Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան ազդարարում է, որ ոչինչ անել չի կարող. «Ժամանակ»

Մարտ 12,2016 12:09

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ էլ փորձել է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, եղել է այդ ուղղությամբ ակտիվ ջանք գործադրող և այսօր էլ աշխատում է կարգավորման գործընթացին նպաստելու համար, սակայն Ռուսաստանը չի կարող կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում նման հայտարարություն լսելը երևի թե նոր բան չէ, սակայն նախկինում նման ձևակերպումներով հանդես են եկել Մինսկի խմբի եռանախագահության մյուս երկրների ներկայացուցիչները, իսկ Ռուսաստանը կարծեք թե չի արել նման շեշտադրումներ: Ըստ էության, Պեսկովի այս հայտարարությունը հետաքրքրական է Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի, Պուտինի հետ հանդիպման և ընդհանուր տարածաշրջանային իրողությունների ֆոնին:

Երկար ժամանակ ռուսական մամուլում հայտնվում էին տարբեր տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանը փորձում է կողմերին նոր առաջարկներ ներկայացնել և հանգուցալուծել ներկայիս իրավիճակը: Ադրբեջանին այդ առաջարկները կարծեք թե գոհացնում էին՝ նկատի առնելով այն, որ Բաքուն խոստովանում էր դրանց առկայությունը, իսկ Երևանը՝ ոչ:

Ռուսաստանը երկար ժամանակ լռում էր՝ ըստ ամենայնի փորձելով առաջարկները առաջ մղել Երևանում: Սակայն ռուս-թուրքական հանկարծ բռնկված հակադրությունը ամեն ինչ ենթարկեց գլխիվայր շրջադարձի, որից հետո նաև փոփոխության ենթարկվեցին ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Միաժամանակ, Ռուսաստանը ստիպված եղավ որոշակիորեն փոխել իր մոտեցումները Հայաստանի մասով: Ի վերջո՝ Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը որևէ առաջարկ էլ չի ներկայացրել, և ընդհանրապես ոչ մի առաջարկ չկա:

Ահա այս ֆոնին էլ Պեսկովի հայտարարությունը, ըստ էության, հիմք է տալիս ենթադրելու, որ Ռուսաստանը, մեծ հաշվով, իր ջանքերը հայտարարում է ավարտված, այսինքն՝ իր առաքելությունը միանձնյա որևէ կարգավորում կամ հանգուցալուծում ապահովելու ուղղությամբ, հայտարարում է ավարտված, ընդ որում՝ անարդյունավետ: Մոսկվան, ըստ էության, ազդարարում է, որ ոչինչ անել չի կարող:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Բայց ի՞նչ կա անելու, որ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031