Հայաստանի արտաքին առեւտուրն այս տարվա հունվարին հետաքրքրական արդյունք է ցույց տվելՙ արտահանումն աճել է 5,6 տոկոսով, կազմելով 89 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել 22,2 տոկոսով եւ կազմել 153 մլն դոլար: Ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 242 մլն դոլար, նվազելով 13,8 տոկոսով, ինչը ներմուծման նվազման հետեւանք է: Փաստորեն, 2016-ի հունվարին արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռըՙ արտահանման եւ ներմուծման տարբերությունը փոքրացել է եւ այս տարվա առաջին ամսին կազմել 64 մլն դոլար: Մինչդեռ 2015-ի հունվարին այդ ցուցանիշը գրեթե կրկնակի ավելի էրՙ 121 մլն դոլար: Անցյալ տարվա հունվարին ներմուծումը գերազանցում էր արտահանմանը 2,5 անգամ, ապա այս տարիՙ մոտ 70 տոկոսով: 2015-ի տարեկան ցուցանիշներով ներմուծումը գերազանցում էր արտահանմանը մոտ 2 անգամ: Ինչպիսի՞ն կլինի այդ հարաբերակցությունը 2016-ին, դեռ վաղ է խոսել, բայց տարվա առաջին ամսվա ցուցանիշը դրական տեղաշարժ է:
Փոխվել է նաեւ արտահանման կառուցվածքըՙ ավելացել են պատրաստի արտադրանք թողարկող ճյուղերի ծավալները: Մասնավորապես, մեր արդյունաբերության երկրորդ խոշոր ճյուղիՙ պատրաստի սննդամթերքի արտահանումն ավելացել է 19,3 տոկոսով կամ 2,7 մլն դոլարով, մանածագործական իրերինըՙ 2,7 անգամ կամ մոտ 2,5 մլն դոլարով, իսկ գումարային առումով ամենամեծ աճն արձանագրվել է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների եւ դրանցից իրերի արտահանման ծավալների մեջՙ 4,7 մլն դոլարով կամ 50,1 տոկոսով: Կենդանի կենդանիների եւ կենդանական ծագման արտադրանքի արտահանումը նույնպես կտրուկ աճել էՙ 2,6 անգամ կամ գրեթե 3 մլն դոլարով:
Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: