Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովը՝ Ավետիսյանների տուն գնալուց առաջ փորձել է ներխուժել այլ տներ եւս. Երվանդ Վարոսյանի պարզաբանումները (Տեսանյութ)

Մարտ 11,2016 22:15

Այսօր Վալերի Պերմյակովի դատավարության ժամանակ հայտնի դարձավ, որ Գյումրիում տեղակայված 102-րդ  ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը մերժել է հայկական կողմին Վալերի Պերմյակովի ծառայակից ընկերների ու նրա անմիջական ղեկավար, սպա Նիկիշինի տվյալներն ու գտնվելու վայրի մասին տեղեկություններ հատկացնելը, քանի որ նրանք այլեւս ռազմաբազայում չեն գտնվում: Ռուսական կողմը հայկական կողմին խորհուրդ է տվել նրանց անձնագրային տվյալները ճշտել Հայաստանի սահմանային անցակետերից: Փաստաբան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զորացրված այդ 7 վկաներին դատարան բերելու համար իրենք  համապատասխան միջնորդությամբ հանդես կգան, թե օրենքով սահմանված ինչ միջոցներ պետք է ձեռնարկի դատարանը նրանց ներկայությունն ապահովելու համար: Ըստ փաստաբանի, նրանք Պերմյակովի ծառայակից ընկերներն են, նրանց մեջ ամենակարեւոր վկան սպա Նիկիշինն է, որն անձամբ Չիտայից ընտրել ու Գյումրի է բերել Պերմյակովին: Բացի այդ, այդ նույն անձն է եղել  պահակակետի հրամանատարը ճիշտ այն օրը, երբ  Պերմյակովը դիմել է զինված փախուստի ու սպանել է Ավետիսյաններին:

Երվանդ Վարոսյանի ասելով, բուն ապացույցները, որոնք վերաբերում են Պերմյակովի՝ Ավետիսյանների սպանությանը ունեցած առնչությանը, դատարանը նոր է սկսում հետազոտել: Դրանք գրավոր փաստաթղթերն են, հիմնականում փորձագետների եզրակացություններ, որոնցով կհիմնավորվեն, որ Պերմյակովը ուղիղ առնչություն ունի եւ հենց ինքն է կատարել սպանությունը: Ըստ փաստաբանի, ապացույցների հետազոտման փուլից հետո նոր վկաներ ներգրավելու անհրաժեշտություն կլինի: «Դա հիմնականում կապված է մինչ օրս հարցաքննված ռուս սպաների կողմից տրված ցուցմունքների հետ, որոնցով նրանք հղումներ էին կատարում նաեւ հայ իրավապահների գործողությունների վրա, նկարագրում էին, թե ում հետ էին կապ պաշտպանել, ով ինչ միջոց է ձեռնարկել կամ չի ձեռնարկել: Ես կարծում եմ էական հանգամանքներ կլինեն պարզելու նաեւ նյութերի հրապարակման փուլից հետո, երբ մենք հանդես կգանք համապատասխան վկաներին ներգրավվելու միջնորդություններով»:

Մեր հացին, թե հարեւանները որպես վկա ներգրավվելո՞ւ են, թե՞ ոչ, բացառությամբ մեկ-երկուսի, որոնք արդեն ցուցմունք են տվել դատարանում, փաստաբանն ասաց, որ այդ հարցը իրենց վստահորդների հետ քննարկում են, թե էլ ում արժե բերել դատարան: Երվանդ Վարոսյանը չբացառեց, որ հարեւաններից լրացուցիչ մարդիկ հրավիրվեն ու հարցաքննվեն:

Երվանդ Վարոսյանը, վերլուծելով ռուսական սահմանապահ զորքերից հրավիրված վկաների ցուցմունքներն, ասաց. «Էական նորություններ պարզ դարձան, քրեական գործի համար կարծում եմ խիստ կարեւոր էր այն հանգամանքը, որ Ավետիսյանների տունը չի եղել այն առաջին տունը, որտեղ փորձել է մտնել Պերմյակովը: Այս հարցը, գիտեք, նախաքննության ողջ ընթացքում արծարծվում էր, ես դա շատ կարեւորում եմ, գրավոր փաստաթղթերի հրապարակման ընթացքում էլ կան արձանագրություններ քննչական փորձարարությունների իրականացման, որ մատնացույց է արվել հենց էն տները, որտեղ առաջինը փորձ է արել Պերմյակովը մուտք գործել, սակայն կողպեքները փակ են եղել, եւ նա չի կարողացել: Խիստ կարեւոր եմ համարում նաեւ այն հանգամանքը, որ պարզ դարձավ, որ ռուսական ռազմաբազայի եւ սահմանապահ ջոկատի զինվորները բավական տեւական ժամանակ որոնողական աշխատանքներ են կատարել առանց հայ իրավապահների մասնակցության, ոստիկանները հետո են միացել գործողություններին, ինչը, իհարկե, չպետք է լիներ: Բացի այդ, խիստ կարեւոր է պարզել, թե ձերբակալումից հետո ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել եւ հենց այս կապակցությամբ է , որ մենք նոր վկաներ ներգրավելու անհրաժեշտություն ենք ունենալու, հատկապես Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին, որովհետեւ ռուս սպաների հարցաքննությունից ստացվում է այնպես, որ  որեւէ մեկը չի էլ փորձել Պերմյակովին փոխանցելու պահանջ ներկայացնել: Եվ նրանք նկարագրում էին, թե հայ ոստիկանները միայն գնդապետ Մերզլիկինի աշխատասենյակում լուռ կանգնած են եղել, հետո էլ ուղեկցել են, որ Պերմյակովին տեղափոխեն 102-րդ ռազմաբազա: Այս կապակցությամբ կարծում եմ էական նշանակություն է ունենալու պարզել ի վերջո, թե ի՞նչ դերակատարում են ունեցել մեր ոստիկանության կամ այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչները»:

Փաստաբանն ասաց, որ նախաքննության ընթացքում ստուգվել ու հերքվել է այն վարկածը,  թե Պերմյակովին տաքսու վարորդը շաուրմա ու կոլա է տարել, հյուրասիրել: Հեռախոսազանգերի վերծանումից հետո պարզ է դարձել, որ Պերմյակովը ոչ մի հեռախոսազանգ էլ չի կատարել, ինքն էլ  է ընդունել , որ դա սուտ է: Փաստաբանն ասաց, որ չի ուզում ժամանակից առաջ ընկնել, շուտով կհասնենք Պերմյակովի ցուցմունքին. նա հույս հայտնեց, որ Պերմյակովը ինքը ցուցմունք  կտա ու կպարզաբանի, թե ինչու է ստել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031