Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովի դատավարության ժամանակ հրապարակվեցին Ավետիսյանների տան սահմռկեցուցիչ լուսանկարները (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մարտ 11,2016 17:24

Այսօր Գյումրու 102-րդ ռազմաբազայում շարունակվեց Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Ռուս սահմանապահ զորքերից հարցաքննվեց վերջին վկան, որն, ըստ էության, ոչինչ չուներ ասելու գործի էական հանգամանքների շուրջ:

Վերջինս Ռոմիկ Խաչատրյանն էր՝ 20/11 սահմանապահ ջոկատի վարորդը, որը ուղեկալի մոտ գտնվող պոմպակայան է հասցրել զոդողին: Բանն այն է, որ դեպքից հետո Բայանդուրի ուղեկալի մոտակայքում գտնվող պոմպակայանի տարածքի կամրջի պարիսպները պոկված են եղել, զոդողն է այն ամրացրել, դատարանին հետաքրքրում էր, թե Պերմյակովի մարմինը կարո՞ղ էր տեղավորվել այդ պարիսպներից ներս: Վկայից ստանալով բացասական պատասխան՝ դատարանն անցավ փաստաթղթերի հրապարակմանը:

Դատավոր Հարություն Մովսիսյանը, այնուհետ դատախազը մի քանի ժամ շարունակ սկսեցին ընթերցել փաստաթղթերը, որտեղ մանրամասնորեն շարադրված էին այս գործին վերաբերող փաստերը, ընդհուպ մինչեւ Ավետիսյանների ընտանիքի անդամների կրած հագուստները, նրանց դռան դիրքը, գույնը, ոստիկանություն ստացած հեռախոսազանգերը:

Ավելի ուշ դատարանը հրապարակեց դեպքի վայրից՝ Ավետիսյանների տնից արված լուսանկարները՝ ընտանիքի անդամների մարմինների վրայի հրազենային վնասվածքները, տան կրակած պատերը…

Permyakovi_dat_4 Permyakovi_dat_3 Permyakovi_dat_2 Permyakovi_dat_5

Նշենք, որ Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները միջնորդել էին որպես վկա հարցաքննել Վալերի Պերմյակովի ծառայակից ընկերներին ու նրա անմիջական ղեկավար, սպա Նիկիշինին, որը դեպքի օրը ոչ միայն պահակակետի հերթապահն էր ու Պերմյակովի գործողությունների անմիջական պատասխանատուն, այլ հենց նա էր Չիտայից ընտրել ու Հայաստան բերել հոգեկան խնդիրներ ունեցող ու զենք կրելու իրավունք չունեցող Պերմյակովին: Սակայն Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարությունը հրաժարվել է ապահովել նրանց ներկայությունը՝ նշելով, որ վերջիններս այլեւս իրենց աշխատակիցները չեն, նրանց անձնագրային տվյալները կան Հայաստանի սահմանային անցակետերում: Այլ կերպ ասած, նրանք հայկական կողմին առաջարկել են ինքնուրույն ապահովել նրանց ներկայությունը: Նշենք, որ նրանցից ընդամենը մեկը՝ Նիկիշինն է սպա, մյուս վեցը շարքայիններ են: Փաստաբանները կքննարկեն, թե ի՞նչ կարգով, ի՞նչ միջնորդությամբ ապահովեն այս վկաների ներկայությունը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Այդ վկաները ամենակարեւոր վկաներն են, քանի որ ծառայակից ընկերներ են, նրանց ցուցմունքներով հնարավոր է պարզել, թե ընդհանրապես ինչպիսի վարք է դրսեւորել Պերմյակովը ծառայության ընթացքում Հայաստանի Հանրապետությունում: Բացի դա, ամենակարեւոր վկաներից մեկը, ըստ էության, Նիկիշինն է, որը կատարել է ընտրություն ու Պերմյակովին Հայաստանի Հանրապետություն է տեղափոխել: Եվ, երբ որ դատավարություն էր ռուսական կողմում ընթանում, մենք լսեցինք Նիկիշինին, որն ասում էր, թե ինքը լավ զինվորներին է ընտրել, հատուկ ընտրություն է կատարել եւ էդ հատուկ ընտրության արդյունքը Պերմյակովն է, որին մենք էստեղ տեսնում ենք, որի վարքի մասին քրեական գործի նյութերում տեսնում ենք, որ տարօրինակ վարք է դրսեւորել եւ որ առողջական լուրջ խնդիրներ ունի, նրան արգելված է եղել զենք կրելը, այդուհանդերձ, չգիտես ինչու, նրան զենք է տրամադրվել: Եվ այս հարցերի պատասխանները մենք պետք է ստանանք հենց նույն Նիկիշինից նաեւ, թե ինչպե՞ս է ստացվել, որ հենց նա է ընտրվել, բերվել այստեղ եւ ինչպե՞ս է նրա ձեռքին հայտնվել, որի արդյունքում մենք տեսնում ենք, թե ինչպիսի ողբերգություն է տեղի ունեցել:

Ընդ որում՝ այդ անձանց մեջ կան անձինք, որոնք իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ իրենց գործողությունների արդյունքում է, որ ի վերջո տեղի է ունեցել այս հանցագործությունը: Եվ պատահական չէ, որ դատավարության ընթացքում մենք դատարանին միջնորդեցինք ռուսական կողմից ստանալ՝ արդյոք քրեական գործեր առանձին հարուցվել են հենց այն անձանց նկատմամբ, որոնց գործողությունների արդյունքում Պերմյակովի մոտ զենք է հայտնվել ու զորակոչվել է»:

12071771_843451969098214_54574869_n 10602718_1029789200391691_462642320_n 12084191_843451975764880_1204179763_n 12822059_843451965764881_1039732854_n 12833468_843451972431547_177710813_n 12834764_843451979098213_1731695473_n

Լուսինե Սահակյանը գտնում է, որ ռուսական կողմը ինքը պիտի գիտակցի, որ պիտի ապահովի վկաներին, հատկապես, երբ շեշտում են հայ-ռուսական հարաբերություններն ու բարեկամական երկիր լինելը: Ըստ փաստաբանի, եթե թաքցնելու ոչինչ չունեն, նրանք պետք է ապահովեն վկաներին, այլապես ակնհայտ է, որ ուզում են թաքցնել նրանց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031