Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնանալ 3 կետի վրա

Մարտ 12,2016 10:00

Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման առաջին շաբաթը ցույց տվեց, որ իշխանությունը կտրականապես դեմ է երեք բանի: 1/ Հրապարակել ընտրությունը կատարած քաղաքացիների ցուցակները: Երբեմն վկայակոչվում է Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի՝ այդ ցուցակները չհրապարակելը չի հակասում Հիմնական օրենքին: Այսինքն՝ ցուցակները կարելի է չհրապարակել: Սակայն ՍԴ-ն որոշում չի ընդունել, որ ցուցակները հրապարակելը հակասում է Սահմանադրությանը: Կարծում եմ՝ պետք չէ խոշոր իրավաբան լինել՝ դա հասկանալու համար:

2/ Իշխանությունը հրաժարվում է պարտականություն դնել ԿԸՀ-ի վրա, որ բոլոր տեղամասերում լինեն վեբ-տեսախցիկներ, եւ քվեարկության ու հաշվարկի ընթացքը հեռարձակվի համացանցային ուղիղ եթերով: Ասում են՝ նկարեք, որքան ուզում եք: Բայց նախ՝ լրագրողների եւ դիտորդների նկարահանումները կարող են ցանկացած պահի ընդհատվել թե՛ հանձնաժողովի նախագահի կամ անդամների կողմից եւ թե՛ շրջիկ ընտրակեղծարար հրոսակախմբերի կողմից: Երկրորդ՝ այդ նկարահանումներն իրավունք են, իսկ այն, ինչ ընդդիմությունն է առաջարկում, պետք է պետության պարտավորությունը լինի, որպեսզի սաստի նույն հրոսակներին, իսկ հետագայում տեսագրությունները դատարաններում ապացուցողական ուժ ունենան:

3/ Ամենակարեւոր բանը, որն իշխանությունը հրաժարվում է անել՝ անցկացնել իրապես համամասնական ընտրություններ, որտեղ կուսակցական ցուցակում նշված կլինեն միայն առաջին երեք հոգու անունը, իսկ ցուցակը լինի ընդհանուր ամբողջ հանրապետության համար: Մեծ, բազմազգ պետությունների, դաշնային կառուցվածքի պարագայում այն մոտեցումը, որն առաջարկվում է նախագծում՝ յուրաքանչյուր ընտրատարածքի համար առանձին ցուցակ, գուցեեւ արդարացված է: Փոքր մոնոէթնիկ երկրի դեպքում դա անիմաստ է. իմ՝ Կոտայքի մարզի բնակչիս «համապետական» խնդիրները արմատապես չեն տարբերվում Արագածոտնի մարզի բնակչի կամ երեւանցու խնդիրներից՝ բարձրագույն օրենսդիր մարմնի տեսանկյունից դրանք հիմնականում համընկնում են: Մենք, իհարկե, ունենք նաեւ յուրահատուկ խնդիրներ, որոնք պետք է լուծեն տեղական ինքնակառավարման մարմինները: Ընդդիմության կասկածներն առ այն, որ առաջարկվող նախագծի նպատակը օլիգարխների, գողականների եւ չինովնիկների թիմին 51 մանդատ ապահովելն է, կարծում եմ, հիմնավոր է:

Մնացած հարցերում իշխանությունը պատրաստ է գնալ զիջումների: Ո՞րն է, ուրեմն, ընդդիմության խնդիրը: Իմ կարծիքով՝ կենտրոնանալ այս երեք խնդիրների վրա: Հանդես չգալ 6, 16 կամ 46 առաջարկներով: Չզբաղվել քաղաքական ժամավաճառությամբ, չընկնել քնարական զեղումների գիրկը եւ հասարակությանն էլ կողմնորոշել հենց այդ երեք կետերի շուրջ: Բայց ես վստահ եմ, որ ընդդիմադիր կուսակցությունները եւ տարբեր հասարակական կառույցներ այդ երկուսուկես ամսում խոսելու են հազարումի հարցերի շուրջ եւ այնպիսի «համերգներ» են տալու, որ այդ ֆոնի վրա Կրիլովի առակի քառյակը ներդաշնակության մարմնավորում կթվա:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Իրոք՝ առաջին երեք կետերը շատ հստակորեն են ձևակերպված. այնքան հստակ՝ որ նույնիսկ ՀՀԿ արհեստավարժ բարբաջագետները չեն կարող դրանք առանց վրիպումների կամ կիքսերի ծամծմել:
    Այնուհանդերձ գտնում եմ, որ կոնկրետ անձի՝ ընտրատեղամաս այցելած լինելու հանգամանքը մնացել է բաց. խոսքս մատների թանաքոտման և /կամ/ մատնահետքերի նույնականացման մասին է:
    Իհարկե, ՛՛պատկան՛՛ մարմինները կարող են փորձել հակադարձել, թե՝ ժամանակը բավարար չէ, սակայն այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում նման առարկությունը ոչ թե փաստարկ է, այլ ինքնամերկացում: / ՛՛Արդար ընտրություններ անցկացնենք, որ ի՞նչ անենք…՛՛ շարքից: /

  2. Rshtun Martirosyan says:

    Միանգամայն համաձայն եմ Առավոտի խմբագրականում պրն. Աբրահամյանի արտահայտած մտքերին: Ներկայացված երեք ՞՞բաներն՞՞ էլ ապահովելու են հանրապետականի անօրեն վերարտադրությունը: Եթե այդ մոտեցումները հիմնովին չփոխվեն պարզ տեսանելի կլինի, թե ինչպիսի համակարգային փոփոխությունների է տանում երկիրը Հանրապետական կուսակցությունը: Աշոտյանի աչքը լույս իսկ Շարմազանովի երազանքը՝ ի կատար:

  3. Մանվել says:

    Քանի,որ ճիշտ ընդիմություն չկա, հենց Ձեր ասածն էլ կլինի:Բայց մեղավորը իշխաննությունն է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031