Լրահոս
Օրվա լրահոսը

«Էյր Արմենիա»-ի սեփականատերը «ասեղների» վրա է. սպասում է դատարանի վճռին

Մարտ 11,2016 22:40

Վաղը վերջնական կորոշվի «Էյր Արմենիա» ավիաընկերության շուկայում գործել-չգործելու հարցը: Այսօր ավիաընկերության առողջացման ծրագրի վերաբերյալ պարտապանների ժողովն էր, որի ընթացքում փակ քվեարկություն է տեղի ունեցել՝ կողմ կամ դեմ առողջացման ծրագրին:

Պարտապանների առաջին ժողովից հետո Aravot.am-ի հետ  զրույցում ավիաընկերության նախկին աշխատակիցները, որոնք եւս «Էյր Արմենիա»-ի պարտապաններն են, ասել էին, որ կողմ են ընկերության առողջացմանը, եւ ուզում են, որպեսզի այն աշխատի:

Aravot.am-ի հետ զրույցում ավիաընկերության 51% բաժնետեր Արսեն Ավետիսյանն ասաց. «Ասեղների վրա սպասում ենք, վաղը դատարանը վճիռը կկայացնի՝ առողջացման ծրագրի հաստատման կամ մերժման հետ կապված»:

Արսեն Ավետիսյանի ներկայացմամբ՝ կարծես թե պարտապանների 90%-ից ավելին կողմ է քվեարկել:

Մեր այն հարցին՝ ինչպիսի՞ն է խոշոր պարտապանների՝ բանկերի դիրքորոշումն առողջացման ծրագրի վերաբերյալ, Ավետիսյանն ասաց, որ HSBC բանկն ամենամեծ պարտատերն է, որն ամբողջ գույքը՝ Ավետիսյանի առանձնատունն ու ընկերության գրասենյակը, որպես գրավով ապահովված գույք վերցրել է. «Դրանով բավարարվում է ու դրական է վերաբերվում ծրագրին: «Ամերիա բանկ»-ին էլ 150 հազար դոլար ենք պարտք, իսկ «Կոնվերս բանկ»-ին՝ 50 հազար դոլար,  մեծ չեն պարտքերը,  հաշտության համաձայնագրով կփակենք դրանք: Մնացած պարտապանները դրական են վերաբերվում առողջացման ծրագրին»:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ նոր հայկական ավիաընկերություն է մուտք գործում շուկա, արդյոք «Արմենիա»-ն խոչընդոտ չի՞ լինի «Էյր Արմենիա»-ին, որի սեփականատերն ասել է, որ մի երկրում 2 ազգային ավիափոխադրող չի կարող լինել, Ավետիսյանն ասաց. «Միշտ էլ ինչ-որ մեկը հայտնվելու է, եթե այս մեկը չգա, մյուսը կգա, որովհետեւ շուկան «բաց երկնքի» քաղաքականությունն է, այն չի սահմանափակում ավիաընկերությունների քանակը: Այնպես որ, կլինի «Արմենիա»-ն,  թե՝ մեկ ուրիշը, մենք մրցակցությունից չենք վախենում: Մենք պատրաստ ենք աշխատել»:

Մեր այն դիտարկմանը, որ ամիսներ առաջ պարոն Ավետիսյանը կարծիք էր հայտնել, որ հենց «բաց երկնքի» քաղաքականությունը վնասեց «Էյր Արմենիային», ինչպես նաեւ ռուսական ընկերությունների աշխատանքն ու կիրառած դեմպինգը, «Էյր Արմենիա»-ի» ղեկավարն ասաց. «Մեր ներկայիս առողջացման ծրագիրը տարբերվում է նախորդից: Հիմա չեմ ուզում հրապարակել՝ թե ինչ ենք անելու, բայց ասեմ՝ «Արմենիա»-ն» հաստատ մեզ չի խանգարի»:

Ավետիսյանի վստահեցմամբ՝ խանգարողը ռուսական ավիաընկերություններն են, որոնք դաժան մրցակցություն են ստեղծում. «Ռուսականները բոլոր ուղղություններով թռչում են ու ցածր սակագներով, ի՞նչ տարբերություն, եւս մի հատ հայկական ընկերություն կթռչի՞, թե՝ երկու»:

Ինչ վերաբերում է ռուսական ավիաընկերությունների ստեղծած խոչընդոտներին, Ավետիսյանն ասաց. «Այո, հիմա էլ են խանգարելու ռուսական ավիաընկերությունները: «Էյր Արմենիա»-ն, երբ  ստեղծվում էր, պետք էր լինեին  3 հայկական ավիաընկերություններ, ուղղությունները պետք է բաշխեինք ու միասնական ճակատով պայքարեինք մրցակիցների հետ՝ հանդիպակաց ուղղություններով: 2013-ին «Էյր Արմենիա»-ի առաջին ուղեւորափոխադրման թռիչքի նույն օրը «բաց երկնքի» մասին  հայտարարվեց ու մենք ստիպված եղանք ծրագրերը փոխել, թե ինչպես հաջողվեց՝ գիտենք, շատ ենք խոսել: Հիմա մեր առողջացման ծրագիրը ներկայացրել ենք՝ հաշվի առնելով «բաց երկնքի» քաղաքականության պայմանները: Ու կլինի եւս մի քանի հայկական ավիաընկերություն, ինձ շատ չի մտահոգում: Պետք է լինի դատարանի վճիռը առողջացման ծրագրի մասին, որպեսզի իմ հետագա քայլերն անեմ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031