Լրահոս
Օրվա լրահոսը

16-ամյա աղջիկը սուտ մատնություն է արել, իբր  իր ծննդաբերած երեխան  խորթ հորից է

Մարտ 12,2016 15:57

1999թ. ապրիլին  Լոռու մարզի Շնող  գյուղում ծնված Ա. Հ.-ն  2015թ. ապրիլի 25-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխա է ունեցել: Հաջորդ  օրը ոստիկանության աշխատակիցներն այցելել  են անչափահաս աղջկան եւ հարցրել, թե ո՞վ է երեխայի հայրը: Նա  տվել է խորթ հոր անունը, ով Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է: 2015թ. հոկտեմբերի 16-ին Ա. Հ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով  որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար,որ նա գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ծանր հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն, 2015թ. ապրիլի 26-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում  հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունվարից մինչեւ դեկտեմբեր ամիսը  Վերին Կարմիրաղբյուրում իր խորթ հայրը, տեղյակ լինելով, որ իր 16 տարին չի լրացել, սեռական հարաբերություն է  ունեցել իր հետ:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Ա. Հ-ին իրեն մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալ:  Սակայն նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ ծննդաբերելուց հետո ինքը շփոթված է  եղել, չի իմացել,թե ով է իր երեխայի նյութական խնդիրները հոգալու, դիտավորյալ նշել է խորթ հոր անունը, որպեսզի նա պարտավորվի խնամել երեխային:  Հետագայում աղջիկը զղջացել է իր կատարածի համար: Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Ա. Հ.-ի  պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ է համարել նրա կողմից ի սկզբանե խոստովանական ցուցմունքներով հանցագործության բացահայտմանն աջակցելը, ինչպես նաեւ հանցագործություն կատարելու պահին նրա անչափահաս լինելը:

Ըստ «Դատալեքս»  դատական տեղեկատվական համակարգի՝ 2015թ. դեկտեմբերի 23-ին Իջեւանում  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ.  Մելքոնյանը վճռել է Ա. Հ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել 3 ամիս ժամկետով ազատազրկման: Դատավորը վճռել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 1 տարի ժամկետով փորձաշրջան: Քրեական գործով մեղադրողը  վճռաբեկ բողոք է ներկայացրել, որով խնդրել է բեկանել վերոհիշյալ  դատավճիռը եւ քրեական գործն ուղարկել  Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Ներկայումս  քրեական գործերով  ՀՀ վերաքննիչ դատարանում նշված բողոքի քննությունը շարունակվում է, հերթական նիստը նշանակված է մարտի 31-ին:

 

Լուսանկարը՝ vistanews.ru-ի

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031