Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գալիս, երեխայի համար մի կիլո շաքարավազ են ուզում, ո՞նց չտամ»

Մարտ 12,2016 14:00

Հարժիս գյուղի խանութը միլիոնների պարտքեր է կուտակել,
բայց չի կարողանում համագյուղացիներին «նիսյայով» ապրանք չտալ

Ջուլիետա Գրիգորյանը Հարժիս գյուղի բնակիչ է: Արդեն տասը ամիս է՝ աշխատում է նաեւ նույն գյուղի մթերային խանութներից մեկում: Միշտ ժպիտը դեմքին ընդունում եւ ճանապարհում է հաճախորդներին, եթե անգամ գալիս են պարտքով ապրանք տանելու:
Թեեւ հաճախ է բարկանում տիկին Ջուլիետան պարտապան համագյուղացիների վրա, բայց եւ հասկանում է. «Առանց աշխատանքի են, չեն կարողանում գնած ապրանքի դիմաց վճարել: Ջահելներն էլ թողնում, հեռանում են: Մարդկանց մեծամասնությունը օրվա գումարը ձու վաճառելով է վաստակում»:

Պարտքով վերցրած ապրանքների դիմաց համագյուղացիները վճարում են թոշակը ստանալիս, կամ երբ դրսից հարազատները գումար են ուղարկում:
Շատերն էլ, ինչպես պատմում է տիկին Ջուլիետան, հաճախ չեն էլ կարողանում վճարել՝ տարիներ շարունակ պարտքեր կուտակելով խանութի պարտքացուցակում: Ասում է՝ ամեն գյուղացի, միջին հաշվարկով, 50-100 հազար դրամի պարտք ունի կուտակած:
Այսպես գյուղի խանութը, ինչպես վստահեցնում է մեր զրուցակիցը, համագյուղացիներից երկու միլիոն դրամի պարտք է կուտակել:

Տիկին Ջուլիետան գյուղում բոլորի պայմանները գիտի, հաճախ են գալիս նրա մոտ «սրտները բացում», խորհուրդ հարցնում, նա էլ մտնում է գյուղացիների դրության մեջ:
Խանութի անձնակազմը որքան էլ դիմադրի, միեւնույն է, ինչպես վաճառողուհին է ասում՝ չեն կարողանում պարտքով չտալ. խիղճները չի տալիս, նույն գյուղի բնակիչ են:
«Ընտանիքների տեր են: Գալիս, երեխայի համար մի կիլոգրամ շաքարավազ են ուզում, մի տուփ կոֆե, ո՞նց չտաս: Էդ ընտանիքից չենք, բայց մենք էլ էդ հալից ենք: Բոլորս էլ նույն վիճակում ենք»,- ասում է մեր զրուցակիցը:

Թեեւ վերջերս հաճախ է խուսափում պարտքով ապրանք տալուց, բայց չի էլ թողնում, որ որեւէ հարժիսցի «սիրտը կախ» հեռանա խանութից. «Չնայած գիտեմ՝ չեն կարողանալու պարտքերը մարել, ես էլ պետք է իրենց փոխարեն տնօրենին պատասխան տամ, միեւնույն է, տալիս եմ՝ թոշակին, նպաստին հետ վերադարձնելու պայմանով»:

Խանութի տնօրենն էլ գյուղի տղա է: Գիտի համագյուղացիների դրությունը, հաճախ է փոխզիջումների գնում, եթե անգամ առաքիչների հետ խնդիրներ է ունենում:
«Առաքիչները երկար կիլոմետրեր են կտրում-անցնում, որ Հարժիս ապրանք բերեն, բայց մինչեւ չվճարեն, ապրանքը չեն փոխանցի: Տնօրենն էլ գյուղացիների չվճարած ապրանքի դիմաց չի կարող անձամբ վճարել, նոր ապրանքներ գնել»,- իրավիճակը ներկայացնում է տիկին Ջուլիետան: Նրա խոսքերով՝ համագյուղացիների կուտակած պարտքերի պատճառով երբեմն նրանց հետ վեճեր են ծագում: Ասում է՝ ճիշտ է, «իրար մազ չենք փիտում, բայց ժպիտով, ջան-ջիգյարով զգուշացնում եմ՝ պարտքդ փակի, որ ինձ վրա էլ չխոսեն»:

Մեր զրույցի ընթացքում խանութ են մտնում երկու համագյուղացի կանայք: Վաճառողուհին փոխադարձաբար ժպտում, ջերմ բարեւում է՝ իմանալով հանդերձ, որ գնումները պարտքով են լինելու:

«Հեսա եկել եմ՝ պարտքով ապրանք վերցնեմ, տեսնե՞մ տալու ա: Ի՞նչ անենք, գյուղում վիճակ չկա: Աշխատավարձ ստացողն էլ է պարտք, չաշխատողն էլ: Գումարը չի հերիքում»,- սոցիալական վատ վիճակը ներկայացնելով՝ պատմում է կանանցից մեկը:
Այս անգամ էլ Ջուլիետան չի մերժում նրանց: Հանում է պարտքի տետրը, մի սպիտակ անկյունում գնորդի անունն ու պարտքի չափը նշում, հետ դնում դարակը: Գնորդները խոստանում են մոտակա օրերին հին ու նորը պարտքերը միասին վճարել: Հեռանալիս նրանցից մեկը հուսահատությամբ նկատում է. «Ինչքան էլ ասենք, ինչքան էլ գրեք, Հայաստանի, աշխարհքի դրվածքը չի փոխվի»:

ԴԻԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
11.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031