Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ուզում ՌԴ-ն Հայաստանից

Մարտ 12,2016 16:00

Ավետիք Իշխանյանը վտանգավոր հետեւանքներ է կանխատեսում

Որտեղի՞ց է այդ ռազմական փորձագետ լրագրողը ստացել այդ տեղեկությունները: Անհանգստությունից զատ՝ նաեւ նման հարցադրում է առաջացել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի մոտ` Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի` մարտի 9-ին «Военно-промышленный курьер» պարբերականում հրապարակած` «Ֆորպոստը՝ հարցերով» վերնագրով հոդվածում տեղ գտած տեղեկությունների մասով: Հոդվածագիրը տվյալներ է հրապարակել Հայաստանի 5 բանակային կորպուսների տեղակայման վայրերի եւ դրանց ունեցած սպառազինության վերաբերյալ: «Կարելի է ենթադրել, որ այդ տեղեկությունները ստացվել են ՀՀ ՊՆ-ի կամ ԱԱԾ-ի ինչ-որ մի տեղյակ մարդուց: Կամ` այդ տեղեկությունները նրան տրամադրել են ՌԴ ՊՆ-ն կամ հատուկ ծառայությունները: Ցանկացած դեպքում էլ ես կարծում եմ՝ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քրեական գործ հարուցեն այդ մարդու նկատմամբ` պետական գաղտնիքի բացահայտման հետ կապված, եւ հետաքննություն անցկացնեն, թե որտեղի՞ց են այդ տեղեկությունները հայտնվել փորձագետ լրագրողի մոտ»,- ասաց մեր զրուցակիցը: Եթե պարզվի, որ տեղեկությունները տրամադրվել են Հայաստանից, ապա դրանք տրամադրողներն, ըստ Ավետիք Իշխանյանի, խիստ պատիժ պետք է կրեն: Իսկ եթե պարզվի, որ տեղեկությունները տրամադրվել են ռուսական կողմից, ապա մեր զրուցակիցը դարձյալ հարցադրումներ է հնչեցնում. «Իսկ ՌԴ ՊՆ-ն կամ հատուկ ծառայություններն ունեի՞ն այդ տվյալները, ի՞նչ ճանապարհով էին դրանք ձեռք բերել, օրինակա՞ն են այդ տվյալները տրամադրվում ՀԱՊԿ-ի կամ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում, Հայաստանն ունի՞ ՌԴ զինված ուժերից համանման տվյալներ»:

Թե ինչ քաղաքական ենթատեքստ ունի այդ հրապարակումը՝ Ավետիք Իշխանյանը թողնում է քաղաքական մեկնաբանների վերլուծությանը: Նրան մտահոգում է, որ այն նպատակը, ինչ որ այդ հրապարակմամբ հետապնդում է ՌԴ-ն, ոչ թե անձամբ հոդվածագիրը, կարծում է` դա շատ վտանգավոր հետեւանքների կարող է բերել. «Չի բացառվում, որ սա մեր հակառակորդ կամ թշնամի Ադրբեջանին տրվող տեղեկություն է: Ես չգիտեմ, թե ի՞նչ խաղ է խաղում այդ հրապարակումը ռուս-թուրք-ադրբեջանական մի կողմից՝ սիրախաղի, մյուս կողմից՝ թշնամության մեջ` օգտագործելով Հայաստանը «ֆորպոստ» բառով եւ այդ ամենը բացահայտելով: Այս ամենը լուրջ անհանգստության տեղիք է տալիս, եւ պաշտոնական Երեւանը ԱԳՆ-ի, անգամ նախագահի մակարդակով պետք է արձագանքի սրան: Հակառակ դեպքում մենք կհայտնվենք հերթական ողորմելի եւ արհամարհված վիճակում: Իսկ ես չեմ ուզում ապրել պետության մեջ, որն ինքն է իրեն այդ վիճակում դնում»:

Ռուս վերլուծաբանն անդրադարձել է նաեւ ռուս-թուրքական պատերազմի հնարավորությանը, դրանում Հայաստանի ներքաշվելու հեռանկարին: Վերլուծաբանը կարծում է, որ Սիրիայում չի կարելի բացառել Ռուսաստանի ու Թուրքիայի ուղղակի ռազմական առճակատումը, որը կարող է դուրս գալ արաբական այդ պետության սահմաններից: «Եթե Ռուսաստանը Թուրքիային հարվածի սեփական տարածքից՝ Ղրիմից կամ Հյուսիսային Կովկասից, հայ-թուրքական սահմանին տեղակայված 102-րդ ռազմակայանը կհայտնվի առաջնագծում: Եթե Թուրքիան առաջինը գրոհի ռազմակայանը, Հայաստանը եւս ստիպված կլինի պատերազմել, քանի որ ագրեսիայի կենթարկվի իր տարածքը: Եթե Անկարան ցանկանա ինքը բացել հյուսիսարեւելյան ճակատը, Մոսկվան ու Երեւանը բարդ խնդրի առաջ կկանգնեն, թե արդյոք պե՞տք է օգտագործել 102-րդ ռազմակայանն ու Հայաստանի զինված ուժերը: Նույնիսկ վերջիններիս զինուժը միասին վերցրած զգալիորեն զիջում է թուրքականին՝ թեպետ այդ դեպքում Անկարան ստիպված կլինի պատերազմել բոլոր ուղղություններով, ինչը չափազանց լուրջ խնդիր կլինի»,- գրում է փորձագետը` հավելելով. «Հայաստանին ավելի դժվար կլինի, եթե սպառնալիք առաջանա նաեւ Ադրբեջանի կողմից: Կառաջանա լիակատար ռազմական ջախջախման, ամբողջ երկրի օկուպացիայի եւ Ղարաբաղի անվերադարձ կորստի վտանգ: Մյուս կողմից՝ ուղղակիորեն հանդես գալով Ռուսաստանի կողմում՝ Հայաստանը ձեռք կբերի Մոսկվայի միակ իսկական դաշնակցի համբավ եւ լավ հնարավորություններ կստանա առնվազն երկար ժամանակով ձերբազատվել թուրքական վտանգից: Ավելին՝ Թուրքիայի ռազմական պարտության դեպքում Բաքուն հաստատ չի համարձակվի մոտ ապագայում ուժային ճանապարհով վերադարձնել Ղարաբաղը»:

Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է այս ամենը կապ ունի ՌԴ-ի աշխարհաքաղաքական հավակնությունների հետ, դրանց համատեքստում ՀՀ եւ ՌԴ նախագահների` երեկ կայացած հանդիպման, որի ժամանակ ԼՂ հարցը նաեւ պիտի քննարկվեր, Վրաստանում ԼՂ հարցի քննարկումների հետ, ինչի մասին թվիթերյան գրառում էր կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Նպատակն էլ Հայաստանի վրա ճնշում գործադրելն է, որպեսզի ենթարկվի ռուսական ցանկություններին: «Շատ հնարավոր է՝ այդ ամենի հետ կապված լինի: Բայց այս ամենի համատեքստում ամենակարեւորը Հայաստանի պատիվն է, որը պետք է պահել: Իսկ ով իր պատիվը չի պահում, նրա հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են»,- ասաց մեր զրուցակիցը:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
11.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պարոն Աբրահամյան ես պուտինիստ եմ:Ես պուտինիստ եմ,երբ նա,հանուն իր երկրի պայքարում է ձեր սիրելի համաշխարհային ժանդարմ ամերիկայի դեմ(փաստերի մեջ չմանրանանք՝ դուք ավելի քիչ չգիտեք,քան ես): Իմ ատելությունը դեպ նշածս համաշխարհային ժանդարմը սկսվեց անբարոյական քլինտոնի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումից եւ դրանից հետո ինքներդ լավ գիտեք, թե էլ ինչ երկրներ:Ժանդարմ է եւ վերջ:Նրա համար ինքն է եւ իր շահը՝ ՈՉ ՄԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:Եւ սա ինձ համար բարոյական ու հոգեկան հարված էր,քանզի ես հարգում եւ հավատում էի Ամերիկային, Եւրոպաին էլ՝ հետը:Եւ այդ ժանդարմը ծառան է Ռոկֆելլերների,Ռոդշիլդների մորգան հեյցրի եւ այլոց կապիտալի:Սա էլ է ձեզ քաջ ծանոթ եւ համոզված եմ դուք ավելին գիտեք քան թե ես:Համոզված եմ:Հիմա՝ ես ԱՆՏԻ պուտինիստ եմ,երբ նա Հայաստանին պահում է որպես իր գրպանի շուն,(կարճ ասեմ,դուք շատ լավ գիտեք…):Բայց կա մի բան՝ այդ շան դերում հայտնվելու եւ ծառայելու հարցում քիչ բան չեն անում հայաստանյան այսօրվա իշխանավորները….Կարծում եմ բացատրեցի իմ դիրքորոշումը՝ պուտինիստ եմ,թե անտիպուտինիստ:Հարգանքներս:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031