Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Շաբոյանը «Մարաթուկի» քայլը չի մեկնաբանի, մինչեւ չստանա էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը

Մարտ 11,2016 20:07

«ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը»,-Aravot.am-ի հարցին պատասխանեցին ՏՄՊՊՀ-ից:

Հարցրել էինք, թե պարոն Շաբոյանն ինչպե՞ս է մեկնաբանում, որ «Մարաթուկ Հոլդինգ» ընկերության նախագահ Տիգրան Վարդանյանը դիմել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ, Էթիկայի հանձնաժողովն էլ «Մարաթուկի» դիմումի հիման վրա հարուցել է վարույթ:

ՏՄՊՊՀ-ից նաեւ ասացին, որ հանձնաժողովն իր ամբողջական պատասխանը, ինչպես  նաեւ դիտարկումները կհրապարակի էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո:

Hetq.am ինտերնետային կայքը տեղեկացրել էր, որ «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը դիմել է Էթիկայի հանձնաժողով` հայտնելով, որ  ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը 2015թ. հունիսի 20-ին Ծաղկաձորում հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, որ տուրիստական կազմակերպությունները փաթեթային էժան առաջարկներ են  գովազդում, իսկ երբ քաղաքացին այցելում է նրանց գրասենյակներ, ասում են, որ էժան փաթեթներն արդեն սպառվել են եւ «ստիպում» օգտվել թանկ փաթեթից:

Պարոն Շաբոյանը նաեւ նշել էր, որ բուկլետներում տեղադրում են գեղեցիկ վայրերի, քաղաքների լուսանկարներ  եւ միայն տեղ  հասնելուց է անձը, քաղաքացին պարզում, որ իրեն խաբել են եւ նման հնարավորություն  ինքը չի ունենալու:

Որպես օրինակ, ՏՄՊՊՀ ղեկավարը նշել էր «Մարաթուկ» ընկերությանը, ասելով, որ իրենց հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել, քանի որ այս ընկերությունը մոլորեցրել է քաղաքացիներին`բուկլետներում ներառելով իբր Կրետե կղզու լուսանկարը, որն իրականությանը չի համապատասխանել:

«Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը Էթիկայի հանձնաժողովին իր դիմումը հիմնավորել է, որ պետական մարմինները եւ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են հարգել առեւտրային իրավաբանական անձանց գործարար համբավը եւ վարչաիրավական հարաբերություններում «անմեղության կանխավարկածի» սկզբունքը: Ըստ Տիգրան Վարդանյանի, քանի դեռ չկա ուժի մեջ մտած անբողոքարկելի վարչական ակտ, ուստի այդ պայմաններում «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ին իրավախախտ ներկայացնելու Արտակ Շաբոյանի հրապարակային հայտարարությունը նսեմացնում է կոլեգիալ մարմնի դերը, ինչպիսին ՏՄՊՊՀ-ն է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031