Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործում ներգրավել են պաշտպանի եւ վստահորդի հեռախոսային խոսակցությունների վերծանումները

Մարտ 11,2016 23:40

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյանների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին մասով, Արտակ Մանուչարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Գագիկ Ալավերդյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով: Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վերոհիշյալ բնակիչները մեղադրվում են 2015թ. հունվարի 17-ին նույն գյուղի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու մեջ: Վերջինս մարտի 11-ի նիստին ներկա չէր:

Նիստում Արտակ Մանուչարյանի պաշտպան Ավագ Լալայանը դատավոր Ռ. Մելքոնյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Նախկինում նման միջնորդությամբ հանդես էր եկել Հովհաննես Ղալթախչյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Ա. Լալայանը ինքնաբացարկի միջնորդության մեջ նշեց, որ նախաքննության մարմնի կողմից մինչդատական վարույթում թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, մասնավորապես՝ քրեական գործով վկաներ Հայկ Վարդապետյանը եւ Աշոտ Աբազյանը փաստացի հանդիսացել են կասկածյալներ, մինչդեռ նրանց բացատրվել են միայն վկայի իրավունքները, այն էլ՝ օրենքի էական խախտումներով,այնինչ նրանց պետք բացատրվեին կասկածյալների իրավունքները:

Վկա Հայկ Վարդապետյանը լինելով թերի կրթված՝ չի կարողանում կարդալ եւ գրել: Իսկ Աշոտ Աբազյանը վատ տեսողության պատճառով չի կարողանում կարդալ: Նշված անձինք քրեական գործի նախաքննության սկզբում հարցաքննվել են քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներով, նրանք եղել են միայնակ՝ առանց փաստաբանի, ներկա չի եղել նաեւ ընթերակա, նրանք չեն կարողացել կարդալ իրենց ցուցմունքները, դրանք ստորագրել են այն պատճառով, որ քննիչը քննչական բաժնի շենքում պահել է 8-9 ժամ, որի հետեւանքով նրանց ինքնազգացողությունը վատացել է: Դրանից հետո վկաները տեղեկացրել են, որ քննիչը իրենց ցուցմունքներում գրել է իրականությանը չհամապատասխանող հանգամանքներ: Պաշտպան Լալայանը հայտարարեց, որ մեղադրական եզրակացությունը կազմվել է քրեադատավարական օրենքի խախտումներով, մասնավորապես Արտակ՝ Մանուչարյանի ցուցմունքում ներառվել են իրականությանը չհամապատասխանող հանգամանքներ,որը նա չի հայտնել:

Պաշտպանը նշեց՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296 հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է , երբ մեղադրական եզրակացությունը չի բխում գործում առկա ապացույցներից, որ նման որոշում կայացնելու իրավունք դատարանն ունի միայն ներկա փուլում, դատաքննության ընթացքում դատարանը նման որոշում չի կարող կայացնել: Ա. Լալայանը հայտարարեց, որ վերոհիշյալ հանգամանքները կասկածի տակ են դնում դատավոր Մելքոնյանի անաչառությունը եւ միջնորդեց ինքնաբացարկի միջնորդություն կայացնել:Այդ միջնորդությանը միացավ  պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, ով դատարանի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ քրեական գործում առկա են փաստաբանական գաղտնիք պարունակող նյութեր՝ պաշտպանի եւ նրա վստահորդի հեռախոսային խոսակցությունների վերծանումներ,որոնք, ըստ օրենքի՝ դատարանում չեն կարող հետազոտվել:

Ռ. Մելքոնյանը հայտարարեց ընդմիջում: Խորհրդակցական սենյակից վերադառնալով ՝նա մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը: Դատավորը այդ որոշումը հիմնավորեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային մի որոշմամբ, ըստ որի արարքի որակման եւ առկա ապացույցների անհամապատասխանության հավաստումը ենթադրում է մինչեւ գործի ըստ էության լուծումը հանգուցային հարցերի վերաբերյալ դատարանի սուբյեկտիվ դիրքորոշման արտահայտում:

Մարտի 11-ի նիստին ներկա էր,որպես վկա ներգրավված էր Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանը: Նա մեզ հայտնեց, որ սկզբում իրեն եւ բազում այլ աչաջրեցիների քրեական գործում որպես մեղադրյալ էին ներգրավվել, նախաքննական մարմինը փորձում էր իրեն ներգրավվել որպես առեւանգման կազմակերպչի:

Սույն քրեական գործով հաջորդ նիստը նշանակվեց մարտի 22-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031