մի կերպ չէր կարողանում տեղը պահպանել մարզաձեւի վերնախավում, Ռիգայում գերազանցեց բոլորի սպասելիքները: Նա միմյանց հետեւից պարտության մատնելով խորվաթ Իվան Լիզատովիչին, վրացի Իրակլի Շավաձեին եւ ուկրաինացի Դմիտրու Ցիմբալյուկին՝ մտավ եզրափակիչ, որտեղ չեմպիոնի կոչման համար գոտեմարտելու է 2012 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ռուսաստանցի Մինգիյան Սեմյոնովի հետ: Հույս ունենք, որ հաջողությունն այս անգամ էլ երես չի թեքի Ռոմանից: Բայց անկախ այդ գոտեմարտի արդյունքից, Ռոման Ամոյանը իր երիտասարդ ըմբիշներին կամքի ու վարպետության դասեր տվեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ