Այսօր Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում նորածին երեխա է մահացել: Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է երեխայի մահվան պատճառը, կա՞ նախնական բժշկական վարկած:
Ի պատասխան մեր հարցի՝ պաշտոնյան ասաց, որ դիահերձումից հետո պարզ կլինի ՝ո՞րն է մահվան պատճառը: «Մինչ դիահերձումը ոչ մի ձեւ, անգամ ամենաուժեղ մտավոր ունակություններ ունեցող մասնագետները չեն կարող ասել ինչից կարող է մահացած լինի, կլինի դիահերձումը, մեր սեղանին դրված կլինի դատական բժշկի եզրակացությունը, որից հետո մենք կարող ենք խոսել մահվան մասին: Հիմա ո՛չ ես, ո՛չ էլ մեկ ուրիշը ոչինչ չենք կարող ասել, պետք է սպասենք դիահերձմանը, որից հետո, ինչպես ասում են՝ ամեն ինչ ջրի երես դուրս կգա, կպարզաբանվի, իսկ մինչ այդ ոչ մեկը ոչինչ չի կարող ասել՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Շիրակի մարզ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանն էլ ասաց. «Թող դատական բժիշկը հերձի, տեսնենք իրականում ինչ է եղել, գուցե եւ բնածին արատ է, գուցե եւ բժշկական սխալ կա, գուցե եւ անհարիր միջամտություն է եղել, բոլոր դեպքերում դա կպարզի դատաբժշկական փորձաքննությունը: Գյումրու ծննդատունը նորածինների համար նախատեսված արհեստական շնչառական ապարատ չունի, դրա համար էլ ծննդատնից տեղափոխել են ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ երկու ժամ անց մահացել է: Երեխան առաջնեկը չէ, մայրը կրկնակի կեսարյան հատման է ենթարկվել. առաջին կեսարյան հատումը 7, թե 8 տարի առաջ ես եմ արել, հիմա էլ երկրորդն են արել, էն էլ այսպես եղավ: Մայրը երեւի թե 30 տարեկան է, ոչ ավել: Այս երեխան տղան էր՝ 2 կիլոգրամ 800 գրամ քաշով»,-ասաց Ֆելիքս Գրիգորյանը:
Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կարդացեք նաև
ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդված, որը կոչվում է «Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը », նախատեսում է.
- Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:
- Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ