Մարտի 11-ին Հայաստանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի 2016թ.-ի առաջին արտագնա նիստը: Այցի շրջանակներում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անդամների պատվիրակությունը հյուրընկալվեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Պատվիրակությունը գլխավորում էին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ինչպես նաև՝ Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Սերբիայի ԱԺ փոխնախագահները:
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հյուրերին ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության ընդհանուր գործունեությունն ու նախարարության կազմում ներառված ստորաբաժանումների աշխատանքը: Նախարար Երիցյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: ՃԿԱԿ պետ գնդապետ Հ. Խանգելդյանը մանրամասն ներկայացրեց կենտրոնի գործառույթները, տեխնիկական հագեցվածությունն ու 911 ծառայության աշխատանքը: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինին հատկապես հետաքրքրեց այն փաստը, որ ՃԿԱԿ-ում աշխատում են հաշմանդամություն ունեցող և սայլակների միջոցով տեղաշարժվող շուրջ 30 աշխատակիցներ: Ս. Նարիշկինը զրուցեց վերջիններիս հետ իրենց առօրյա աշխատանքային գործունեության մասին:
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին նախարար Երիցյանին ջերմ ընդունելության և հետաքրքիր ու բովանդակալից շրջայցի համար:
ՀՀ ԱԻՆ