Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարապուրդի մատնված խոսքեր»

Մարտ 12,2016 15:00

ՍԴՀԿ-ն 200-300 հարյուր հոգանոց հանրահավաքներ չի անի

«Իրականում ՍԴՀԿ-ն աջակցեց սահմանադրական բարեփոխումների գործընթացին, եւ մենք շարունակում ենք համոզված լինել, որ խորհրդարանական կառավարման համակարգն այլընտրանք չունի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը` պատասխանելով հարցին` սահմանադրական բարեփոխումների գործընթացում հնչած նոր եւ թափանցիկ, վստահություն ներշնչող ընտրակարգի մասին խոստումներին համահո՞ւնչ է ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագիծը: Նարեկ Գալստյանը դրական է համարում էլեկտրոնային քվեարկության ներդրումը, գունավոր քվեաթերթիկների առկայությունը եւ այլն: Բացասական է համարում համամասնական ընտրակարգում ներառված վարկանիշային ցուցակի առկայությունը եւ այլ ընդդիմադիրների նման՝ կարծում է, որ դա մեծ հաշվով մեծամասնական ընտրակարգի արտացոլում է: ՍԴՀԿ-ում գտնում են, որ խորքային բարեփոխումների գնալը պետք է ամբողջական լինի, եւ այդ համատեքստում իշխանությունը պետք է հրապարակի քվեարկած ընտրողների ցուցակները` ցրելով բոլոր կասկածները: Կուսակցությունն այս առիթով ներկայացրել է իր առաջարկների փաթեթը եւ կախված ընդդիմության պայքարի ձեւից եւ ոճից՝ դրանց իր մասնակցության մասով իրավիճակային լուծումներ կգտնի: «Հիմա ասել, որ մենք փողոց ենք դուրս գալու, սխալ կլինի, քանի որ աջակցել ենք սահմանադրական բարեփոխումների գործընթացին, եւ հանրաքվեի արդյունքի մի մասնաբաժինը նաեւ մեր աշխատանքի արդյունքն է»,- ասաց նա:

Նարեկ Գալստյանը ինչ-որ առումով նորմալ է համարում այն, որ ցանկացած իշխանություն վերարտադրվելու ցանկություն ունի, ու համարում է, որ առաջիկա քաղաքական գործընթացների համար ընդդիմադիր քաղաքական ուժերը ելքային կետ պետք է ընդունեն այդ փաստը: «Մենք կարող ենք 200-300 մարդ կրկին հավաքել Ազատության հրապարակում, ասել, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է, որ իշխանությանը մի քանի օր է մնացել եւ այլն, բայց սրանք արդեն պարապուրդի մատնված խոսքեր են: Նաեւ նմանատիպ հավաք-հանրահավաքների արդյունքում է, որ հանրությունն այսօր անվստահություն ունի Հայաստանի ողջ կուսակցական համակարգի նկատմամբ: Այսուհետ պետք է ռեալ-պոլիտիկով առաջնորդվել: Այն է` երկրին, իսկապես, խորքային փոփոխություններ են պետք: Վերջին օրերի նշանակումները պետական պաշտոններում, իշխանության ապակենտրոնացման մեթոդոլոգիան եւ այլն խոսում են այն մասին, որ այդ բարեփոխումները սկսված են: Եթե մենք այդ ամենը պետք է թողնենք ՀՀԿ-ին եւ փորձին միայնակ անել` երբեք չի լինելու: ՀՀԿ-ն պետք է պահանջատեր ժողովրդի շունչը, քաղաքական կուսակցությունների ուժը զգա: Մինչդեռ այսօր երկրի քաղաքական մարմնում` խորհրդարանում, ցավոք, ընթանում է ընդամենն առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբաշխումների շուկա: Բոլոր քաղաքական ուժերի հայտարարությունները պրոյեկտվում են դրանով պայմանավորված: Առաջիկա տասն ամիսները պոպուլիստական քարոզի ամիսներ են լինելու, անգամ լավ բաներն են քննադատվելու, քանի որ քաղաքական ուժերը հաջորդ խորհրդարանում հայտնվելու հեռանկար են փնտրելու: Բոլոր ուժերը, անհատ գործիչները իրենց քննադատություններին զուգահեռ` փորձում են ՀՀԿ-ի հետ բանակցել»,- ասաց ՍԴՀԿ ատենապետը:
ՍԴՀԿ-ում, ի դեպ, նույնպես «ձեռքները ծալած նստած» չեն, շփվում են բոլոր, այդ թվում նաեւ իշխող մեծամասնություն ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Բայց այս պահին խորհրդարանական ընտրությունների մասով քաղաքական բանակցություններ չկան` վստահեցնում է Նարեկ Գալստյանը: ՍԴՀԿ-ն պետք է դեռ կողմնորոշվի, թե ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Իսկ դա կանեն սեպտեմբեր ամսին` Հայաստանում ՍԴՀԿ համաշխարհային կառույցի համագումարում: Այս պահին մի բան է հստակ` ՍԴՀԿ-ն մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:

ՍԴՀԿ-ում չեն խանդում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը, բայց նաեւ գտնում են, որ արհեստածին միությունները չեն կարող հույս եւ հավատ ներշնչել. «Կտարբերվի՞ այս համագործակցությունը մյուսներից` ժամանակը ցույց կտա, բայց բարեփոխումները չեն կարող տեղի ունենալ երկու քաղաքական կուսակցությունների համագործակցությամբ: Կոնսոլիդացիան ավելի լայն պետք է լինի»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
11.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031