Գարունը, բանաստեղծաբար, ժպտում է ամենքին ու զարթոնք բերում, միայն թե ձմռան քնից հանում է նաև քնած խնդիրները: Կանանց դեպքում առավել խոցելին մաշկն է. ցրտից պաշտպանող քսուքներն այլևս արդիական չեն, հաստ շերտով տոնային կրեմներն էլ պետք է սեզոնային անցում անեն: Արևից ու եղանակային փոփոխություններից դեմքին հայտնվում են կորյակներ, ալերգիկ ցան, ակտիվանում են պեպեններն ու մաշկային հիվանդությունները: Սակայն, բուժական կոսմետոլոգ Անահիտ Խաչատրյանը հորդորում է չտրվել բնության սադրանքներին, ՝ ծաղկել ներքուստ՝ չվախենալով արտաքին «ծաղկունքից», քանի որ դեմքի ճիշտ խնամքը կարող է նվազագույնի հասցնել, կամ իսպառ վերացնել նման անցանկալի երևույթները. «Գարնանը մաշկն ավելի շատ է կարիք զգում վիտամինների՝ A,C,E: Դրա համար հարկավոր է օգտագործել վիտամիններով հարուստ քսուքներ, տոնիկներ, դիմակներ: Մաշկը լինում է չոր, զգայուն, խառը, յուղոտ և նորմալ: Յուրաքանչյուրը պետք է իմանա իր մաշկի տեսակը և ըստ դրա օգտագործի համապատասխան խնամքի միջոցներ: Իհարկե, եթե խնդիրը մեծ է, հարկավոր է դիմել մաշկաբանի: Հաշվի առնելով մաշկի տեսակը, առավոտյան մաշկը պետք է մաքրել, լվանալ, տոնուսավորել և խոնավեցնել՝ տվյալ մաշկին համապատասխան քսուքներով ու գելերով »,- նշում է մասնագետը:
Շատ կարևոր է նաև մաշկի մաքրությունը. դրա համար երեկոյան նույնպես պետք է մաշկը մաքրել, տոնուսավորել ու սնուցել՝ հատկապես, եթե օրվա ընթացքում դիմահարդարումը հաճախ է թարմացվել: Ու չնայած, որ շատերը հաճախ մաշկը մաքրելու հիմնական միջոց են համարում օճառը, Անահիտ Խաչատրյանը հորդորում է հեռու մնալ օճառով ամենօրյա լվացումներից, քանի որ ջուրն էլ, օճառի պես, «կոշտ է», և մաշկը չափից դուրս չորացնելու մեծ վտանգ ունի: Խորհուրդ է տրվում շաբաթական մեկ անգամ մանկական օճառ օգտագործել, իսկ մնացած օրերին պարտադիր՝ մաքրող կոսմետիկ միջոցներ: Հատկապես գարնանը խորհուրդ է տրվում դեմքը լվանալ հանքային ջրով՝ գազը հանած վիճակում, երիցուկի ու վաղինակի թուրմով: Սա՝ ընդհանուր խնամքի մասին:
Իսկ մաշկի տեսակից ելնելով, անհատական խորհուրդներն ավելի բազմազան են: Մասնավորապես, բուժական կոսմետոլոգը նշում է. « Չոր մաշկը գարնանն ավելի զգայուն է դառնում, արևից կորցնում է խոնավությունը, ինչի պատճառով էլ չորությունն ավելի զգալի է, թեթև կարմրում է, նաև՝ թեփոտում: Շաբաթական մեկ անգամ անհրաժեշտ է սկրաբներով մաքրել դեմքը, բայց եթե մաշկը չափից դուրս չոր է, մաքրումը պետք է կատարել շաբաթական երկու անգամ: Նաև կարելի է լվանալ երիցուկի թուրմով և հանքային ջրով:
Խառը մաշկը գարնանը նույնպես հատուկ խնամքի կարիք ունի, օրինակ, լվանալ առավոտյան և երեկոյան՝ համապատասխան գելով, տոնիկով: Երեկոյան էլ՝ սնուցել մաշկի բոլոր տեսակների պես: Դեմքը ցանկալի է լվանալ երիցուկի թուրմով: Որպես դիմակ կարելի է օգտագործել քերած գազարը, շաբաթական երկու անգամ՝ արագ, հեշտ և մատչելի, նաև՝ արդյունավետ:
Յուղոտ մաշկի դեպքում որպես դիմակ կարելի է օգտագործել խնձորի քերուկը՝ կարտոֆիլի օսլայով և ձվի սպիտակուցով: Թողնել դեմքին քսան րոպե: Դիմակը թեթևացնում է ճարպը, դեմքը դարձնում հարթ և մաքուր»:
Անահիտը նաև հիշեցնում է, որ պրոբլեմատիկ մաշկի խնդիրները սրվում են գարնանն ու աշնանը: Բշտիկները, անցանկալի ցանը, թարախային պարկերը, սև կետերը ոչ միայն կոսմետիկ անհանգստություն են պատճառում, այլ նաև հուզական լարվածություն առաջացնում, ազդում ինքնագնահատականի ու, անգամ, տրամադրության վրա: Կարող են լինել մարսողական համակարգի ախտաբանական վիճակի՝ դիսբակտերիոզի, սննդային խանգարումների, ալերգիկ ռեակցիաների նշան: Այս խնդրի հետ կարող են բախվել հատկապես տասներկուսից քսաներկու տարեկանում՝ հորմոնային կարգավորման շրջանում: Շատերն այս հարցը լուծում են տնային պայմաններում, ծանոթների խորհուրդներով, մասնագիտական հոդվածների օգնությամբ: Սակայն դրանք կարող են վնասել մաշկը, ավելի խորացնել խնդիրը: Գրագետ մոտեցումը պահանջում է դիմել մաշկաբանի ու կոսմետոլոգի: Եթե հարկ լինի, պետք է կատարել դեմքի մաքրում, որը լայն կիրառում ունի մաշկային խնդիրների լուծման համակարգում:
Աչքաթող չանենք պեպենոտ մաշկը: Որպես կանոն, գարնանը հայտնվում են քթին, այտերին ու ճակատային հատվածում: Առավոտյան պարտադիր խնամքից հետո պետք է հիշել արևապաշտպան քսուքների մասին:
Կանայք միշտ էլ ցանկանում են ավելի երիտասարդ և գեղեցիկ տեսք ունենալ և արժանի են դրան բոլոր տարիքներում: Խնամքին հատկացված րոպեները լիովին կհատուցվեն առողջ մաշկով ու իրական տարիքից ավելի երիտասարդ տեսքով: Դրա համար կոլագենով դիմակները կանացի օրակարգում պետք է մշտական տեղ ունենան: Էսթետիկ բժշկությունն առաջարկում է միջամտությունների լայն սպեկտր՝ լազերային, սարքավորումային ու գործիքային կիրառումով, դեմքի մերսումների միջոցով:
Կոսմետոլոգը վստահեցնում է, որ այս փոքրիկ խորհուրդներին հետևելով մաշկի մեծ խնդիրներ հաստատ չեք ունենա:
Սյունե ՍԵՎԱԴԱ