Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյան. Լրացուցիչ մեխանիզմներ, որպեսզի Կենտրոնը չկորցնի իր պատմական նկարագիրը

Մարտ 11,2016 18:35

Ազգային ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 11-ին նիստ էր գումարել: Նիստի օրակարգում էր նաեւ «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ասաց, որ Երեւանի Կենտրոնի նկատմամբ հանրային հետաքրքրությունը եւ պահանջները շատ մեծ են: Նա ընդգծեց, որ օրենքի նախագծի մշակմանը մասնակցել են բազմաթիվ կազմակերպություններ. «Այն կարգերը եւ այն գործիքները, որոնք առ այսօր գոյություն ունեն թույլ չեն տալիս այս բնագավառում արդյունավետ եւ լիարժեք իրականացնել կանոնակարգում: Մենք առաջնորդվում ենք քաղաքի գլխավոր հատակագծով, քաղաքի գլխավոր հատակագծերը եւ գոտեւորման նախագծերը լիարժեք պատասխան չեն տալիս բազմաթիվ մտահոգությունների եւ հարցերի: Այստեղ առաջին անգամ փորձ է արվում այնպիսի մի օրենք ներկայացնել, որի հաջողության պարագայում, իհարկե՛, վստահ եմ, որ նման օրենքներ հետագայում ունենան մեր այլ քաղաքները»:

Picture-005

Նարեկ Սարգսյանը համարում է, որ այս օրենքը բոլոր հարցերին եւ մտահոգություններին պատասխան է տալիս. «Առաջին անգամ այստեղ մենք մշակում ենք նոր տիպի Կենտրոնի գոտեւորման նախագիծ, որը պետք է  շատ մանրամասն բոլոր հարցերին պատասխանի: Մինչեւ Կենտրոնի գոտեւորման նախագծի մշակումը, մշակվում է Կենտրոնի զարգացման ռազմավարությունը, որը հաստատում է կառավարությունը եւ այստեղ այս օրենքում ամրագրվում է հստակ կառուցապատման խտությունները»:

Քաղաքաշինության նախարարի խոսքերով՝ օրենքը նոր գաղափար է ներառում՝ ապահովագրական ինստիտուտի կիրառումը. «Ապահովագրության ինստիտուտը շինարարության մասով ներդրվելու է այստեղ: Եվ նույնիսկ ապահովագրությունը վերաբերվելու է շինարարության ժամկետների երկարացմանը: Այսինքն՝ եթե նրանք շինարարությունը ժամկետներում չեն կատարում, ապա ապահովագրական ընկերությունը պարտադիր պետք է դա հաշվի առնի»:

Ըստ Նարեկ Սարգսյանի, նախագծի հիմնական նպատակը գերուրբանիզացիոն միտումների փոփոխությունն է, նախագծում նաեւ կանաչապատ տարածքների նկատմամբ վերաբերմունքը, էներգոխնայության մեխանիզմներն են ամրագրված. «Ցանկացած քաղաքացի, կառուցապատող պետք է տանը նստած համակարգչով տեսնի գոտեւորման նախագիծը եւ իմանա՝ ինչ է այստեղ թույլատրվում, ինչ չի թույլատրվում: Եվ ինքն իր ապագա մոտեցումները ձեւավորի եւ հանկարծակի չգա, որ վաղը այստեղ մի կառույց  է անում, վաղը չէ մյուս օրը մեկ այլ կառույց է հայտնվում: Սրանք լրացուցիչ գործիքներ, լրացուցիչ մեխանիզմներ են, որպեսզի վերջին 100-150 տարիներին ձեւավորված Կենտրոնը ունենա իր ուրույն դեմքը եւ չկորցնի իր պատմական նկարագիրը: Այսինքն՝ հատուկ ուշադրության եւ հատուկ պահպանության խնդիր կա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031