Լրահոս
Օրվա լրահոսը

Կայսեր «անպարկեշտ» թոռնուհին, որ սիրավեպ ուներ Ռեմարկի ու Սենտ Էքզյուպերիի հետ

Մարտ 12,2016 12:00

Ալեքսանդր II կայսեր թոռնուհին՝ Նատալի Պալեյն ընտրեց մի մասնագիտություն, որի պատճառով նրա հարազատները կարմրում էին: Կայսերական տոհմի գեղեցկուհի շառավիղը դարձավ արեւմտյան պոդիումների ու կինոէկրանների աստղը: Նրան անվանում էին Փարիզի թագուհի, նա առաջին իշխանուհին էր պոդիումում, որի գեղեցկությամբ հիացած էին Անտուան դը Սենտ Էքզյուպերին, Ռեմարկն ու Կոկտոն: Նատալի Պալեյը ստիպված էր 1919-ից հետո այլ արիստոկրատների նման դեգերել արտասահմանում: Նրա՝ մանեքենուհի դառնալու որոշումը բոլորովին չխրախուսվեց մոր կողմից, բայց Ալեքսանդր II -ի թոռնուհին հստակ որոշում էր ընդունել՝ դառնալ մանեքենուհի, ապա կինոդերասանուհի: Երկու ոլորտներում էլ նա լուրջ հաջողություններ գրանցեց կարիերայում:

natali-3

Նատալյա Պավլովնա Պալեյը հզոր իշխան Պավել Ալեքսանդրովիչ Ռոմանովի դուստրն էր, Նիկոլայ II-ի զարմուհին: 1917թ. հեղափոխությունը ջնջեց կայսերական ընտանիքը. Նատալիի հորն ու եղբայրներին ձերբակալեցին, ապա հետագայում հարազատների մի մասին նետեցին հանքահորերը ու գնդակահարեցին: Գնդակահարեցին նաեւ սիրելի հորը: Մայրը երկու դուստրերի հետ հրաշքով փրկվեց ու բնակություն հաստատեց արտասահմանում: Հորից մնացած փողերը Ֆրանսիայում շատ արագ սպառվեցին, Նատալին ստիպված էր աշխատանք փնտրել: Եվ երբ նա մորը հայտնեց մոդել դառնալու մտադրության մասին, խեղճ կինը լաց եղավ, ասաց, որ իշխանուհին պոդիումի վրա՝ մեծագույն ամոթ է թագավորական տոհմի համար, բայց քանի որ այլ ելք չունեին, ստիպված տեղի տվեց:

Natali-1
Նատալի Պալեյին ծանոթացրին Կոկո Շանելի հետ, որը հիացած էր ռուս ազնվականներին բնորոշ շարժուձեւով ու նրբագեղությամբ: Շանելի խորհրդով Նատալիին աշխատանքի վերցրին ժամանակի ամենահայտնի մոդելային ընկերություններից մեկում՝ Լյուսյեն Լելոնգի ֆիրմայում: Հանրահայտ կուտյուրյեն չկարողացավ դիմադրել գեղեցկուհու հմայքին ու շատ կարճ ժամանակ անց նրան առաջարկեց իր սիրտն ու ձեռքը: Թեեւ հասարակ դերձակի ու կայսերական արյունով գեղեցկուհու ամուսնության մեջ շատերն անհամարժեքություն էին տեսնում, բայց զույգը երջանիկ էր, իսկ Լելոնգը հարուստ եւ հաջողակ իր բիզնեսում: Ժամանակի ընթացքում Նատալին դարձավ պահանջված մոդել, բարձրաշխարհիկ ֆրանսուհիները կրկնօրինակում էին նրա խոսելաձեւը, քայլվածքը, հագուստները, Նատալին հայտնի թեթերի ու ամսագրերի շապիկներին էր: Ամուսինը նրան նվիրեց շքեղագույն հագուստների մի ամբողջ հավաքածու եւ Նատալիի անունով օծանելիք պատվիրեց:

Նատալին սիրում էր լինել անվանի տղամարդկանց միջավայրում, տեսնել, թե ինչպես են հիանում իրենով ու համարում կանացի գեղեցկության մարմնացում: Նա մի քանիսի հետ սիրավեպ ուներ, դրանց թվում էր Ժան Կոկտոն, որից նույնիսկ հղիացավ: Ազատվելով «անօրինական» երեխայից՝ Նատալի Պալեյը այլեւս զրկվեց մայրանալու կարողությունից, իսկ Կոկտոն դրանից հետո սկսեց ատել բոլոր կանանց:

1930-ականներից Նատալին սկսեց նկարահանվել կինոյում, մի քանի տարի անց բաժանվեց ամուսնուց, իսկ 1937-ին Հոլիվուդում աշխատելու հրավեր ստացավ ու մեկնեց ԱՄՆ: Այստեղ նա երկրորդ անգամ ամուսնացավ՝ թատերական ռեժիսոր Ջոն Ուիլսոնի հետ: Նատալի Պալեյը մի քանի ներկայացումներով հանդես եկավ Բրոդվեյում, բայց համոզվեց, որ թատրոնում նույնքան հաջողակ չէ, ինչպես կինոյում կամ նորաձեւության ոլորտում: Երկրորդ ամուսնությունն էլ ընդհատվեց՝ ամուսինը հարբեցող էր:

Նատալին սիրավեպ ուներ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի հետ: Վերջինս Նատալիի մասին ասում էր՝ «Նա ճառագում է կաթի ու մեղրի լույսով»: Հաջորդ սիրավեպը Էրիխ Մարիա Ռեմարկի հետ էր, այն ձգվեց 11 տարի: Ռեմարկն էլ Նատալիի մասին ասել է. «Նա լույսի շող է տիկնիկների ու կապիկների մեջ»:

1960-ականներին Նատալի Պալեյի մոտ դեպրեսիա սկսվեց, դիմակայելու համար նա սկսեց ալկոհոլ օգտագործել, գիշերներն էլ մեծ չափաբաժնով քնաբեր ընդունել: Կյանքի վերջին 20 տարիներին նա դադարեց պատասխանել նամակներին ու զանգերին, ապրեց միայնակ, փակված՝ իր բնակարանում: 1981թ. Նատալի Պալեյն ընկավ ու կոտրվածքներ ստացավ, որոնց արդյունքում գամվեց անկողնուն: Երբեմնի գեղեցկուհին որոշեց ցավին ու միայնությանը մեկընդմիշտ վերջ դնել՝ մահացու չափաբաժնով քնաբեր օգտագործելով:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Ըստ kulturologia.ru-ի

 

«Առավոտ» օրաթերթ
11.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031