Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարություն է տարածել Վրաստանում քաղաքական հնչեղություն պարունակող ինտիմ սկանդալի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։
Խոսելով համացանցում տարածված տեսանյութի մասին՝ վարչապետն ասել է. «Երկու ամիս առաջ ես մեր հայրենակիցներին խոստացա, որ իմ բոլոր քայլերն ու հայտարարությունները կծառայեն մեր պետությանն ու առաջին հերթին մարդուն։ Յուրաքանչյուր անձի պաշտպանությունը պետության պատվի հարց է։ Տեղի ունեցածը ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ հասարակությանը վարկաբեկելու փորձ է։ Սա հարված է պետությանը և պատասխան հարվածը շատ դաժան է լինելու։ Ես մինչև վերջ պայքարելու եմ, որ մարդու դեմ գործած նմանատիպ հանցագործություններն երբեք չկրկնվեն։ Ով էլ որ նկարել և տարածել է այդ տեսանյութը, խոստանում եմ պատժել օրենքի ամբողջ խստությամբ»։
Տեղեկացնենք, որ 2016թ. մարտի 11-ի երեկոյան Youtube.com կայքում ինտիմ բնույթի տեսանյութ էր հայտնվել։ Տեսանյութում երևացող կինը նման է եղել Վրաստանի ԱԳ նախկին նախարար Մայա Փանջիկիձեին։ Վրաստանի անվտանգության ծառայությունների խնդրանքով Youtube ինտերնետային կայքը ջնջել է տեսանյութը։
Հիշեցնենք, որ Մայա Փանջիկիձեն հրաժարվեց ԱԳ նախարարի պաշտոնից 2014թ. նոյեմբերին։ Այժմ Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Ալասանյայի և Ալեքսի Պետրիաշվիլիի հետ առաջնորդում է Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը։
Կարդացեք նաև