2015 թ. դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում ստորագրեցին երկու երկրների միացյալ տարածաշրջանային ՀՕՊ (Հակաօդային պաշտպանություն) համակարգի ստեղծման համաձայնագիրՙ Կովկասի օդային տարածքը համատեղ պաշտպանելու, Հայաստանի օդային սահմանում արձանագրվող միջադեպերին համատեղ հակազդելու նպատակով: Դա երկարաժամկետ պայմանագրերով, դաշնակցային հարաբերություններով եւ, վերջապես, ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամության ներսում եւ անդամների միջեւ շատ բնական ու տրամաբանական համագործակցության պայմանագիր է, հար եւ նման Ռուսաստանիՙ Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի հետ ունեցած պայմանագրերին: Մանավանդ որ, դեռեւս նոյեմբերի սկիզբը, թուրքական ռազմական ուղղաթիռները կարճատեւ խախտել էին Հայաստանի օդային սահմանը, իսկ ավելի ուշ, նոյեմբերի 24-ին, արդեն թուրք-սիրիական սահմանի վերեւում թուրքական ռազմօդանավերը կործանել էին ռուսական «Սու-25» ինքնաթիռը, ի ցույց դնելով Անկարայի խիստ ագրեսիվ տրամադրությունները Հայաստանի դաշնակցի նկատմամբ:
Այլ խոսքով, դեկտեմբերի 23-ի պաշտպանական պայմանագիրը երկու դաշնակից երկրների պատասխանն էր թուրքական ոտնձգություններին, կանխարգելիչ ու զսպողական քայլՙ մկաններ ցուցադրող Անկարային: Եվ դա ոչ ոքի մոտ զարմանք, առավել եւս ընդվզում չառաջացրեց ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկրի մոտ, բացառությամբ Թուրքիայի:
Բայց հանկարծ, արդեն երկու ամիս անց, հակազդեցություն եկավ Մ. Նահանգներից: Նախ «Ֆորբս» «միլիոնատիրական» ամսագրում, ապաՙ մորմոնների «Ուաշինգտոն թայմս» օրաթերթում լույս տեսան պատվիրված գրություններ: Զարմանալի փութաջանությամբ, գրեթե նույն օրերին, մյուսների համազարկին միացավ նաեւ հեղինակավոր «Ուաշինգտոն փոստը», ամերիկյան ղեկավարությանը եւ առաջին հերթին նախագահ Օբամային ուղղված մեղադրական հորդորովՙ թե դեպի ո՞ւր է նայում նա, երբ Պուտինը Հայաստանը դարձրել է իր «արբանյակը»… ընդդեմ «ՆԱՏՕ-ի ամենահավատարիմ եւ կարեւորագույն դաշնակից» Թուրքիայի…
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: