Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատախազը պահանջեց 10 տարի ազատազրկում, դատարանն արդարացրեց Արտակ Ղուկասյանին

Մարտ 12,2016 13:30

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը երկու օր առաջ հրապարակեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության նախկին աշխատակից, ԵՊՃՀ դասախոս Արտակ Ղուկասյանի դատավճիռը: 2 տարի յոթ ամիս անազատության մեջ գտնվողին դատարանն արդարացրեց, եւ նրան բաց թողեց հենց դատարանի դահլիճից:

Արտակ Ղուկասյանն «Առավոտին» ասաց, որ իր համար անսպասելի էր դատավճիռը, չնայած, թե իր, թե պաշտպանի՝ Հակոբ Ճարոյանի ցուցմունքը, ճառերը դատարանը լսել է ամենայն ուշադրությամբ:

Դատարանը, ըստ նրա, կաշկանդված չեղավ այն անուններով, որոնք ներքաշված էին սույն գործով որպես տուժողներ, որոնք լսվեցին դռնբաց դատական նիստերի ժամանակ: Նրանք 28-ն էին: Վկաների մեջ էին ՊԵԿ-ի բարձրաստիճան աշխատակիցները:
Արտակ Ղուկասյանն ասաց, որ այլեւս «ներքեւում չի հայտնվի», նաեւ ասաց, որ իր անազատության տարիներն անցկացրել է 55 տարբեր խցակիցների հետ, որոնց մասին, ի դեպ, հիշողությունների գիրք է գրել՝ օրագրություն: Արտակը բավական պատկառանքով խոսեց ազատամարտիկ, «Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով» դատապարտված Վարդան Վարդանյանի մասին, որի հետ  վիճակվել է կիսելու անազատության օրերը:

Արտակ Ղուկասյանի պաշտպանն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանը, որը դատական նիստից անմիջապես հետո «Առավոտին» ասաց, որ դատարանը հրապարակել է ընդամենը դատավճռի եզրափակիչ մասը, եւ դատական ակտն ամբողջությամբ իրենց ձեռքի տակ կլինի, ինչպես նաեւ կտեղադրվի «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում 5 օր հետո:

«Բավական պաշտոնյաներ հայտարարում էին, որ մենք Արտակին գումար ենք տվել, հազարավոր դոլարներ, որ իր հետ անենք համատեղ գործունեություն: Որեւէ մեկն այդ նպատակով չէր տվել. տվել էին տոկոսով: Բայց քանի որ տոկոսով գումար տալը համարվում է մի դեպքում բիզնես, մի դեպքում՝ վաշխառություն, դա կապված է Կենտրոնական բանկի տոկոսադրույքի կրկնակիից ավելի տալու -չտալու հետ, բնականաբար, կար այստեղ այն խնդիրը, որ եթե անգամ ընդունեին, որ տվել են տոկոսով, տեղերը փոխված կլինեին: Արտակը կլիներ տուժող, նրանք կասկածյալներ»,- ասում է Հ. Ճարոյանը:

Ըստ փաստաբանի, որպես գրավատներ ունեցող անձ, Արտակը որեւէ պարտավորություն չի ունեցել:

«Նախաքննությունն ընթացել է այն հիմքով, թե իմ պաշտպանյալը խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի հասնող գումարներ: Խոսքը 5 միլիոն դոլարի մասին է, տուժողներն էլ՝ «աշխատավարձով ապրող մարդիկ»: Այդ տուժող կոչվողները չէին ցանկանում գալ դատարան, այն դեպքում, երբ իբր կորցրել են հազարավոր դոլարներ: Ակնհայտ էր, որ այս մարդիկ դատարանում չեն ասում իրականությունը»,- «Առավոտին» ասաց Հ. Ճարոյանը:

Ըստ նրա, մեղադրողի ճառը մեղադրական եզրակացությունն էր: Դրա հիման վրա նա պահանջեց 10 տարով ազատազրկում՝ խարդախության, կեղծ փաստաթղթերի պատրաստման եւ յուրացման համար. «Ես հիմնավորեցի, որ իրականում տեղի չի ունեցել այն, ինչ արձանագրված է»:

Արտակ Ղուկասյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, նա հստակ պատկերացնում է իր գործունեությունը, համոզիչ էր եւ Արտակի ցուցմունքը.
«Ես հիմնավորեցի, որ խարդախություն գոյություն չունի: Իսկ փաստաթղթերի կեղծման եւ յուրացման համար էլ նշեցի Արտակին 2012թ. մայիսին պատգամավորի, նրա ընկերների կողմից յուրացման մասին, ինչի կապակցության Հատուկ քննչական ծառայությունը տեղյակ էր»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի կողմի դատարանում հրապարակած մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Արտակ Ղուկասյանը 2008-2010 թթ. ընթացքում տարբեր անձանց անվամբ հիմնադրել է մի շարք գրավատներ եւ տարադրամի փոխանակման կետեր, փաստացի կառավարել է դրանց գործունեությունը: Նա գրավատներում եւ տարադրամի փոխանակման կետերում ներդնումների նպատակով տարբեր քաղաքացիներից պարտքով, այդ թվում՝ տոկոսով, գումարներ է վերցրել եկամտից նրանց մասնաբաժին տալու պայմանով, այդ գումարները հիմնականում չմուտքագրելով դրամարկղերում:

Դատարանում, իհարկե, չգտնվեց գոնե մեկ վկա, որը կպնդեր տոկոսով գումար տալու մասին:

Մեղադրանքի համաձայն, Արտակ Ղուկասյանը նախկին պարտատերերի կողմից մայր գումարների պահանջը երկարաձգելու նպատակով որոշել է գումարներ հափշտակել եւ դրանց հաշվին կատարել նախկին պարտատերերի հանդեպ ունեցած պարտավորությունները: «Արտակ Ղուկասյանը նրանցից՝ իբրեւ փայատերերի, 2009թ. մինչեւ 2012թ. հունիսն ընկած ժամանակահատվածում ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ, ոմանց, իբրեւ գործունեությունից գոյացած եկամտի մասնաբաժին, որոշ գումարներ վերադարձնելով ամրապնդել է իր նկատմամբ ունեցած վստահությունը, ինչպես նաեւ՝ երկարաձգել մայր գումարները պահանջելու ժամկետները, նրանց գցելով մոլորության մեջ եւ չարաշահելով վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 1.761.781.986 ՀՀ դրամ: Բացի այդ, Արտակ Ղուկասյանն իրեն վստահված՝ ուրիշի խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, փաստացի իր կողմից կառավարվող գրավատնային գործունեություն իրականացնող «Մաստեր կրեդիտ» եւ «Ֆինանսական շտապօգնություն» ՍՊ ընկերություններից 2012թ. ապրիլ եւ մայիս ամիսներին յուրացման եղանակով հափշտակել է ներքոհիշյալ անձանց 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2012թ. մայիսն ընկած ժամանակահատվածում տրամադրված 891.000 ՀՀ դրամի վարկերի դիմաց վերջիններիս գրավադրած խոշոր չափերի, ընդհանուր՝ 1.332.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, որոնք անձնական կարիքների համար 2012թ. ապրիլին եւ մայիսին գրավադրել է այլ գրավատներում եւ ստացված գումարները ծախսել անձնական կարիքների համար»,-ասված էր մեղադրական եզրակացության մեջ:

Հիշեցնեմ, որ Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դատակոչված ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը նիստերից մեկի ժամանակ հայտնեց, թե ինքն է հիմնադրել «Ֆինանսական շտապօգնություն» եւ 2009թ. «Մինի կրեդիտ» ՍՊ ընկերությունները, որոնց հիմնադիրներ են ձեւակերպվել Արտակ Ղուկասյանի մայրը՝ Ամալյա Բեգլարյանը եւ ընկերը՝ Զորիկ Թորոսյանը:

Ի դեպ, Արտակ Ղուկասյանը դատարանում տված ցուցմունքում հայտնել էր, թե ինչպես է հիմնել գրավատներ, որոնցից երկուսը՝ ձեւական գրել է ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանի անունով, քանի որ նա, ինչպես եւ մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ու իրենց ընկերների գումարներն էին իր ստեղծած տարադրամի փոխանակման կետերի եւ գրավատների միջոցով շրջանառության մեջ դնում:

«Վահրամը ոչ մի դեր չուներ: Բոլոր ՍՊ ընկերությունների տնօրենները ձեւական են եղել: Նա զբաղված էր իր պատգամավորական ընտրարշավով, Լիլիթ Մելքոնյանն է բոլոր թղթերը ներկայացրել: Ոչ մի առարկություն չի եղել: Անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել»,- ասել էր Արտակ Ղուկասյանը:

Արտակ Ղուկասյանը դեռ չի ավարտել իր ցուցմունքը: Նա տարիուկես է՝ գտնվում է անազատության մեջ, եւ ասաց, թե պատրաստ էր նրանց գումարները վերադարձնել, եթե աշխատեր: Նշվեցին անուններ, որոնց մեջ «Մառանիկ» ընկերության ներկայացուցիչն է, մշակույթի փոխնախարարը, ՊԵԿ-ի տասնյակ վարչության պետեր: Կան անուններ, որոնք քննիչի բարի կամքով չեն նշվել եւ Արտակ Ղուկասյանի տեղեկացմամբ, նրանց հետ առերեսումներ էլ չեն արվել: Ինչ վերաբերում է տուժողներին, պաշտպանն ասաց. «Չի բացառվում, որ այստեղ կան ֆինանսական հարցեր Արտակ Ղուկասյանի եւ տուժողների միջեւ, բնականաբար, դրանք իրենցից ներկայացնում են քաղաքացիաիրավական հարաբերություններ: Եթե կլինի տուժող, որը Արտակ Ղուկասյանի գործողությունների հետեւանքով կրել է ֆինանսական վնասներ, կարող է քաղհայցով դիմել դատարան»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
նկարները՝ հեղինակի

 

«Առավոտ» օրաթերթ
11.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031