Օրերս ՀՀ կենտրոնական բանկը առաջին հայացքից մի շարքային հաղորդագրություն տարածեց: Բայց դա միայն առաջին հայացքից է շարքային:
ԿԲ-ն իր հաղորդագրության մեջ պաշտոնական մի քանի ցուցանիշներ էր բերել՝ կապված այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ առեւտրային բանկերի միջոցով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտերկրից փոխանցած գումարների վերաբերյալ: Սա մեզ բոլորիս արդեն հայտնի դարձած տրանսֆերտներն են: Եվ ուրեմն, ԿԲ-ն հաղորդում է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին այդ տրանսֆերտների ծավալը կազմել է 165 միլիոն դոլար, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 5 միլիոն դոլարով կամ 3 տոկոսով:
Ինչո՞վ է ուշագրավ Կենտրոնական բանկի այս հաղորդագրությունը: Նախ ԿԲ-ն նախկինում նման հաղորդագրություններ տարածելու ավանդույթ չի ունեցել: Որոշակի պարբերականությամբ ԿԲ-ն թողարկում է աղյուսակ տրանսֆերտների վերաբերյալ եւ դրանով բավարարվում: Իսկ հիմա հատուկ հաղորդագրություն է տարածել, որոշակի վերլուծությունով: Ինչո՞ւ: Պատճառը պարզ է` երկու տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստան մտնող տրանսֆերտների թեկուզ չնչին, բայց աճ է գրանցվել: Իսկ մեր տնտեսությունն ու ֆինանսական համակարգը այնքան մեծ կախում ունեն տրանսֆերտներից, որ ԿԲ-ն ուղղակի չի դիմացել եւ որոշել է իր ուրախությունը կիսել հանրության հետ:
Գովելի է, իհարկե, որ ԿԲ-ն իր դրական էմոցիաները կիսում է այլոց հետ, բայց ուրախանալու բան, ճիշտն ասած, այնքան էլ չկա: Եվ դրանում համոզվելու համար ներկայացնենք մի քանի այլ ցուցանիշներ: Կենտրոնական բանկը ներկայացնում է «ընդամենը ներհոսքի» թիվը: Այնինչ կարեւոր է ոչ թե «ընդամենը ներհոսքը», այլ «զուտ ներհոսքը»: Խնդիրն այն է, որ բացի ներհոսքից, կա նաեւ արտահոսք, եւ դրանց տարբերությունն է հենց «զուտ ներհոսքը»: Եվ դա ցույց է տալիս, թե եկած- գնացած գումարներից ի վերջո որքանը մնաց Հայաստանում: Բայց այս ցուցանիշը ԿԲ-ն չի ներկայացնում: Ինչպե՞ս է փոխվել «զուտ ներհոսքը»՝ առայժմ անհայտ է: Բայց եթե ԿԲ-ն ցանկացել է բարձր տրամադրություն հաղորդել հանրությանը, բայց չի ներկայացրել «զուտ ներհոսքի» ցուցանիշը, կարելի է ենթադրել, որ այդ ցուցանիշը շարունակել է նվազել:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՒՈՐԳՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: