Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ մի օր չի լինի ընդդիմադիր». Էդմոն Մարուքյան

Մարտ 12,2016 13:23

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօրվանից սկսեց համապետական լսումների արշավը: Մաշտոցի պուրակում կուսակցության խորհրդի անդամները լրագրողներին ներկայացրին իրենց ծրագիրը, մասնավորապես, թե  ինչ են նախատեսում լսումների շրջայցի միջոցով:

«Այստեղից մեկնելու ենք Գյումրի, լինելու ենք Երեւանի բոլոր վարչական շրջաններում ու մարզերում, պատրաստվում ենք ՀՀ բոլոր քաղաքացիների ձայնը լսելի դարձնել ու մարդկանց ներգրավվել քաղաքական գործընթացներում:

Խոսելու ենք մարդկանց հետ, գրառելու ենք նրանց բարձրաձայնած խնդիրները, հուզող հարցերն ու դարձնելու ենք մեր  ծրագրային հիմնական դրույթները»,- ասաց կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը:

'Bright Armenia' party gave an open-air press conference in Mashtots Park

Նրա խոսքով, իրենց նախաձեռնությունը համապետական արշավ է՝ մարդկանց քաղաքական գիտակցությունը բարձրացնելուն ուղղված. «Այսօր մեր արշավի պաշտոնական մեկնարկն է, բայց ոչ ֆորմալ առումով մեզ քաղաքացիներն արդեն տեսել են մարզերում, Երեւանի փողոցներում… ինչո՞ւ ենք արշավի մեկնարկն ընտրել հենց Գյումրիից, որովհետեւ Գյումրին նաեւ ընդդիմադիր մարզ է, բայց ոչ միայն այդ պատճառով: Ինչո՞ւ ենք ասուլիսի անցկացման վայր ընտրել Մաշտոցի պուրակը, որովհետեւ այս վայրը քաղաքական գիտակցության բարձրացման ընկալում ունի»:

Կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն էլ շարունակեց, թե իրենց քաղաքական ուժը  ազգափրկիչ հայկական ավանդույթի մեջ չի տեղավորվում. «Չունենք նման ամբիցիաներ ու ծրագրեր, լիբերալ քաղաքական ուժ ենք, որը չի համարվի բոլորի կուսակցություն: Արդյոք այս համապետական արշավը քարոզարշա՞վ է, թե ոչ, պետք է կրկնեմ՝ գնում ենք մարդկանց լսելու, չենք գնում ասելու՝ ինչ ենք անելու, գնում ենք լսել, թե ինչ պահանջներ ունեն մեզնից, ինչպես են տեսնում Հայաստանում ստեղծված  ներկա իրավիճակից դուրս գալու ելքերը, Հայաստանի զարգացման հեռանկարը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե շատ քաղաքական ուժեր ասպարեզ եկան ընդդիմադիր կեցվածքով, հետո դարձան իշխանամետ՝ պարոն Մարուքյանն ասաց. «Լուսավոր Հայաստանն էլ մի օր կգա իշխանության ու չի լինի ընդդիմադիր: Աշխարհում որեւէ կուսակցություն չի ստեղծվում, որ միշտ լինի ընդդիմադիր, ցմահ ընդդիմադիր, ստեղծվում է իր ծրագրերն ու նպատակները իրագործելու համար, միգուցե մի օր այդ կուսակցությունը գա իշխանության ու չլինի ընդդիմադիր»:

Վերջում էլ հավելեց, որ իրենց  հակառակորդ ուժը միայն իշխանությունն է, իրենց կռիվը միայն գործող համակարգի դեմ է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031