Բանաստեղծ Համո Սահյանի որդին` Նաիրի Սահյանը վաճառքի էր դրել հոր արխիվը` նրա տուն-թանգարանը հիմնելու ծախսերը հոգալու նպատակով: Այժմ նա հետ է կանգնել որոշումից: Այդ մասին այսօր ԵՊԼՀ-ում Սարյանին նվիրված գրական ցերեկույթի ժամանակ Aravot.am-ին հայտնեց Նաիրի Սահյանը:
«Խոսեցի մշակույթի նախարարի հետ. ասաց, որ նախագահից հրահանգ է ստացել, որ Սահյանի հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեն: Հիմա ամեն ինչ ընթացքի մեջ է, այդ պատճառով հրաժարվել եմ արխիվը վաճառելուց»,-ասաց Նաիրի Սահյանը:
Նրա փոխանցմամբ` ապրիլի վերջին նախատեսվում է Սիսիանի շրջանի Լոր գյուղում բացել Համո Սահյանի տուն-թանգարանը, իսկ Կասյան փողոցում գտնվող հուշաքարը վերականգնվում է, այն պատրաստ կլինի մոտ մեկ շաբաթից:
Նաեւ նախատեսվում է Երեւանում տեղադրել Սահյանի հուշարձանը: «Թանգարանում է գտնվում հայրիկիս գրասեղանը, գրապահարանները, ձեռագրերը, ժամացույցները, գրքերը: Տրամադրել եմ շատ լուսանկարներ, մի մասն էլ նախարարությունն է ձեռք բերել, դրանք եւս կցուցադրվեն»,-հայտնեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նշենք, որ Համո Սահյանի արխիվը ներառում է Գուրգեն Մահարու, Ստեփան Զորյանի, Պարույր Սեւակի` Սահյանին ուղղված նամակները, բանաստեղծի նամակները, անտիպ ձեռագրերն ու ստեղծագործությունները: Ինչ վերաբերում է դրանք հրատարակելուն, Նաիրի Սահյանի խոսքով` «դա գրականագետների գործն է»:
Հիշեցնենք` ավելի վաղ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեկնաբանել էր Սահյանի արխիվի վաճառքի որոշումը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ